«Ամենաշատը վախն է տպավորվել»․ Ադրբեջանում հիշում են պատերազմի տարելիցը
«Հետագծեր» նախագիծն առաջարկել է Արցախյան հակամարտության երկու կողմի մադկանց պատմել, թե ինչպես է նրանց համար սկսվել 2020 թ-ի սեպտեմբերի 27-ի կիրակին, երբ մեկնարկել է Արցախյան երկրորդ պատերազմը։
Այս երեք պատմություններն Ադրբեջանից են։ «Հետագծերում» կան նաև հայկական կողմի բնակիչների պատմությունները։
Արցախում 2020 թ․-ի պատերազմը, որն Ադրբեջանում կոչում են Ղարաբաղյան երկրորդ պատերազմ, երկրի բնակիչներից շատերի համար շատ անսպասելի էր։ Ավելի շուտ, ոչ թե հենց ռազմական գործողությունները, այլ դրանց մասշտաբներն ու տևողությունը։
Ի՞նչ են հիշում սովորական խաղաղ մարդիկ պատերազմի առաջին օրվա մասին։ Հաճախ նրանք պատմում են շփոթվածության և վախի մասին։
Էլմիրա Ռասուլովա, թոշակառու․
«Տարօրինակ է, որ ամենայն մանրամասնությամբ հիշում եմ այն օրը, երբ ռադիոյով հաղորդեցին Ստալինի մահվան մասին, թեև տակավին երեխա էի, և անցել է արդեն ավելի քան վաթսուն տարի։ Իսկ այն մասին, թե ինչ էր կատարվում ընդամենը մեկ տարի առաջ, հիշողություններս կցկտուր են։
Հիշում եմ, թե ինչպես էի 2020 թ․ սեպտեմբերի 27-ին պատրաստվում նոր վարագույր գնել, որը տեսել էի խանութում։ Բայց երբ առավոտյան հայտարարեցին, որ պատերազմ է սկսվել, էլ դրա ժամանակը չէր։
Մեր բակում, որը շրջապատված է ինը հարկանի շենքերով, մշտապես հարևաններ են հավաքվում, և այդ առավոտ նրանց շրջանում, իհարկե, լիակատար շփոթմունք և խուճապ էր։ Հատկապես վախեցել էին նրանք, ովքեր զորակոչային տարիքի տղաներ ունեն։ Իսկ ես, մի կողմից, ուրախանում էի, որ միայն աղջիկ ունեմ, նա էլ ուրիշ երկրում է ապրում։ Մյուս կողմից՝ վախենում էի այն մտքից, որ կարող եմ նրան այլևս չտեսնել․ ինչ ասես՝ կարող է տեղի ունենալ, այդ կորոնավիրուսն էլ մյուս կողմից, սահամանները փակ էին, ամեն ինչ համընկել էր։ Եվ սիրտս շատ էր ցավում տղաների համար, որոնց ճակատ էին տանում։ Երիտասարդ էին, ինչ-որ մեկի երեխաները։
Հիշողությանս մեջ մնացել են նաև մի քանի այլ դրվագներ, որոնք ակնհայտորեն ավելի ուշ են տեղի ունեցել, բայց այդ շրջանի իրադարձությունները կարծես մեկ օր դարձած լինեն։ Հիշում եմ, օրինակ, թե ինչպես բակում տաքսի կանգնեց, դրանից մի երիտասարդ կին իջավ՝ երկու երեխաներով, հսկայական ճամպրուկով և սոխակներով վանդակով։ Պատմեց, որ Տերտերից է, ամուսինը զինվորական է և ասել է, որ կինը Բաքու տեղափոխվի՝ ազգականների տուն։ Բոլորը նրան շրջապատեցին, սկսեցին հարցուփորձ անել, թե ինչ վիճակ է այնտեղ։
Իսկ նոր վարագույր այդպես էլ չգնեցի։ Ինչ-որ սնահավատ վախի պատճառով։ Կարծես, հենց դուրս գամ խանութ, պատերազմ է սկսվելու»։
Իրադա Թագիևա, դասախոս․
«Դրանից մի քանի օր առաջ ընկերներով գնացել էինք սարեր հանգստանալու։ Հիանալի ճամփորդություն էր, որը լի էր ուրախությամբ, հանգստությամբ և լույսով։ Եվ սեպտեմբերի 27-ին՝ Բաքու վերադառնալիս, ամեն կերպ ձգտում էինք երկարացնել այդ կարճ, բայց չքնաղ արձակուրդի վերջին ժամերը։ Ճանապարհին կանգնեցինք, քութաբ կերանք, իսկ երբ նորից մեքենա նստեցինք, որ ճանապարհը շարունակենք, բոլորը հիշեցին իրենց հեռախոսների մասին, սկսեցին սոցցանցերը ստուգել և հայտնաբերեցին, որ ինտերնետ չկա։ Եվ միանգամից հասկացանք․ ինչ-որ բան է կատարվում, ինչ-որ վատ բան։
Բայց ի՞նչ։ Ժամանակակից մարդը սովոր է ողջ տեղեկությունները համացանցից ստանալ, որն էլ չկար։ Իսկ մենք ճանապարհին էինք․․․ Եվս մեկ ժամ գնում էինք լիակատար անտեղյակության մեջ, և այդ վիճակն ամենաշատն է տպավորվել։ Նույնիսկ մոռացել էինք, որ կարելի է պարզապես զանգահարել, ինչ-որ մեկին հարցնել, թե ինչ է կատարվում։ Արդյունքում՝ «ինչ-որ» մեկն ինքը զանգահարեց, արդեն չեմ հիշում, թե ընկերներից ում, և ասաց, որ պատերազմ է սկսվել։
Այդ լավ տրամադրությունը, ճամփորդության բոլոր տպավորություններն ու դրական ապրումները միանգամից ի չիք դարձան։ Մենք մոտենում էինք Բաքվին և մտածում միայն այն մասին, որ մի երկրում ենք, որտեղ պատերազմ է սկսվել, և հայտնի չէ, թե որքան է այն տևելու, ինչ է լինելու և ինչ անել։
Եվ, կարծես, ասեկոսեներն այն մասին, որ պատերազմը հնարավոր է, վաղուց էին պտտվում։ Դա չպետք է անսպասելի լիներ մեզ համար։ Բայց, միևնույն է, այնպիսի զգացողություն էր, կարծես ժամանակը հետ է գնացել, և Երկրորդ աշխարհամարտն է սկսվել։
Իսկ թե ինչ եղավ, երբ քաղաք վերադարձանք, իսպառ մոռացել եմ։ Հիշողությանս մեջ հստակ պահպանվել է միայն ճանապարհը, ուղին դեպի անհայտություն և աճող վախը դրա նկատմամբ»։
Ռիադ Սամեդով, աուդիտոր․
«Մոտավորապես սեպտեմբերի 17-ից ես յուրօրինակ ընկճախտի մեջ էի․ սոցցանցեր չէի մտնում, դադարել էի գրառումներ անել օրագրումս։ Եվ այդ ֆոնին ընկերներս ու ծանոթներս հիշել էին խոստացված խնջույքի մասին՝ լավ գինով։
Եվ ահա, սեպտեմբերի 26-ին հավաքվեցինք սեղանի շուրջ։ Զրուցում էինք և խմում։ Ընկերներս խոսում էին այն մասին, որ շուտով պատերազմ է սկսվելու, իսկ ես չէի ուզում հավատալ, վիճում էի, փաստարկներ բերում։ Այդպես էլ բաժանվեցինք կեսգիշերն անց։
Իսկ երբ առավոտյան զարթնեցի և հեռախոսը ձեռքս առա, իմացա, որ պատերազմ է սկսվել (մեր տանը դեռ ինտերնետ կար, բայց մի քանի ակնթարթ հետո անջատվեց)։ Ուզում էի մտածել, որ կրկին 2016 թ-ի ապրիլի պես է լինելու։ Սակայն նախագահի ելույթից հետո (երբ պարզ դարձավ, որ 2016-ի պես չի լինելու) ինչ-որ բթության զգացում իջավ վրաս։ Եվ վախ, որ եղբորս կզորակոչեն։
Սեպտեմբերի 27-ին և 28-ին ամեն րոպե զանգի էինք սպասում զինկոմիսարիատից։ Այդ երկու օրը տանն եմ անցկացրել և անընդհատ հեռախոսին էի մոտենում։ Իսկ 28-ի երեկոյան խանութ գնացի, և հենց այդ պահին զանգահարեցին։ Հեռախոսը մայրս վերցրեց։ Եղբորս զորակոչեցին սեպտեմբերի 29-ի առավոտյան։ Նա տուն վերադարձավ միայն երեք ամիս անց՝ դեկտեմբերի 31-ին»։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։