Ամերիաբանկը կվաճառվի․ ի՞նչ ընկերություն է գալիս ՀՀ՝ վրացակա՞ն, թե՞ բրիտանական
Ամերիաբանկի վաճառքը
Վրացական Bank of Georgia-ն հայտարարել է, որ 303 միլիոն դոլարով գնում է Հայաստանում գործող խոշոր բանկերից մեկի՝ Ամերիաբանկի հիմնական բաժնեմասը: Ամերիաբանկի բաժնետեր է նաև գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը ներկա պահին գտնվում է ադրբեջանական բանտում։
«Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի բանկի հնարավոր վաճառքի հետ»,- շրջանառվող լուրերն այսպես է մեկնաբանել Մեսրոպ Առաքելյանը, որը նախկինում հանդիսանում էր Վարդանյանի խորհրդականը։
Հայտարարությունն արվել է այն կապակցութհամբ, որ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է ադրբեջանական բանտում հայտնված հայ միլիարդատիրոջ վրա ճնշում գործադրելու վարկածը։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ առանցքային հարցերից մեկն այն է, թե այս ամենի տակ կա՞ արդյոք մեծ քաղաքականություն: Շեշտում է՝ «մեծ փողերը երբեք չեն լինում մեծ քաղաքականությունից զատ»։
Գործարքի մասին հայտնի բոլոր մանրամասները, փորձագիտական կարծիք
Բանկի հիմնական բաժնետեր կդառնա ՄԹ-ում գրանցված ընկերություն
Bank of Georgia Group-ը Միացյալ Թագավորությունում (ՄԹ) գրանցված միջազգային ֆինանսական ընկերություն է, որի բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայի հիմնական շուկայի պրեմիում հարթակում: Բաժնետերերի ցանկում են աշխարհի խոշորագույն ֆինանսական ընկերություններից JP Morgan-ը, BlackRock-ը, Vanguard Group-ը, Schroders-ը, Norges Bank Investment Management-ը և այլն:
ՄԹ գործող ընթացակարգի համաձայն՝ ՄԹ Ֆինանսական ծառայությունների վերահսկող մարմինը (Financial Conduct Authority, FCA) հաստատել է ֆինանսական գործարքի շրջաբերականը․
«Որպես հաջորդ քայլ` գործարքը պետք է հաստատվի կողմերի ընդհանուր բաժնետերերի ժողովների, ինչպես նաև հավանության արժանանա կարգավորող մարմինների՝ ներառյալ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից»։
Հաղորդվում է, որ Bank of Georgia Group-ը նախաձեռնելու է նաև վերաբրենդավորման և վերանվանման գործընթաց։ Ամերիաբանկի բնորոշմամբ՝ բանկը հնարավոր գործարքը դիտարկում է որպես «իր երկարաժամկետ զարգացման ուղիներից մեկը»։
«Գործընթացի բարեհաջող ավարտից հետո Ամերիաբանկը կդառնա միջազգային շուկայում ցուցակված ֆինանսական խմբի անդամ և կստանա հասանելիություն համաշխարհային ֆինանսական շուկաներին՝ կապիտալի ներգրավման ու ներդրումների համար»,- վստահեցրել է ֆինանսական կառույցը։
Ըստ աղբյուրի՝ բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով պահպանելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։
«Ռուբեն Վարդանյանը վաղուց չի զբաղվել բանկի կառավարմամբ»
Ֆեյսբուքյան գրառմամբ այդ մասին հայտնել է Վարդանյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։ Տեղեկացրել է, որ գործարարը դուրս է եկել նաև բանկի խորհրդի կազմից։
«Ռուբեն Վարդանյանը անձամբ չի հանդիսանում Ամերիաբանկի բաժնետեր։ Վարդանյանի 48,8 % բաժնեմասը կառավարման է հանձնված «Իմաստ գրուպ» ընկերությանը»,- նշել է նա։
Առաքելյանի փոխանցմամբ՝ ոչ մի բաժնետեր իրավասու չէ նման հարցերի շուրջ միայնակ որոշում կայացնել: Նկատել է՝ բանկի հնարավոր վաճառքի շուրջ քննարկումները նոր չեն, սկսվել են դեռևս 2022 թ․-ին։
«Բանկի վաճառքի հնարավոր գործարքը պետք է ստանա Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հաստատումը»,- հայտարարել է նա։
Փորձագիտական կարծիք
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ Ամերիաբանկի վաճառքի գործարքը հայաստանյան հանրության շրջանում էական ուշադրոության է արժանացել երկու հանգամանքի պատճառով: Դրանք են՝
- բանկի բաժնետեր է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը,
- Bank of Georgia-ի առնչությամբ թուրք բաժնետերերի կասկածներ կան։
«Այստեղ կասկածի «հիմքն» այն էր, որ Վրաստանում ընդհանրապես բավականին մեծ է թուրքական և ադրբեջանական տնտեսական ներկայությունը: Սակայն գոնե առայժմ չկան այդօրինակ կասկածներ հիմնավորող փաստական տվյալներ»,- գրել է նա 1in.am-ում հրապարակված իր հոդվածում։
Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ գործարքն ունի առավել խոշոր նշանակություն, քան կարող է թվալ առաջին հայացքից։
«Նույնիսկ հարց է առաջանում, թե արդյո՞ք գործ ունենք զգալիոորեն բրիտանական խոշոր կապիտալի հետ, որը Հայաստանում փաստացի «փոխատեղվում» է, իհարկե՝ պայմանական իմաստով»,- ընդգծել է Բադալյանն ու հիշեցրել, որ ավելի վաղ ՀՀ-ից հեռանալու որոշման մասին հայտարարել էր բրիտանական խոշորագույն բանկերից մեկը՝ HSBC-ն։
Ըստ նրա՝ ստացվում է, որ Հայաստանից հեռանում է մեկ բրիտանական բանկ, բայց շուկա է մուտք գործում բրիտանական գրանցում ունեցող և ֆինանսական խոշոր հոլդինգի մաս կազմող Bank of Georgia-ն։
Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հայ-վրացական խոշոր մասնավոր գործարքի մասին հայտարարվեց Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործակցության հռչակագրի ստորագրումից հետո։
«Անշուշտ, չկա որևէ հանգամանք, որը մատնացույց կարող է անել, թե միջբանկային մասնավոր գործարքը որևէ կերպ կապված է եղել միջպետական ռազմավարական գործակցության հռչակագրի հետ: Պարզապես ուշագրավ ու խորհրդանշական է ֆոնը»,- ամփոփել է Հակոբ Բադալյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ամերիաբանկի վաճառքը