Ահաբեկչությո՞ւն, թե՞ ոչ կոմպետենտություն։ Անտառային հրդեհները Թուրքիայում
Անտառային հրդեհները Թուրքիայում և ահաբեկիչները
Թուրքիայի իշխանությունը հակված է ահաբեկչության և միտումնավոր հրդեհման վարկածին՝ երկրի Սև և Էգեյան ծովերի առափնյա պոպուլյար զբոսաշրջային գոտում արդեն մեկ շաբաթից ավելի մոլեգնող անտառային հրդեհների համար։
Ընդդիմությունն այս ենթադրություններն անհիմն է համարում և հայտարարում է, որ աղետի պատճառը կառավարության ոչ կոմպետենտությունն է։
Այս ընթացքում մահացել է ոչ պակաս քան տասը մարդ և բազմաթիվ կենդանիներ, ոչնչացվել են տասնյակ շենքեր, տարհանվել են զբոսաշրջիկներ Բոդրումից և Անթալիայից։
Ի՞նչ է կատարվում
Թուրքիայում 2021 թ․ հուլիսի 28-ին սկսված անտառային հրդեհների յոթերորդ օրը շարունակվում են կրակի մարման գործողությունները, թեև հրդեհման ավելի քան 125 օջախ է մարվել կամ տեղայնացվել, հրդեհի դեռևս յոթ օջախ է մնում։ Այս մասին հաղորդել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառների նախարար Բեքիր Փաքդեմիրլին։
Հրդեհների մարման աշխատանքի մեծ մասը բաժին է ընկել ուղղաթիռներին։ Հրդեհով համակված տեղանքում աշխատում են հրշեջների ուղղաթիռային խմբեր։ Ուղղաթիռները, որոնք ժամանել են Ռուսաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից և Իրանից, մի փոքր թեթևացրել են թուրքական իշխանության խնդիրը։
Հաջեթեփեի համալսարանի պրոֆեսոր Չագաթայ Տավուշօղուն ասում է՝ հրդեհների պատճառը կարող է կլիմայական ճգնաժամը լինել․ «Կենտրոնական Անատոլիայում երաշտ է։ Իսկ միջերկրածովյան ափում՝ ուժեղ հրդեհներ»։
Մոտակա օրերի օդերևութաբանական կանխատեսումները լավատեսական չեն․ օդի ջերմաստիճանը սեզոնային նորմայից 4-8 աստիճանով ավելի բարձր է լինելու, և դա միայն բարդացնելու է հրշեջների աշխատանքը։ Ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է Մուղլայում (38-41 աստիճան) և Անթալիայում (40-43 աստիճան)։
Միայն օգոսոսի 6-ին օդի ջերմաստիճանը կսկսի համապատասխանել սեզոնային նորմերին։
«Կրակի զավակներն» ու սաբոտաժի և ահաբեկչության մասին իշխանության վարկածը
Օգոստոսի 1-ին անտառային հրդեհների համար պատասխանատվությունը ստանձնել է «Կրակի զավակներ» կազմակերպությունը, որը Քրդական աշխատավորական կուսակցության (РКК) ճյուղերից մեկն է և Թուրքիայում ու մի քանի երկրներում ահաբեկչական է համարվում։
Լրատվամիջոցներում և սոցցանցերում հետևյալ հաղորդագրությունն էր տարածվել․
«Թուրքական ռեժիմն ուրիշ լեզու չի հասկանում, և ժամանակն է նրան ծնկի բերել կրակի միջոցով»։
РКК-ն 1990-ականներից պայքարում է Թուրքիայի կազմում քրդական ինքնավարության ստեղծման համար և այս տարիների ընթացքում բազմիցս պատասխանատվություն է ստանձնել ահաբեկչական գործողությունների, այդ թվում՝ անտառային հրդեհների համար։ 2020 թ-ին հրդեհներ են բռնկվել Խաթայ նահանգում, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների, դրանց համար պատասխանատվությունը նույնպես ստանձնել է «Կրակի զավակներ» կազմակերպությունը։
Այդ նույն տարում РКК-ի անդամ Մուրատ Քարայըլանը հայտարարել էր, որ ինքն է հրահանգել «այրել անտառները»։
Իշխանությունը հակված է ընդունելու սաբոտաժի և անգամ ահաբեկչության վարկածը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անթալիայում հրդեհի վայր կատարած այցի ժամանակ հայտարարել էր երկրի տարբեր հատվածներում միաժամանակ մի քանի հրդեհման կասկածելի լինելու մասին․
«Հատուկ քննչական խումբ է ստեղծվել, որն ահաբեկչության հետքեր է փնտրում հրդեհներում։ Արդեն ձերբակալված կասկածյալներ կան»։
Էրդողանը թեյով տոպրակներ է նետում ողբերգության գոտու տուժածներին
Մեդիայում և սոցցանցերում շատերն են քննադատում դրվագը, որը տեղի է ունեցել Մարմարիսի բնակչության հետ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ․ այս նահանգն անտառային հրդեհներից տուժածներից մեկն է։
Իր ելույթն ավարտելուց հետո Էրդողանը հենց ամբիոնից սկսել էր ամբոխին թեյով փաթեթներ նետել։
Erdoğan, afet bölgesi Marmaris’te halka çay fırlattıhttps://t.co/xFD54DWv7I pic.twitter.com/R2bt8Y2Qzc
— Diken (@DikenComTr) July 31, 2021
«Մի՞թե նրա շրջապատից ոչ ոք չի հուշում, թե ինչ անել։ Մարդիկ դժբախտության մեջ են։ Նրանց ինչի՞ն է պետք թեյը։ Ուշքի եկեք»,- գրում են մեկնաբանություններում։
Գողացված մեկ միլիոն դոլարն ու անտառային հրդեհները
Ընդդիմությունն արժանահավատ չի համարում սաբոտաժի կամ ահաբեկչության վարկածներն անտառային հրդեհների հարցում։ Այդ շրջանակում գերիշխող կարծիքը հետևյալն է․ Քրդական աշխատավորական կուսակցությունը փորձում է իր հեղինակությունը բարձրացնել և վախեցնել բնակչությանը, իսկ իշխանությունն օգտագործում է նրա հայտարարությունները՝ սեփական ոչ կոմպետենտությունից ուշադրությունը շեղելու համար։
Հիմնական ընդդիմադիր ուժի՝ Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իշխանությանը մեղադրել է, որ «առողջ և գործուն քաղաքականություն չունի անտառային հրդեհների դեմ, որոնք ամեն տարի կրկնվում են»։
Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Էրդողանի իշխանության տարիներին Թուրքիայի Օդային վարչությունն ու Օդային ուժերը, որոնք պատասխանտու են անտառային հրդեհների մարման համար, անպիտան են դարձել․ «2002 թ-ին [Էրդողանի իշխանության գալուց մեկ տարի առաջ] Թուրքիայում գրանցվել է 176 անտառային հրդեհ, և դրանք բոլորը մարվել են սաղմնային վիճակում»
Հրդեհների դեմ պայքարի համար տրամադրված միջոցների անհետացման մեղադրանքով է իր հոդվածում հանդես եկել Sözcü ընդդիմադիր պարբերականի քաղաքական մեկնաբան Սայգը Օզթյուրքը։
«2018 թ-ին Թուրքիայի Օդային վարչության այն ժամանակվա ղեկավար Քյուրշաթ Աթըլգանը գյուղատնտեսության և անտառների նախարար Բեքիր Փաքդեմիրլիի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ հրշեջ ինքնաթիռների վերանորոգման համար մեկ միլիոն դոլար է պահանջվում։ Նախարարը բավարարել էր խնդրանքն ու միջոցներ տրամադրել։
Սակայն այդ գումարը ծախսվել էր այլ կարիքների վրա։ Եվ այժմ այդ նույն ինքնաթիռների վերանորոգման համար արդեն երեք միլիոն դոլար է պահանջվում։
Այժմ այդ ինքնաթիռներն օդանավակայանում կանգնած են, և պետությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում այլ երկրներից ինքնաթիռներ և ուղղաթիռներ վարձակալելու վրա»։