ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել մոլդովացի օլիգարխի դեմ
Կիսվել
Կիսվել
ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է կիրառել մոլդովացի օլիգարխ Վլադ Պլախոտնյուկի դեմ։ Նրան ամերիկյան վիզա չի տրամադրվի կոռուպցիայի և Մոլդովայում ժողովրդավարական ինստիտուտների խաթարման մեջ նրա ներգրավվածության պատճառով։
«Տվյալ որոշումն ակնհայտորեն ցուցադրում է, որ Միացյալ Նահանգները կոռուպցիա չեն հանդուրժում և սատարում Մոլդովայի ժողովրդին դրա դեմ պայքարում։ Պետդեպը շարունակելու է նման միջոցներ կիրառել այդ տարածաշրջանում և ողջ աշխարհում կոռուպցիոներներին պատասխանատվության ենթարկելը խթանելու համար», — այդ առիթով Թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
Vladimir Plahotniuc's corrupt actions undermined the rule of law and severely compromised the independence of democratic institutions in #Moldova. Today, I publicly designate him. The U.S. stands with Moldova in its fight against corruption.
Ինչպես հաղորդում է մոլդովական ZGD պարբերականը, Պլախոտնյուկից բացի պատժամիջոցների տակ են հայտնվել նաև նրա կինն՝ Օկսանա Կիլդեսկուն, չափահաս որդին՝ Տիմոֆեյ Պլախոտնյուկն, ու անչափահաս երեխան։
Վլադ Պլախոտնյուկ։ REUTERS/Valentyn Ogirenko
Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Վլադ Պլախոտնյուկը փաստացի վերահսկում էր իշխանության բոլոր մարմիններն ու ոչ ֆորմալ կերպով ղեկավարում Մոլդովան մինչև 2019-ի հունիսը, երբ խորհրդարանը քվեարկեց նոր կառավարության օգտին՝ պաշտոնանկ անելով Դեմոկրատական կուսակցության կառավարությունը։ Պլախոտնյուկը լքեց երկիրը, նրա գտնվելու վայրն այս պահի դրությամբ հայտնի չէ։
2019 թ-ի հոկտեմբերին Մոլդովայի դատարանը նրա կալանքի օրդեր էր դուրս գրել առանձնապես խոշոր չափի գումարի լվացման մեղադրանքով։
Ինչպես հաղորդում է ZGD-ն, երկիրը լքած օլիգարխն ապարդյուն փորձում էր ապաստան ստանալ Ուկրաինայում և ԱՄՆ-ում։