«Բաքվին առաջարկել ենք ստեղծել երաշխավորների ինստիտուտ»․ Հայաստանի ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղարը՝ խաղաղության պայմանագրի մասին
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է ստեղծել երաշխավորների ինստիտուտ, որը կկարողանա ապահովել կնքվելիք խաղաղության պայմանագրի իրականացումը։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Առաջարկել ենք նաև, որ ստեղծվի մեխանիզմ միջազգային դատարան դիմելու, եթե առաջանում է ճգնաժամ, ու հնարավոր չէ լուծել այն»,- հայտարարել է նա։
ԱԽ քարտուղարի գնահատմամբ՝ մինչև տարեվերջ պայմանագրի ստորագրումը հնարավոր կլինի, եթե «Ադրբեջանը դրական արձագանքի»։
Դեկտեմբերի 22-ի կառավարության նիստում Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները և պատրաստ է ստորագրել այդ բովանդակության պայմանագիրը:
Հայաստանի ԱԽ քարտուղարը՝ խաղաղության պայմանագրի, Լաչինի միջանցքի արգելափակման և ռուս խաղաղապահների մասին
«Եթե Ադրբեջանը դրական արձագանքի»
Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Ասում է՝ Երևանն իր քայլը կատարել է, Բաքվից է կախված՝ մինչև տարեվերջ կստորագրվի՞ խաղաղության պայմանագիր, թե՞ ոչ։
«Ստեղծված ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ապակառուցողական դերը տարածաշրջանում։ Երբ որ խաղաղության բանակցություններ են ընթանում, Լաչինի միջանցքը փակում է Ադրբեջանը, այսպես կոչված, բնապահպանների միջոցով»,- հայտարարել է նա։
Գրիգորյանը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանի առաջարկներից մեկը երաշխավորների ինստիտուտ ստեղծելն է․
«Այսինքն՝ թե միջազգային կազմակերպության, թե պետությունների կողմից խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտ ստեղծվի: Եվ այդ երաշխավորների ինստիտուտը կարողանա ապահովել այդ պայմանագրի իրականացումը»։
Անվտանգության խորհրդի քարտուղարը չի նշել՝ որ երկրները կարող են երաշխավորի դեր ստանձնել, ասել է միայն, որ հարցը պետք է դառնա բանակցությունների առարկա։
Նրա փոխանցմամբ՝ հայկական կողմն առաջարկել է նաև ստեղծել միջազգային դատարան դիմելու մեխանիզմ՝ ճգնաժամային իրավիճակների դեպքում։
Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյո՞ք ներկայացրած առաջարկներում ներառված է Լեռնային Ղարաբաղին ուղղակի կամ անուղղակի առնչվող կետ։
«Երբ բանակցությունների սեղանի շուրջ նստենք, երբ Ադրբեջանը պատրաստ լինի մեր պատասխանների հիման վրա բանակցություններ վարելու, այդ ժամանակ մեզ համար հստակ կլինի»,- պատասխանել է Գրիգորյանը։
«Լաչինի միջանցքը բացելու շուրջ աշխատում ենք միջազգային հանրության հետ»
Հայաստանի ԱԽ քարտուղարն այսպես է արձագանքել թեմայի շուրջ Ադրբեջանի հետ հնարավոր քննարկումների մասին հարցին։ Գրիգորյանը չի հստակեցրել՝ որևէ աշխատանք Բաքվի հետ տարվո՞ւմ է, թե՞ ոչ՝ շեշտը դնելով միայն միջազգային հանրության վրա։
«Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը՝ կլինի ՄԱԿ-ը, թե ԵԱՀԿ-ն, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը, առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք, որ կարողանանք հանգուցալուծել այս իրավիճակը»,- ընդգծել է նա։
Գրիգորյանը վստահեցրել է՝ կառավարությունն աշխատում է, որ Լաչինի միջանցքը բացվի «հնարավորինս արագ»։
Ասում է՝ Երևանն օգտագործում է իր կարողությունները, առկա բոլոր գործիքները, որպեսզի «Լաչինի միջանցքը վերադառնա իր բնականոն հունին»․
«Այսինքն՝ աշխատի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, որտեղ հստակ նշված է, որ ԼՂ կապը Հայաստանի հետ իրականացվում է Լաչինի միջանցքով, իրականացվում է անխոչընդոտ»։
Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով փակ են պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Արցախի 120 000 բնակչությունը, որից 30 000-ը երեխաներ են, հումանիտար ճգնաժամի մեջ է։ Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք էր ուղարկվում Արցախ, միջանցքի արգելափակումից հետո դա անհնար է դարձել։ Սպառվում է նաև վառելիքը։
ԼՂ-ի բուժհաստատություններում գտնվող ավելի քան երկու տասնյակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող բուժառուներ անհապաղ Հայաստան տեղափոխման կարիք ունեն: Նախորդ օրերին գրանցվել է մեկ պացիենտի մահ։
«Այդ «բնապահպանները» Ադրբեջանի պաշտպանության կառույցների ներկայացուցիչներ են»
Նման տեսակետ է հայտնել Արմեն Գրիգորյանը։ Նրա գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումը «կազմակերպել է Ադրբեջանի իշխանությունը, այդ քայլը որևէ քաղաքացիական նախաձեռնության հետ կապ չունի»․
«Ես չգիտեմ՝ «բնապահպանների» մեջ գեներալի, կապիտանի պաշտոնով մարդիկ կա՞ն, թե՞ չէ: Բայց, այն, որ այդ մարդիկ Ադրբեջանի պաշտպանության կառույցների ներկայացուցիչներ են, միանշանակ է»։
«Եթե միջանցքը փակ է, ուրեմն բավարար քայլեր չեն արվել»
Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղեկացրել է, որ ԼՂ-ում իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային։ Նա շեշտել է, որ միջանցքով անխափան երթևեկության իրականացման պատասխանատուն Ռուսաստանի խաղաղապահ ուժերն են, ինչն ամրագրված է 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։
Արմեն Գրիգորյանը հորդորել է ՌԴ կառույցներից ճշտել՝ ինչո՞ւ ռուսական կողմը չի կատարում իր պարտավորությունն ու հավելել, որ Հայաստանի իշխանությունն այդ հարցն ուղղել է ինչպես հրապարակային, այնպես էլ ոչ հրապարակային։
Հարցին, թե ինչ պատասխան են ստացել, նա արձագանքել է․
«Եթե միջանցքը շարունակում է փակ մնալ, նշանակում է՝ այդ ուղղությամբ բավարար քայլեր չեն կատարվել»։
Լաչինի միջանցքում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներին նախօրեին քննադատել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը չի կատարում ոչ միայն Ադրբեջանը, այլև Ռուսաստանը։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ի պատասխան հայտարարել էր՝ «նման վերաբերմունքը մեր խաղաղապահների նկատմամբ ընդունելի չէ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԱԽ քարտուղարը՝ խաղաղության պայմանագրի մասին