Ալիևը ստորագրել է «Մեդիայի մասին» օրենքը։ Ադրբեջանի նախագահին կոչ են անում վերանայել այս որոշումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Մեդիայի մասին» օրենքը, որը բողոքի ցույցեր է առաջացրել ոչ միայն երկրի ներսում, այլև դրա սահմաններից դուրս։ Փաստաթուղթը ստորագրվել է խորհրդարանում հաստատվելուց 40 օր անց։ Ադրբեջանցի մեդիափորձագետներն ու միջազգային կազմակերպություններն Ալիևին կոչ են անում վերանայել այս որոշումը։
- Freedom House-ը Հայաստանի խորհրդարանին կոչ է անում չեղարկել «ծանր վիրավորանքի» մասին հոդվածը
- «Հետապնդելու ենք այնքան, մինչև գլխատենք ձեզ»։ Չեչնիայի իշխանությունը սպառնում է իր ընդդիմադիրներին արտասահմանում
- «Մեդիայի մասին» օրենք Ադրբեջանում․ արդյո՞ք ավելի բարդ է լինելու խոսելը Ղարաբաղի մասին
2021 թ-ի վերջին, չնայած անկախ լրագրողների բողոքի զանգվածային ակցիաներին, Ադրբեջանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Մեդիայի մասին» օրենքը։ Փաստաթուղթը պետք է ուժի մեջ մտներ երկրի նախագահի ստորագրելուց հետո։
Իլհամ Ալիևն օրենքը ստորագրել է փետրվարի 8-ին՝ խորհրդարանում այն ընդունելուց 40 օր անց։
Ինչո՞ւ օրենքը դուր չի գալիս անկախ լրագրողներին
«Մեդիայի մասին» օրենքը նախատեսում է Ադրբեջանում զանգվածային լրատվամիջոցների ռեեստրի ստեղծում։ Մեդիասուբյեկտները, որոնք չեն ներառվել այդ ռեեստրում, լրատվամիջոց չեն համարվելու, իսկ դրանց աշխատակիցները՝ լրագրողներ։
Ավելին՝ փաստաթղթով նախատեսվում է լրագրողական հավաստագրերի տրամադրում բացառապես MEDIA պետական գործակալության կողմից։ Այդպիսի հավաստագրեր չունեցող լրագրողները չեն կարողանա մասնակցել պետական միջոցառումներին, ասուլիսներին և այլն։ Նրանց նաև կարող են արգելել, օրինակ, հարցումներ անցկացնել փողոցներում։
Օրենքում նաև կետ կա, որում անդրադարձ է արվում առցանց մեդիայի աշխատանքային պայմաններին։ Այսպես՝ օրական 20-ից պակաս նյութ տեղադրող առցանց պարբերականը չի համավելու գործող առցանց լրատվամիջոց։
Օրենքն արգելում է լրագրողական աշխատանքի ընդունել մարդկանց, ովքեր բարձրագույն կրթություն չեն ստացել։
Ըստ իրավաբանների՝ օրենքը հակասում է երկրի սահմանադրությանն ու Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիային։
Օրենքի այս բոլոր թերությունները նշված են լրագրողական համայնքի և միջազգային կազմակերպությունների՝ Ադրբեջանի նախագահին ուղղված ուղերձներում, նրանք կոչ են արել օրենքը լրամշակել։ Այժմ այն ուսումնասիրում է Վենետիկի հանձնաժողովը։
«Իշխանությունը ձգտում է ահաբեկել հասարակությանը»
«Երկրում գրեթե բոլոր լրատվամիջոցներն իշխանության վերահսկողության տակ են, դրանք ֆինանսավորում, կառավարում է իշխանությունը, դրանք գործում են նրա շահերին լիովին համապատասխան», — ասում է Turan տեղեկատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում մեդիայի նկատմամբ պետական վերահսկողություն սահմանելու քաղաքականությունը բաց ձևով սկիզբ է առել 1998 թ-ից, և գրեթե 10 տարի առաջ այդ գործընթացն ավարտվել է։
«Ի պատասխան այս քաղաքականության՝ երկրում հայտնվել է հասարակության ձևավորած, զուգահեռ, այլընտրանքային մեդիատարածք, որը կոչվում է սոցցանցեր։
Սոցցանցերում քաղաքացիների ակտիվությունը հայտնի չափով հանրային վերահսկողության դեր էր խաղում կառավարության նկատմամբ, և դա լրջորեն անհանգստացնում էր իշխանությանը։ Այդ պատճառով էլ սոցցանցերի գործունեությունն ու ակտիվությունը սահմանափակելու համար ընդունվել է «ՄԵդիայի մասին» օրենքը, ստեղծվել է Մեդիայի զարգացման գործակալությունը (MEDİA), Աուդիովիզուալ միջոցների խորհուրդը», — նշել է լրագրողը։
«Իշխանությունը ձգտում է ահաբեկել հասարակությանը, մարդկանց ստիպել ինքնագրաքննությամբ զբաղվել։ Իշխանության գործողությունները զարգանալու են այս ուղղությամբ», — կարծում է նա։
ԱՄՆ դեսպանատան կոչը
Բաքվում ԱՄՆ դեսպանատունն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել կիրառել «Մեդիայի մասին» նոր օրենքը՝ ԵԱՀԿ չափանիշների և միջազգային պարտավորությունների համաձայն։
«Մենք անհանգստացած ենք նրանով, որ մեդիայի մասին նոր օրենքն ընդունվել և ստորագրվել է՝ առանց հաշվի առնելու անկախ լրագրողների, մեդիափորձագետների և միջազգային կազմակերպությունների կարծիքն, այդ թվում՝ ԵԱՀԿ և Եվրախորհրդի։
Մենք շարունակում ենք ուսումնասիրել նախագահ Ալիևի ստորագրած օրենքը և անհամբեր սպասում ենք օրենքի վերլուծությանն այդ և մյուս փորձագետներից։
Մենք կառավարությանը կոչ ենք անում նոր օրենքը կիրառել՝ ԵԱՀԿ շրջանակներում իր պարտավորություններին և այլ միջազգային կազմակերպությունների չափանիշներին համապատասխան», — ասված է լրագրողների հարցմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի պատասխանում։
«Ադրբեջանում լրագրող լինելն էլ ավելի կդժվարանա»
«Ադրբեջանում լրագրող կամ սոցցանցերի ակտիվիստ լինելն էլ ավելի կդժվարանա այն բանից հետո, երբ նախագահը հաստատել է «Մեդիայի մասին» նոր օրենքը» Այս մասին ասված է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի հայտարարությունում։
«Նոր օրենքը բազմաթիվ նոր մասշտաբային սահմանափակումներ կդնի երկրի, առանց այն էլ, խիստ վերահսկվող մեդիայի վրա։
Օրենքը տեղի և միջազգային խիստ քննադատության օբյեկտ և երկրի լրագրողների բողոքի ցույցերի պատճառ է դարձել, որոնք նախագահ Ալիևին կոչ են արել չեղարկել փաստաթուղթը, որն էլ ավելի է խախտում մարդու իրավունքներն ու սահմանափակում անկախ լրագրությունը։
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը նախագահ Ալիևին կոչ է արել օրենքը վերադարձնել խորհրդարան՝ լրամշակելու և խոսքի ու մեդիայի ազատության միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու։
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն նշում է, որ անկախ և քննադատորեն տրամադրված լրատվամիջոցներն Ադրբեջանում հաճախ են գրաքննության ենթարկվում և հարկադրաբար փակվում, լրագրողերն ու սոցցանցերի օգտատերերը հետապնդվում և կալանավորվում են։
Օրենքի շատ դրույթներ կառավարությանը թույլ են տալիս խստորեն սահմանափակել իրադարձությունների լուսաբանումն ու օգտագործվելու են կառավարությանն ուղղված քննադատությունը կանխելու համար։
Լրագրողների միասնական ռեեստրում ներառվելու են միայն նրանք, ովքեր չունեն դատվածություն։ Հաշվի առնելով տարիներ շարունակ շինծու մեղադրանքներով լրագրողների մշտական կալանավորումները՝ այս պայմանն աշխատելու իրավունքից զրկում է շատ լրագրողների և օրինականացնում է գրաքննությունը։
Բացի այդ, իշխանությունն էլ դատարանի հաստատման կարիքը չի ունենալու՝ այս կամ այն լրատվամիջոցը փակելու համար։
Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է հայտարարեն, թե որքան ավերիչ են լինելու այս նոր սահմանափակումները երկրում, որտեղ ավտոկրատիան կառուցվում է մեդիայի և քննադատական ձայների ճնշման վրա», — ասված է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի հայտարարությունում։