«Սպասելով բանաձևի»․ կայացավ ԼՂ-ի հարցով ՄԱԿ ԱԽ հրատապ նիստ
ԱԽ հրատապ նիստ ԼՂ-ի հարցով
«Կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է։ Նաև միջազգային հանրության կողմից հավաքական կոչ է հնչել Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը»,- խոսելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի արդյունքների մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիստը հրավիրվել էր Հայաստանի պահանջով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ։ Ելույթներով հանդես են եկել ԱԽ անդամ 15 երկրների, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները։ Մոտ երկու ժամ տևած քննարկումից հետո դեռևս հայտնի չէ՝ ԱԽ-ն կընդունի՞ բանաձև կամ հայտարարություն։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ ընթացող համաշխարհային պատերազմի պայմաններում ՄԱԿ ԱԽ գործնական, այն էլ արդյունավետ աշխատանք պատկերացնելն անիրատեսական է:
ՄԱԿ Անվտանգության խորհուրդն առաջին անգամ հարցը քննարկել էր դեռևս 2022 թ․-ի դեկտեմբերի 20-ին։ Խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունն Ադրբեջանին կոչ էր արել վերացնել շրջափակումը: Սակայն ԱԽ-ն այդպես էլ հայտարարություն կամ բանաձև չէր ընդունել։
ԱԽ հրատապ նիստի մանրամասները, Փաշինյանի գնահատականը, կարծիքներ բանաձևի ընդունման հավանականության մասին
Փաշինյանն առանձնացրել է 3 արդյունք
Թեև Անվտանգության խորհրդի քննարկման արդյունքում որևէ փաստաթուղթ դեռ չի ընդունվել, Հայաստանի վարչապետն այսօր կառավարության նիստին խոսել է այս դրա արդյունքների մասին։ Ըստ նրա՝ դրանք են՝
- միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը․ չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն անընդհատ ու շարունակաբար պնդում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ,
- քննարկումը հաստատեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը և այն, որ ԼՂ-ի 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ,
- ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ, Ադրբեջանի կողմից չի կատարվել։
Փաշինյանն անդրադարձել է նաև ԼՂ-ում ստեղծված իրավիճակին և նշել, որ այն օր-օրի սրվում է։ Վարչապետի փոխանցմամբ՝ Ադրբեջանը ոչ միայն արգելափակել է Հայաստանի կառավարության կողմից ուղարկված 100 տոննա ալյուրի մուտքը ԼՂ, այլև թույլ չի տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր ցանած հացահատիկը հավաքի։ Ասում է՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ԼՂ բնակիչները հայտնվում են Ադրբեջանի զինված ուժերի կրակահերթերի տակ։
«Սա ևս մեկ փաստ է, որը հիմնավորում է միջազգային փորձագետների կողմից առաջ քաշվող թեզը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը սովամահության ենթարկելու միջոցով ցեղասպանության է ենթարկում, հետևաբար Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պետք է դիտարկել»,- ընդգծել է նա։
«Աղետի կանխումը ԱԽ պարտականությունն է»․ Հայաստանի ԱԳ նախարար
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին մասնակցել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Իր ելույթում նա ներկայացրել է վիճակագրական տվյալներ և փաստեր Լաչինի միջանցքի 8-ամսյա արգելափակման հետևանքների վերաբերյալ։ Մեջբերել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը։ Փորձագետն արձանագրել էր՝ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, արդեն իսկ ցեղասպանություն է՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետի։ Այն է՝ «կյանքի համար միտումնավոր վատ պայմաններ ստեղծելը, հավասար է ֆիզիկական ոչնչացման»․
«Նման աղետի կանխումը ՄԱԿ-ի և այս Խորհրդի հիմնական պարտականությունն է: Ես իսկապես կարծում եմ, որ այս նշանավոր կառույցը, չնայած աշխարհաքաղաքական տարաձայնություններին, կարող է հանդես գալ որպես ցեղասպանության կանխարգելման, այլ ոչ ցեղասպանության ոգեկոչման կառույց, երբ արդեն շատ ուշ կլինի»։
Շեշտել է՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում մարդասիրական աղետի հրահրման միջոցով լրջորեն խաթարվում է տարածաշրջանում արդար և համապարփակ խաղաղության և կայունության հասնելու հեռանկարը։ Նշել էր, որ հենց դա պահպանելու հարցում է հայցում հեղինակավոր կառույցի աջակցությունը։
Նրա փոխանցմամբ՝ պաշտոնական Երևանը խորհրդից ակնկալում է՝
- դատապարտել քաղաքացիական անձանց նկատմամբ, որպես պատերազմի մեթոդ, սովի կիրառումը, որն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով,
- դատապարտել հումանիտար օգնության ապօրինի մերժումը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը գոյատևման համար անհրաժեշտ իրերից զրկելը,
- պահանջել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում,
- կոչ անել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների,
- ապահովել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ լիարժեք համագործակցությունը և մարդասիրական օգնության ապահով և անխոչընդոտ մատակարարումը,
- Լեռնային Ղարաբաղ գործուղել կարիքների գնահատման անկախ միջգերատեսչական առաքելություն և տուժած բնակչությանը տրամադրել մարդասիրական օգնություն։
«Այս հումանիտար հարցերն ակնհայտորեն պետք է լուծվեն միջազգային հանրության վճռական միջամտությամբ՝ նախքան բացասական հետևանքները կհանգեցնեն ԼՂ ժողովրդի էթնիկ զտման»,- հայտարարել է Արարատ Միրզոյանը։
Անդրադառնալով Լաչինի միջանցքին և առաջարկվող այլ երթուղիներին՝ հիշեցրել է՝ Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապող օղակ և «չունի այլընտրանք»․
«Լաչինի միջանցքը պետք է բացվի, իսկ ինչ վերաբերում է այլ հնարավոր հաղորդակցություններին, դա պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում»։
Ի՞նչ են հայտարարել ԱԽ մշտական անդամ երկրները
ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Անվտանգության խորհրդում Նահանգների ներկայացուցիչն իր խոսքում ընդգծել է, որ պարենի, դեղորայքի, մանկական կերի և էներգիայի հասանելիությունը չպետք է խափանվի, ԼՂ պետք է կարողանան հասնել «առևտրային, մարդասիրական և անձնական տրանսպորտային միջոցները»․
«Մենք նաև ի գիտություն ենք ընդունում այն, որ հնարավոր է փոխզիջումների գնալ այլ լրացուցիչ ուղիների հարցում մարդասիրական մատակարարումների համար»։
Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ նշել է՝ դա պետք է ներառի նաև Լեռնային Ղարաբաղում բնակվող անձանց իրավունքների և անվտանգության պաշտպանություն։ Միացյալ Նահանգները կողմերին ուղիղ բանակցությունների կոչ է արել, այդ թվում՝ Բաքվի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև։
Ռուսաստանի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ԼՂ-ի բնակիչների համար այս ծանր իրավիճակը հաղթահարելու համար քաղաքական կամք կցուցաբերվի և տեղի կունենա Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով երկխոսություն։ Առանց կողմերից որևէ մեկին մատնանշելու ասել է, թե «տեղում քայլեր են անհրաժեշտ՝ արագորեն թոթափելու լարվածությունը Լաչինի միջանցքի շուրջ, մասնավորապես՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ»։
«Մենք մեզնից կախված ամեն բան անում ենք քաղաքական և դիվանագիտական ճանապարհներով, բոլոր մակարդակներում և տեղում, որպեսզի ռուսական խաղաղապահ զորակազմը կանխի մարդասիրական աղետը տարածաշրջանում»։
Նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե հստակ անվտանգության և իրավունքների երաշխիքներ չլինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար։ Բայց նաև հստակեցրել է՝ «երաշխիքներ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա և Ադրբեջանի օրենքների համատեքստում»։
Ֆրանսիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը շարունակում է մեկուսացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը աշխարհի մնացած մասից՝ առանց որևէ իրավաչափ պատճառի։ Նրա փոխանցմամբ՝ դա հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին․
«Ֆրանսիան դատապարտում է մարդասիրական օգնության ուղեբեռի արգելափակումը, որը Հայաստանի իշխանություններն ուղարկել էին հուլիսին, որպեսզի վերացնեն այս իրավիճակի հետևանքները։ Նույնը վերաբերում է նաև ԿԽՄԿ-ի գործունեությունը խոչընդոտելուն, որը խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները։ Դա անընդունելի է»։
Միացյալ Թագավորությունը կողմերին կոչ է արել Կարմիր խաչին թույլ տալ բոլոր ճանապարհներով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ և իր կենսական աշխատանքներն իրագործել․
«Բոլոր կողմերը պարտավոր են ձեռնպահ մնալ մարդասիրական օգնությունը քաղաքականացնելուց, որպեսզի հնարավոր լինի հոգալ քաղաքացիական բնակչության կարիքները»։
ՄԹ ներկայացուցչի խոսքով՝ շատ կարևոր է, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը հարգվի՝ ապահովելով Լաչինի միջանցքի երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը։
Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել «փոխադարձ զիջումների գնալ» և առկա վեճերը լուծել միջազգային մարդասիրական և միջազգային նորմերի հիման վրա․
«Հավատացած ենք և հույս ենք հայտնում, որ կողմերը բոլոր խնդիրները, այդ թվում՝ մարդասիրական իրավիճակը, կլուծեն դիվանագիտական ջանքերի միջոցով։ Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են․ երկու երկրների հիմնարար շահերից է բխում անվտանգության և զարգացման ընդհանուր ճանապարհով ընթանալը»։
Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամները նույնպես հանդես են եկել ելույթներով։ Նրանք հնարավորինս չեզոք են գտնվել՝ մտահոգություն հայտնելով ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ կապված և ընդգծելով անխոչընդոտ մուտքի, մարդասիրական օգնության ապահովման անհրաժեշտությունը։ Հնչել են նաև կոչեր, սակայն ուղղված ոչ թե Ադրբեջանին, այլ բոլոր կողմերին։ Դրանց համաձայն՝ կողմերը պետք է «վեճը լուծեն խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան», բացի այդ՝ «զերծ մնան ուժի կիրառման սպառնալիքից և ռազմական հռետորաբանությունից»։
Ադրբեջանի ներկայացուցիչը հերքել է Հայաստանի հնչեցրած մեղադրանքները՝ սովի ու ցեղասպանության մասին պնդումները որակելով «կեղծ ու մտացածին»։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն այսպիսի կարծիք է հայտնել․
«ՄԱԿ Անվտանգության խորհրդի 15 անդամներից 7-ը դեմ քվեարկելով կարող են արգելափակել բանաձևի ընդունումը։ Բանաձևը կարող է արգելափակվել նաև 5 մշտական անդամներից առնվազն մեկի կողմից վետոյի իրավունքի իրացմամբ։ Այսինքն, 9 անդամների, ներառյալ՝ 5 մշտական անդամները, կողմ քվեարկելու դեպքում բանաձևը կընդունվի։
Հիմա հարց, արդյո՞ք Ալբանիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բրազիլիան, Գաբոնը, Գանան, Էկվադորը և Մոզամբիկը դեմ կքվեարկեն, թե՞, այնուամենայնիվ, ՌԴ-ն կկիրառի իր վետոյի իրավունքը։ Հուսանք ողջախոհությունը կհաղթի և բանաձևը կընդունվի»։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն այսպես է մեկնաբանել իրավիճակը․
«Համաշխարհային պատերազմի պայմաններում ՄԱԿ ԱԽ գործնական, այն էլ արդյունավետ աշխատանք պատկերացնելը անիրատեսական է: Տեղի ունեցած նիստը ընդամենը հաստատեց դա:
Մուննա՞թ գալ, նեղանա՞լ, գրողի ծո՞ցն ուղարկել բոլորին: Իհարկե ոչ: Դա կլինի վերին աստիճանի ծանծաղամտություն: ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամները այն նվազագույն շրջանակն են, որոնցից յուրաքանչյուրի ուղղությամբ երկկողմ աշխատանքը և դրա առավելագույն արդյունավետության ձգտումը Հայաստանի դիվանագիտության համար նվազագույն առաջնահերթություն է:
Եվ սա իհարկե, գիտակցելով հանդերձ այն, որ այդ խնդիրը ներկայումս շատ բարդ է, քանի որ մենք փաստացի պարտադրված ենք երկկողմ առավելագույն արդյունավետության ձգտել պետությունների մի հնգյակի հետ, որոնք թե երկկողմ, թե նաև բազմակողմ հակասությունների, հակադրությունների և սուր, ընդհուպ ռազմական դիմակայության մեջ են իրար հետ: Բայց, այստեղ մենք չունենք այլ տարբերակ, և սրա համար մեզ պետք է դիվանագիտական ռեսուրսի գերմոբիլիզացիա, այդ թվում՝ օգտագործելով ոչ կառավարական շրջանակներն ու ռեսուրսները Հայաստանից դուրս:
Համաձայն չեմ տեսակետներին, թե՝ Հայաստանին չեն աջակցի, քանի դեռ ռուսական «համակարգում» ենք: Իհարկե, եթե Հայաստանը դուրս գա Ռուսաստանի դեմ, կաջակցեն, բայց միայն այդ, այլ ոչ թե արցախյան հարցում: Որովհետև արցախյան հարցում աջակցել Հայաստանին, նշանակում է դուրս գալ Ադրբեջանի դեմ, այդպիսով՝ նաև Թուրքիայի դեմ: Իսկ դա, ինչպես չի ուզում անել Ռուսաստանը, նույն կերպ և չի ուզում անել որևէ այլ տերություն կամ գերտերություն: Դրա համար բոլորի նարատիվը նույնն է՝ պետք է պայմանավորվեք իրար հետ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԱԽ հրատապ նիստ ԼՂ-ի հարցով