Ծանր փոխզիջումների կոչն ուղղված է Ադրբեջանի՞ն, թե՞ նաև ՀՀ-ին․ կարծիքներ Երևանից
ԱՄՆ-ի հայտարարությունը ծանր փոխզիջումների մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր է, բայց այն կողմերից պահանջում է «որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ»։ Այս մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ու ընդգծել՝ Վաշինգտոնը չի հանգստանա մինչև համաձայնություն չլինի։
Իշխող թիմն այս հայտարարությանը չի արձագանքել։ Խորհրդարանական ընդդիմությունը կարծում է՝ զիջումներ ասելով Միլլերը կարող էր նկատի ունենալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որի բացման անհրաժեշտության մասին օրեր առաջ խոսել էր նաև Թուրքիայի նախագահը։
Փորձագիտական շրջանակները չեն բացառում, որ խոսք կարող է գնալ Հայաստանում Սահմանադրության փոփոխության մասին։ Քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը, սակայն, հավաստիացնում է՝ տեղեկություններ ունի, որ կողմերին ուղղված կոչն իրականում Ադրբեջանին է հասցեագրված։
Երևանն ու Բաքուն «անհավանական առաջընթաց» են գրանցել
Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի գնահատմամբ՝ Երևանն ու Բաքուն «երկար ճանապարհ են անցել ու անհավանական առաջընթաց գրանցել»։ Ըստ նրա` առաջընթաց է գրանցվել նաև վաշինգտոնյան վերջին հանդիպման ժամանակ։ Մանրամասներ, սակայն, չի հայտնել։
«Խաղաղության համաձայնագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկու երկրների և տարածաշրջանի համար՝ բերելով խաղաղություն, կայունություն, տարածաշրջանին՝ անվտանգություն»,- ասել է նա։
Պետդեպարտամենտի խոսնակն ասել է, որ Վաշինգտոնը կշարունակի կողմերին մղել դեպի վերջնական համաձայնության հաստատում և տարաձայնությունների հարթում։
ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները վերջին անգամ հանդիպել են հուլիսի 10-ին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ ընթացած հանդիպումից հետո պաշտոնական Երևանը սուղ տեղեկություններ հրապարակեց։
«Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները»,- ասված է Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է՝ «շատ վատ և տարօրինակ» հայտարարություն է արվել Նահանգների անունից․
«Ի՞նչ է նշանակում փոխզիջում, ՀՀ-ին ուղղակի մտցրե՞լ են այդ տիրույթ, խնայո՞ւմ են, չեն ուզո՞ւմ միայն Ադրբեջանին ուղղված լինի հանդիմանանքը, թե՞ իսկապես կա մի բան, որ պետք է փոխզիջենք, ընտրություն կատարենք»։
Սաֆարյանի խոսքով՝ հայկական կողմն այլևս զիջումներ չունի անելու։ Շեշտում է՝ կարիք կա, որ ԱՄՆ-ն բացի փակագծերը, պարզաբանի՝ ինչ նկատի ունի «ծանր փոխզիջում» ասելով։ Դա, ըստ նրա, թույլ կտա, որ հայ հասարակությունը հասկանա՝ ինչ ընտրություն պետք է կատարի։
Հիշեցնում է՝ ոչ թե Երևանը, այլ Բաքուն է պարբերաբար պատճառներ բերում համաձայնեցված սկզբունքները թղթին չհանձնելու և պայմանագիր չստորագրելու համար։ Օրինակ է բերում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը։ Նաև հավելում է՝ Ադրբեջանը այլ պահանջներ էլ ունի, որոնք օրակարգում են, պարզապես ժամանակ առ ժամանակ փոխում է իր առաջնահերթությունները։ Պատահական չի համարում այն, որ Թուրքիայի նախագահը Բլինքեն-Միրզոյան-Բայրամով վերջին հանդիպումից հետո խոսել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորության մասին։
Անդրադառնալով երկրի Սահմանադրության փոփոխությանը՝ շեշտել է՝ դա ՀՀ ներքին գործն է, չպետք է քննարկման առարկա դառնա ոչ Վաշինգտոնում ոչ էլ որևէ այլ տեղ։
«Մինչև հիմա մեզ որևէ կառույց,այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովը, որևէ մեկը չի ասել, որ մեր Սահմանադրությունը միջազգային խաղի կանոնների առումով խնդիրներ ունի, ձեռնոց է նետում»,- պարզաբանել է նա։
Սաֆարյանի խոսքով՝ որևէ հանրաքվեով Հայաստանը չի կարող պատմությունից ջնջել այն փաստը, որ եղել է Անկախության հռչակագիր․
«Ով է ասել, որ հղումն այդ հռչակագրին վերաբերում է նրան, որ Արցախը Հայաստանի մաս է։ Այդ հղումը վերաբերվում է նրան, որ հայ ժողովուրդը հասել է իր պատմական իղձին՝ պետականություն ունենալուն»։
Ադրբեջանի նախագահը, արտգործնախարարն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ նշում են, թե խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է, որպեսզի փոփոխության ենթարկվի Հայաստանի Սահմանադրությունը։
Բաքուն խնդրահարույց է համարում այն, որ երկրի մայր օրենքը հղում է անում Անկախության հռչակագրին, որում էլ խոսվում է ՀՀ և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։ Հայկական կողմը Սահմանադրության փոփոխությունը համարում է երկրի ներքին գործը և կարծում է, որ այն պետք չէ փոխկապակցել խաղաղության գործընթացին։
Միաժամանակ Սաֆարյանը առաջ է քաշում հակառակ թեզը՝ Ադրբեջանի Սահմանադրությունն ու օրենքներն են հակասության մեջ միջազգային խաղի կանոնների հետ, դրանցում ձևակերպված են «Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ»։
Արդյո՞ք Արևմուտքը պահանջում է միաժամանակ փոփոխել ՀՀ և Ադրբեջանի օրենսդրությունը։ Այդ հարցի պատասխանը փորձագետը չունի։
Ասում է՝ եթե կնքվի խաղաղության համաձայնագիր, այն լինելու է միջազգային փաստաթուղթ, ունենալու է գերակա ուժ, ուստի Սահմանադրության փոփոխության հարցը պետք չէ կապել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հետ։
Քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանն ասում է՝ Միլլերի հայտարարությունը մտահոգիչ էր համարում մինչև այն պահը, երբ տեղեկություն ստացավ, որ կոչն ուղղված է ոչ թե ՀՀ-ին, այլ Ադրբեջանին։
Վստահ է՝ ԱՄՆ գործընկերները հասկանում են՝ Հայաստանն արդեն իսկ արել է «բոլոր հնարավոր և անհնարին զիջումները»․
«Իրականում հիմնական պահանջներն Ադրբեջանին են ուղղված։ Չեն ուզում, որ բացահայտվի, որ մի կողմն է, որ ապակառուցողական է, և կարիք կա, որ զիջումներ անի վերջապես, որովհետև դա կնշանակի բանակցային գործընթացի որոշակի էլեմենտների բացահայտում, ինչն այս պահին նախատեսված չէ»։
Խուրշուդյանը չի կարծում, թե վաշինգտոնյան եռակողմ բանակցություններն ապարդյուն են անցել։ Ասում է՝ արդյունքների մասին չի հայտարարվում, քանի որ գործում է հետևյալ սկզբունքը՝ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ։ Կարևորում է այն հանգամանքը, որ Միլլերը գործածում է հենց խաղաղության պայմանագիր ձևւակերպումը, ոչ թե օրինակ՝ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից շրջանառվող «շրջանակային փաստաթուղթ» ասվածը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԱՄՆ-ի հայտարարությունը ծանր փոխզիջումների մասին