«Չի կարելի ներխուժել ՀՀ տարածք, հետո վախենալ ռևանշիզմից»․ ՀՀ ԱԺ խոսնակ
Ալեն Սիմոնյանի արձագանքը Ալիևին
«Չի կարելի կրակել և հայ զինվոր սպանել, ներխուժել Հայաստանի տարածք և ասել՝ վախենում եմ ռևանշիզմից»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր, թե «Բաքուն պետք է հստակ, ամուր երաշխիքներ ունենա, որ ռևանշիզմ չի լինի Հայաստանի կողմից»։ Արձագանքելով Ալիևի այս հայտարարությանը՝ Սիմոնյանն ընդգծել է՝ Ադրբեջանի նախագահն այդ երաշխիքը պետք է փնտրի իր և իր վարած քաղաքականության մեջ, «ադրբեջանական կողմից շատ բան է կախված»։
ԱԺ նախագահի դիտարկմամբ՝ չի կարելի նաև չգնալ խաղաղության պայմանագրի քննարկման հանդիպումներին և ասել՝ «ռևանշիզմից վախենում եմ»։ Կարծում է՝ ռևանշիզմից վախենալու պարագայում Ադրբեջանը պետք է նորմալ հարաբերություններ հաստատի իր անմիջական հարևանների հետ, որոնց «փոխել չի կարող»։
Լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանն անդրադարձել է ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող օրակարգային հարցերի։
JAMnews-ն առանձնացրել է ճեպազրույցի ամենակարևոր դրվագները։
«Խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքել 5-10 օրվա ընթացքում»
ԱԺ նախագահի կարծիքով՝ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել սեղմ ժամկետներում, եթե Ադրբեջանը պրոցեսը չձգձգի։ Հիշեցրել է՝ Երևանը փոխանցել է պայմանագրի տեքստի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։
«Եթե ադրբեջանական կողմը բան չփոփոխի, նոր առաջարկ չներկայացնի, իհարկե, կարելի է մի քանի օրվա մեջ կնքել»,- պարզաբանել է Սիմոնյանը։
Կարծում է՝ խաղաղության կարելի է հասնել, եթե Ադրբեջանի նախագահը սկսի դրական քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ փոխի իր հռետորաբանությունն ու մասնակցի տարբեր հարթակներում կազմակերպվող հանդիպումներին։
Ասում է՝ Հայաստանի համար կարևոր է ոչ թե բանակցային հարթակը, այլ այն, որ այդ հարթակը գործող լինի։
Խոսելով Ադրբեջանի՝ արևմտյան հարթակներում բանակցություններից խուսափելու մասին՝ նկատել է՝ պատճառը Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման հետևանքներն են․
«Այն գործելաոճը, աշխատելաոճը, որը տեսան միջազգային գործընկերները, բավականին բարդ կացության մեջ է դրել Ադրբեջանին, դա փաստ է»։
«Բաքուն արհեստականորեն դժվարացնում է գործընթացը»
Իլհամ Ալիևը նաև հայտարարել է՝ եթե Հայաստանն ուզում է խաղաղության պայմանագրի սևագրում ներառել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցերը, ապա այն պետք է վերաբերվի նաև «Հայաստանից հեռացած ադրբեջանցիների» վերադարձի և ապրելու իրավունքներին։
«Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն, միգուցե, կդժվարացնեն խաղաղության պայմանագրի կնքումը»,- նկատել է Ալեն Սիմոնյանը։
Նշված միտումը բացասական է գնահատում։ Ասում է՝ կողմերը լավ գիտեն՝ ինչի շուրջ են բանակցում։ Վստահեցրել է՝ հայկական կողմն իրոք խոսում է խաղաղության մասին, ոչ թե «թուղթ ստորագրում կամ ձև անում»։
«Չեմ բացառում, որ հայեր կգնան Ադրբեջանում ապրելու և հակառակը»
Խորհրդարանի խոսնակը նշել է, որ հայերի նկատմամբ ատելության խոսքը Ադրբեջանում «բրենդ» է դարձել, իսկ Հայաստանին հնարավոր չէ նույն բանում մեղադրել։ Հիշեցրել է՝ ընդդիմադիր գործիչներն ու լրագրողները ՀՀ պաշտոնյաներին մեղադրում են հակառակի՝ «Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու» մեջ։
«Ժամանակ կանցնի, և չեմ բացառում, որ հայեր կգնան Ադրբեջանում կապրեն, և ադրբեջանցիներ կգան Հայաստանում կապրեն, առևտուր կանեն իրար հետ։ Խաղաղության ենք գնում, խաղաղությունն այլ կերպ չի լինում»,- նշել է նա։
Սիմոնյանի համար անընդունելի են պնդումները, թե դա «անլուծելի խնդիր է, քանի որ հակամարտել ենք»։ Օրինակ է բերում՝ Ֆրանսիան և Անգլիան 116 տարի պատերազմել են, բայց հաղթահարել են կոնֆլիկտը։
ՌԴ-ն Բաքվի սխալները չի նկատում, Հայաստանի պարագայում «շատ ցավոտ է արձագանքում»
ԱԺ նախագահն օրինակ է բերել Հայաստանից հումանիտար օգնության ուղարկելը Ուկրաինա և նշել, որ ռուսական կողմը «մեծ աղմուկ էր բարձրացրել»։ Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը նման աջակցություն բազմիցս է ուղարկել, բայց «Ռուսաստանի «արդարացի» ԱԳՆ-ից ոչ մի ծպտուն չենք լսել»։
Նշել է նաև, որ ադրբեջանական կողմը խախտել է 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարութունը, այդ թվում՝ գերիների վերադարձի պայմանավորվածությունը։ Մինչև անգամ ռուս խաղաղապահների է սպանել։
«Ռուսաստանը, ցավոք սրտի, Հայաստանի պարագայում շատ ցավոտ է արձագանքում, իսկ Ադրբեջանի պարագայում կամ չի կարողանում, կամ ձև է անում, որ չի նկատել, որպեսզի դեմքը պահպանի վատ խաղի ժամանակ»,- ընդգծել է Սիմոնյանը։
«Հայերին Արցախից դուրս ուղեկցե՞լն էր ռուս խաղաղապահների գործառույթը»
Սիմոնյանի խոսքով՝ Մոսկվան փորձում է իրավիճակը պահել իր ձեռքի մեջ՝ չհասկանալով, որ վաղուց բաց է թողել ձեռքից։ Ասվածի ամենավառ օրինակն, ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի վրա 2023 թ․-ի սեպտեմբերին տեղի ունեցած հարձակումն էր։ Հիշեցնում է՝ ադրբեջանական կողմն էր հարձակում սկսել, սակայն կոչերն ուղղվում էին ՀՀ-ին և Ադրբեջանին։
«Ռուսաստանը թե գործընկերային առումով, թե որպես տարածաշրջանում նոյեմբերի 9-ի փաստաթղթի երաշխավոր, իր գործառույթները չկատարեց: Ի՞նչ արեցին խաղաղապահները, հայերին ուղեկցեցին Արցախից դո՞ւրս, դա՞ էր իրենց գործառույթը»,- հայտարարել է նա։
Արձանագրել է՝ «խաղաղապահները ԼՂ-ում ոչ մի բան չեն արել», իսկ նրանց շրջանում զոհերը եղել են ռազմական գործողությունների ավարտից 2-3 ժամ հետո:
Մոսկվան շանս ունի
Հայաստանը դեռևս զենք չի ստացել ՌԴ-ին վճարած միլիոնավոր դոլարների դիմաց։ Ազգային ժողովի նախագահի դիտարկմամբ՝ սպառազինության չմատակարարման խնդիրը հնարավոր է լուծել գործընկերային մթնոլորտում։
«Եվ ռուսական կողմը շանս ունի՝ ցույց տալու, որ, այնուամենայնիվ, շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած սկզբունքներին և ստորագրած փաստաթղթերին: Եթե պարտավորությունները չեն կատարվում, իսկ դա փաստ է, Հայաստանը միանշանակ պետք է պաշտպանի իր շահերը»,- շեշտել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ալեն Սիմոնյանի արձագանքը Ալիևին