Բաքվում 14 մարդ է բժշկի դիմել հունիսի սկզբից՝ բողոքելով արևահարումից: Այս մասին պատմել է քաղաքի շտապօգնության գլխավոր բժիշկ Ռաուֆ Նագիևը:
Հունիսի վերջին շատ շոգ է, ջերմաստիճանը հասնում է 38 աստիճան ըստ ցելսիուսի և, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, նախատեսվում է, որ ավելի կբարձրանա: Բնապահպանության հիդրաօդերևութաբանության և բնական ռեսուրսների դեպարտամենտն ահազանգում է և զգուշացնում անոմալ 40 աստիճան շոգի մասին, որը կպահպանվի մինչև հուլիսի սկիզբը: Ընդհանուր առմամաբ, երկրի տարածքում ջերմաստիճանը կարող է հասնել 43 աստիճանի:
Մարդկանց աշխատանքային գրաֆիկի վրա դա դեռևս ոչ մի կերպ չի արտացոլվում: Սակայն, եթե ջերմաչափը ցույց տա 41°C, ապա, ըստ Աշխատանքային օրենսգրքի 233-րդ հոդվածի, չի կարելի աշխատել բաց երկնքի տակ և առանց օդորակիչների հաստատություններում: Այսինքն, օրինակ, շինտարածքներում աշխատող բանվորներն ու այգիներում աշխատող այգեգործները պետք է վճարովի դադար ստանան:
Ճիշտ է, բաքվեցիների համար «անոմալ շոգը» նորույթ չէ: Քանի որ նմանատիպ հաղորդագրություններ և նախազգուշացումներ պարբերաբար հնչում են ամռանը: Ճիշտ է, սովորաբար, դա ավելի ուշ է տեղի ունենում՝ հուլիսին և օգոստոսին:
«Եվ ինչո՞ւ են բոլորը բողոքում, թե շոգ է: Այնպես եք խոսում, կարծես հյուսիսից եկած լինեք: Մեր՝ բաքվեցիներիս համար, դա նորություն չէ», – զարմանում են սոցցանցերի որոշ օգտատերեր, մինչ մյուսները փորձում են ավելորդ անգամ ցերեկային ժամերին փողոց դուրս չգալ:
«Դժոխքում անգամ ավելի հով է: Այնտեղ երևի գոնե օդորակիչներ են աշխատում ավտոբուսներում», — հեգնում են ոմանք:
Ճիշտ է, Բաքվում նոր ավտոբուսների մեծ մասում օդորակիչներն աշխատում են: Սակայն օրվա ամենաակտիվ ժամերին իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս մարդկանց թվի և դրսի ջերմաստիճանի ավելացման պարագայում: Իսկ հին ավտոբուսներում, որոնք մեկնում են ծայրամասեր կամ քաղաքից դուրս, օդորակիչներ ընդհանրապես չկան, իսկ բաց պատուհանները բնավ չեն թեթևացնում իրավիճակը: