Ալբերտ Ոսկանյան, Ստեփանակերտ
Երկու օր առաջ ականջիս ընկավ երկու տարեց մարդու զրույց: Նստարանին նստած էի, պապիկներն անցան, կանգ առան, նայեցին կառուցվող եկեղեցուն և նրանցից մեկն ասաց. «Ինչո՞ւ են այսքան փող ծախսում եկեղեցու վրա, ո՞ւմ է այն պետք: Այսքան տարի առանց Աստծո ապրել ենք և ոչինչ, նորմալ է եղել: Ավելի լավ էր այդ փողով տանկեր գնեին, պատերազմ է»: Զրուցակիցը համաձայնեց:
Նրանք հեռացան, ես վեր կացա և նայեցի կառուցվող եկեղեցու ուղղությամբ. կառուցապատման տարածքը մեծ է, ինքը եկեղեցին նույնպես փոքր չէ և կեսն արդեն կառուցված է:
Ակամա հիշեցի, որ ԽՍՀՄ-ում Լեռնային Ղարաբաղը միակ վարչատարածքային միավորն էր, որտեղ գործող ոչ մի եկեղեցի կամ մզկիթ չկար: Ղարաբաղում ընդհանրապես եկեղեցականներ չկային, բնակիչները չգիտեին, թե ինչ են կրոնական տոները, ինչ է Սուրբ գիրքը: Հարազատների շիրիմներին էին գնում հունվարի 2-ին, մայիսի 2-ին, նոյեմբերի 8-ին, այսինքն՝ պետական տոների հաջորդ օրերին: Զատիկը չէին նշում: Այդպես էլ ապրում էին աթեիստների պես՝ հավատալով պայծառ ապագային և մոտեցող կոմունիզմին:
ԽՍՀՄ փլուզումից հետո Ղարաբաղում ամեն ինչ փոխվեց: Սկսեցին վերականգնել եկեղեցիները, վանքերը, հոգևորականներ հայտնվեցին:Ստեղծվեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը: Մարդիկ հավատում են Աստծուն և կրոնական տոներ նշում: Դպրոցներում արտահերթ դասերին Աստվածաշունչ են ուսումնասիրում:
Այն գումարով, որը ծախսվել է եկեղեցու վրա կամ դեռ պիտի ծախսվի, հավանաբար կարելի է տանկ գնել, նույնսիկ երկու, երեք, միգուցե և ավելի շատ:
Իսկ ինչպե՞ս ապրել առանց հավատի առ Աստված, կամ ընդհանրապես առանց հավատի: Այո, խորհրդային տարիներին մեր երկրում բոլորն ապրում էին առանց Աստծո, բայց արդյո՞ք դա ճիշտ էր, արդյո՞ք մենք ճիշտ էինք ապրում: Մեզ արհեստական ճանապարհով զրկել էին նրանից, ինչը դարերով մերն էր, ինչը փոխանցվում էր սերնդեսերունդ, իսկ այժմ ամեն ինչ իր ճիշտ հունով է գնում:
Լեռնային Ղարաբաղում պետությունը մեծ գումարներ է ծախսում կրթության վրա. դպրոցներ կառուցում և վերանորոգում, ուսուցիչներով ապահովում «ոչ հեռանկարային» լեռնային դպրոցները: Մենք ունենք տեխնիկումներ, ուսումնարաններ, բուհեր:
Այդ գումարներով նույնպես կարելի է տանկեր գնել: Սակայն գոյություն ունի մեդալի հակառակ կողմը. ո՞ւմ են պետք անգրագետ երեխաները, շինարարները, զինվորները և ընդհանրապես երկրի անգրագետ քաղաքացին: Նման մարդկանց, այդպիսի երկրի համար հեռանկար չկա, ապագա չկա:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է 12.05.2016