Ազգակցական ամուսնություններն Ադրբեջանում. վտանգավոր ավանդույթ
«Ավանդույթները ոչ թե անձ են կերտում, այլ՝ ընդհանուր առմամբ ընտանիք: Անձը, երեխան, երկրորդ հարցն է: Հնարավոր է, երեխան հիվանդ է: Հնարավոր է, որ փեսան ու հարսը չեն համապատասխանում գենետիկորեն կամ էրոտիկ առումով: Դա հաշվի չի առնվում: Միայն թե ընտանիք լինի: Մենք գիտենք, որ ավանդույթներն ընտանիք են պահպանում: Ընտանիքի առողջությունն ավելի բարձր է գնահատվում, քան անհատինը»:
Սա մեջբերում է 11 տարի առաջ նկարահանված «Ամուսնության գաղտնիքները» ֆիլմից, որը պատկանում է Ադրբեջանում փիլիսոփայության հայտնի պրոֆեսոր Հասան Գուլիևին: Խոսքը զարմիկների և զարմուհիների միջև ամուսնությունների մասին է: Ադրբեջանում, ինչպես աշխարհի շատ երկրներում, այդպիսի ամուսնությունները լայնորեն տարածված են, և երկար տարիներ այդ երևույթը խնդիր չէր համարվում: Ազգակցական ամուսնությունների վրա ուշադրություն սկսեցին դարձնել և դրանց մասին խոսել թալասեմիայով՝ հազվագյուտ ժառանգական հիվանդությամբ, հիվանդների անհանգստացնող բարձր տոկոսի պատճառով: Բժիշկները համարում են, որ հենց ազգակցական ամուսթյուններն են դրա պատճառը:
2015թ-ից սկսած՝ Ադրբեջանում բոլոր զույգերն ամուսնանալուց առաջ պարտավոր են բժշկական հետազոտություն անցնել, որպեսզի ապագա ամուսիններն իմանան երեխաներին ինչ-որ ժառանգական հիվանդություններ փոխանցելու ռիսկի մասին:
Ադրբեջանում, սակայն, ազգակցական ամուսնությունների վիճակագրություն չկա, ինչպես հաղորդեցին Վիճակագրության պետական կոմիտեում:
Ադրբեջանական հասարակությունում տարբեր կարծիքներ կան այդ հարցի վերաբերյալ. ինչ-որ մեկն ազգակցական ամուսնություններում ոչ մի վատ բան չի տեսնում, ինչ-որ մեկը պնդում է, որ դրանք պետք է արգելել (ինչպես, օրինակ, ԱՄՆ շատ նահանգներում): Մենք կփորձենք պարզել, թե որոնք են այդ ամուսնությունների տարածվածության պատճառն ու ինչ հետևանքներ դրանք կարող են ունենալ:
Ռեյխան Ահմեդովա
«Երբ մայրս իմացավ, որ ինձ սիրահարված է զարմիկս, ասաց, որ ինձ օտարի հետ կամուսնացնի: Ես ընդդիմացա: Ես նրան շատ էի սիրում: Բացի այդ, ես վախենում էի, որ օտարի հետ ամուսնանամ, նա ինձ կլքի»:
45 տարի առաջ իրար խելահեղ սիրող զարմիկներն ամուսնացան: Ընտանիքը, որում երեք երեխա ծնվեց, առաջին մի քանի տարին երջանիկ էր: Ռեյխան Ահմեդովան ասում է, որ ամուսնանալիս ոչինչ չգիտեր ազգակցական ամուսնություններից հիվանդ երեխաների ծնվելու հավանականության մասին.
«Այն ժամանակ նման բաներ չկային: Եվ այսօր ես այդ ամեն ինչին չեմ հավատում: Այդպիսի բան շատ հազվադեպ է լինում»:
Երբ ավագ դուստրը սովորելիս է եղել տասներորդ դասարանում, Ռեյխանի 37-ամյա ամուսինը կաթվածից մահացել է:
«Նրա մահվանից հետո ձեռքս էլի են խնդրել, սակայն ես էլ չեմ ամուսնացել: Այն բանից հետո, երբ նա ինձ լքեց, ես դեռ երկար տարիներ սեղանին ավելորդ ափսե էի դնում, կարծես, նա հիմա պետք է գար»:
Ռեյխան Ահմեդովան արտասուքն աչքերին պատմում է, որ ամուսնուն մինչև հիմա երազում է տեսնում.
«Ես երբեք չեմ ափսոսել, որ ամուսնացել եմ զարմիկիս հետ: Եվ երբեք չեմ քննադատել ազգակցական ամուսնությունները: Աղջիկներիս մեկին ես ամուսնացրել եմ հեռավոր ազգականի հետ: Կամուսնացնեի, անգամ եթե ուզեին ամուսնանալ մոտ ազգականի հետ»:
65-ամյա կինը, որը ստիպված է եղել ինքնուրույն մեծացնել և ամուսնացնել աղջիկներին, ասում է, որ իր թոռներին պատրաստ է ամուսնացնել, եթե նրանք սիրահարվեն ազգականների:
Նուրանա Հաջիևա
«Իրականում, ես վատ էի վերաբերվում ազգակցական ամուսնություններին: 2006թ-ին եկավ զարմիկս, որը մանկուց Ղազախստանում էր ապրում: Նա ինձ օտար մարդ էր թվում, այլ ոչ թե եղբայր: Մենք մինչ այդ նրա հետ երբեք չէինք հանդիպել: Երբ մեկ տարի անց մենք ուզեցինք ամուսնանալ, հայրս կատեգորիկ դեմ էր: Ասաց, որ մեծ հավանականություն կա, որ հիվանդ երեխաներ կունենանք: Ես նրան չլսեցի: Բացի այդ, զարմիկիս մայրն այլ ազգության է: Ես ու ամուսինս հույս ունեինք, որ երեխաներն առողջ կծնվեն»:
Մեկ տարի անց նա աղջիկ է ունեցել, իսկ մեկուկես տարի անց չպլանավորված հղիության արդյունքում տղա է ծնվել, և երկու երեխաների մոտ էլ բժիշկները մանկական ուղեղային կաթված են ախտորոշել:
«Իրականում մենք մինչև օրս հստակ չգիտենք, թե արդյոք երեխաների հիվանդությունը կապված է ազգակցական ամուսնության հետ: Երկու անգամ էլ հղիությունների ընթացքում արյանս մեջ վարակ է եղել: Ես մինչև վերջ չեմ բուժվել: Դա չտեղեկացվածություն անվանենք: Հետո ինչ, թե համալսարան եմ ավարտել: Վերջին անգամ բժիշկները մեզ ասացին, որ հիվանդության ախտորոշման և դրա առաջացման պատճառների հստակեցման համար մենք պետք է գենետիկական անալիզ հանձնենք: Իսկ դրա համար մենք գումար չունեինք»:
33-ամյա Նուրանա Հաջիևայի խոսքով՝ ամուսինը չի կարող աշխատել, քանի որ Ղազախստանի քաղաքացի է, և երկու հիվանդ երեխաների համար հոգ տանելը ծանր է ինչպես բարոյապես, այնպես էլ նյութապես.
«Աղջիկս 9 տարեկան է, տղաս՝ 7: Իհարկե, հեշտ չէ երկու հատուկ երեխաների դաստիարակել: Նրանք իրենց հասակակիցներից հետ են և ֆիզիկական, և հոգեկան զարգացվածությամբ: Նրանք ուզում են խաղալ իրեն հասակակիցների հետ, սակայն ֆիզիկական հնարավորությունները թույլ չեն տալիս դա անել: Ես ստիպված եմ նրանց գրկած ման տալ: Բայց, փառք աստծո, գիտակցություն և բանականություն ունեն: Ինքնուրույն են ուտում, հագնվում»:
Այսօր սերը Նուրանային անցողիկ զգացմունք է թվում: Բացի այդ, մինչ օրս նա հորից ոչ մի նախատինք չի լսել, օրինակ, «ես քեզ ասում էի», նրա խիղճը տանջում է, որ ժամանակին հորը չի լսել: Նա կոչ է անում ազգականների հետ ամուսնանալ պատրաստվող կանանց ուշադիր լինել.
«Չեմ կարծում, որ մեր ժողովուրդը կենթարկվի այդ արգելքներին: Սակայն կցանկանայի, որ դա կարգավորվեր օրենքով: Նվազագույնը, որ լուսավորչական աշխատանք տարվեր: Երբ մենք ամուսնացանք ամուսնությունից առաջ անպայման անալիզ հանձնելու մասին օրենք չկար: Եթե միայն այն լիներ… Թող գոնե նման ամուսնությունների պատրաստվող աղջիկներն ուշադրություն դարձնեն այդ անալիզներին: Ապագայում տառապելու փոխարեն թող գոնե իմանան, թե ինչի են գնում»:
Բժիշկների կարծիքը
Ազգակցական ամուսնությունների հնարավոր վնասի հարցում ադրբեջանցի բժիշկները համակարծիք են միմյանց, և այլ երկրների բժիշկների հետ:
Բաքվի №1 քաղաքային պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Քյուբրա Ջաբարովա.
«Նախարարների կաբինետի 2015թ-ի որոշումն ամուսնացողների պարտադիր բուժզննման մասին ընդունվել է նման ամուսնությունների հետևանքները կանխելու համար: Անալիզներ են հանձնվում: Եթե երկուսի մոտ էլ ինչ-որ ժառանգական հիվանդություն է հայտնաբերվում, երիտասարդներին այդ մասին հայտնում են: Օրենքը կտրականապես ոչինչ չի արգելում, սակայն երիտասարդները պետք է պատրաստ լինեն նրան, որ հիվանդությունը կարող է արտահայտվել երեխաների մոտ: Ազգակցական ամուսնությունները ոչ մի լավ բանի չեն բերում, դրանք երկարացնում են ժառանգական հիվանդությունների կյանքը»:
Ադրբեջանում ամուսնացողների պարտադիր բուժզննման ներմուծման օրվանից երկու տարի է անցել: Այդ ընթացքում 279 383 մարդ բուժզննում է անցել: Նրանցից 11 773-ը թալասեմիայի կրողներ են եղել:
Թալասեմիայի հանրապետական կենտրոնի գլխավոր բժիշկ Ջեյխուն Մամեդով.
«Թալասեմիան արյան ժառանգական հիվանդություն է: Այն առաջանում է պոլիպեպտիդ միացությունների սինթեզի նվազեցման արդյունքում, որոնք մարդու արյան հեմոգլոբինի կազմ են մտնում: Այն առաջացնող գենը ռեցեսիվ է, այդ պատճառով էլ հիվանդության պատճառը հիմնականում հենց ազգակցական ամուսնություններն են:
2009թ-ին կենտրոնի ստեղծման պահից 3045 մարդ է հաշվառման կանգնեցվել»:
Համեմատության համար. ողջ աշխարհում 300 հազար թալասեմիայով հիվանդ կա, այսինքն՝ Ադրբեջանում հաշվառման կանգնածները կազմում են հիվանդների համաշխարհային թվի մեկ տոկոսը:
Այնուամենայնիվ, կենտրոնի տվյալներով, 2012-2016թթ-ին մեկ տարում գրանցված հիվանդների թիվը նվազման միտում է դրսևորում.
2012 թ՝ 94 հիվանդ
2013 թ՝ 78 մարդ
2014 թ՝ 75 մարդ
2015 թ՝ 63 մարդ
2016 թ՝ 55 մարդ
Գենետիկան ամեն ինչ բացատրում է
«Էվրիմ ծառ» լուսավորչական պորտալի ղեկավար, Տեխասի տեխնոլոգիական համալսարանի (ԱՄՆ) կենսաբան-դոկտորանտ Չագրի Մերթ Բաքիրջին JAM news-ին տված իր մեկնաբանությունում բացատրում է, որ, թե ինչու է արյունակցական կապ ունեցող ծնողների մոտ հիվանդ երեխաների ծնվելու վտանգն ավելի մեծ.
«Որքան մոտ են ձեր ազգակցական կապերը մարդու հետ, այդքան մոտ են ձեր գեները: Դա նշանակում է, որ ձեր երեխայի գեները այդ նման գեների երկու օրինակ են ունենում (հոր և մոր): Առողջ գեների համար դա խնդիր չէ: Եթե դուք ամուսնանաք ոչ ազգականի հետ, այդ առողջ գեներն առանց այյդ էլ կփոխանցվեն ձեր երեխային: Խնդիրը կապված է այն գեների հետ, որոնք կարող են հիվանդություններ առաջացնել: Դրանց մեծ մասը ռեցեսիվ հիվանդություններ են: Ի՞նչ է դա նշանակում:
Եթե երեխան այդ գենի միայն մեկ օրինակն ունի, նա չի հիվանդանա: Սակայն եթե նա և մորից, և հորից նույն գենն է ստանում, այսինքն՝ երեխան կրում է երկու գենն էլ, նա ժառանգում է այդ հիվանդությունը: Այդ պատճառով էլ, երբ ազգականները որոշում են ամուսնանալ, աճում է այդ գենը երեխային փոխանցելու հավանականությունը: Հայրն ու մայրը (լինելով ազգականներ) կրում են նույն գենը, այդ պատճառով էլ ծնողներից ռեցեսիվ գեն ժառանգելու հավանականությունն ավելանում է 50 տոկոսով: Իսկ հավանականությունը, որ երեխան հիվանդ կծնվի, հավասար է 25 տոկոսի»:
Փորձագետն ասում է, որ եթե մեկը չունի այս կամ այն հիվանդության գենը, իսկ մյուսն՝ ունի, ապա այդ հիվանդությունը ժառանգելու հավանականությունը հավասար է զրոյի.
«Եվս մեկ պահ կա: Հիվանդանալու 25 տոկոս հավանականությունը, որի մասին ես արդեն խոսեցի, կարող է ձեզ փոքր թվալ: Սակայն ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել այն բանի վրա, որ հնարավորությունն աճում է 0-ից մինչև 25: Դա նշանակում է, որ չորս երեխաներից մեկը հիվանդ կծնվի:
Կարևոր է նաև այն, որ այդ անալիզը միայն մեկ գեն և մեկ հիվանդություն է պարզում: Հաշվի առնելով, որ այդպիսի հիվանդությունները տասնյակներ են կազմում, երեխաներից մեկի մոտ այդ հիվանդություններից մեկի հայտնաբերման հավանականությունը, եթե նրա ծնողներն ազգականներ են, շատ բարձր է: Որոշ դեպքերում այդ հավանականությունը հավասար է 90%-ի: Այդ պատճառով էլ ազգակցական ամուսնությունները միանշանակ պետք է կանխել: Սակայն եթե, չնայած ոչ մի բանի, նման ամուսնությունը տեղի է ունենում, անհրաժեշտ է գենետիկական անալիզ և բժիշկների վերահսկողություն:
Ինչ վերաբերում է հիվանդություններին, որոնք կարող են արտահայտվել այդպիսի ամուսնություններում, ապա դա կարող է լինել մանկական ուղեղային կաթվածը, խլությունը, ֆիբրոզ-կիստոզային հիվանդությունը, հեմոֆիլիան, մանկական շաքարախտը, շիզոֆրենիան և 15-20 այլ հիվանդություններ»:
Սովորույթներ և ավանդույթներ
Սոցիոլոգ Սանուբար Հեյդարովան ասում է, որ ազգակցական ամուսնությունները սկիզբ են առնում դեռևս նախնադարյան համայնական հասարակարգի ժամանակներից.
«Այն ժամանակներում համայնքի ներսում ընտանիք կազմելն ավելի ընդունելի էր: Ունևոր ընտանիքները չէին ցանկանում իրենց հարստությունն ընտանիքից դուրս հանել: Որոշ համայնքներում մինչև հիմա դա գործում է: Օրինակ, Բաքվի ծայրամասերի որոշ ավաններում գյուղի սահմաններից դուրս երեխաներին չեն ամուսնացնում:
Աղքատ ընտանիքների ձգտումն այդ ամուսնություններին կապված է ավանդույթները պահպանելու ցանկության հետ, որոնք նրանք ժառանգել են ավագ սերունդներից: Նրանք դա անում են՝ առանց մտածելու, առանց պատճառը հասկանալու:
Հաճախ զարմիկների և զարմուհիների հանդեպ զգացմունքներ են առաջանում այն պատճառով, որ երիտասարդները մեծ մասամբ շփվում են հարազատների հետ: Եթե սոցիալականացումը տնից դուրս տեղի ունենար, նման բան չէր լինի»:
Խնդրի լուծումը
Այդ և այլ խնդիրների լուծումը փորձագետները տեսնում են լուսավորչական աշխատանքում:
Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրներով պետական կոմիտեի ներկայացուցիչ Այնուր Վեյսալովան ասում է, որ կոմիտեն փորձում է մարդկանց հասցնել այն խնդիրների մասին տեղեկատվությունը, որոնց հանգեցնում են ազգակցական ամուսնությունները:
«Մեզ մոտ լինում են տարբեր միջոցառումներ և նախագծեր: Մենք վավերագրական ֆիլմեր ենք նկարահանում այդ թեմայով, տարածում ենք տպագիր գրականություն: Հիմնականում դա կանխարգելիչ բնույթ է կրում: Սակայն կան արդեն ընտանիքներ, որտեղ հիվանդ երեխաներ են ծնվել: Մենք նրանց հետ էլ ենք աշխատում: Այդ ընտանիքներում հաճախ են հանդիպում ապահարզաններ ամուսնու նախաձեռնությամբ, որը կնոջը մեղադրում է, որ նա հիվանդ երեխա է ունեցել: Տարվա ընթացքում մեզ օգնության են դիմում տասնյակ նման ընտանիքներ:
Այնուամենայնիվ, մենք չենք կարող միջամտել մարդկանց կյանքին և արգելել նրանց ինչ-որ բան: Մեր պարտքը նրանց ռիսկերի մասին տեղեկացնելն է: Մենք երիտասարդներին միշտ խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել բուժզննման արդյունքներին, որն արվում է ամուսնությունից առաջ»:
Արգելքներ. որքանո՞վ է դա օրինական
2016թ-ին Տաջիկստանում մոտ ազգականների հետ ամուսնություններն արգելվեցին պետական մակարդակով: Արդյո՞ք Ադրբեջանում կարող է նման արգելք ուժի մեջ մտնել: Եվ ընհանրապես, արդյո՞ք արգելքը մարդու իրավունքների խախտում չի լինի: Մեկնաբանում է իրավաբան Սամիրա Աղաևան.
«Հետազոտությունները հաստատում են, որ ազգակցական ամուսնություններից ծնված երեխաների մոտ ժառանգական հիվանդություններ են ի հայտ գալիս: Եթե այդ հարցը դիտարկենք ազգի մասշտաբով, ապա դա հարված է նրա առողջությանը: Այդ պատճառով էլ, եթե որևէ պետություն արգելում է նման ամուսնությունները, ես դա ճիշտ եմ համարում: Եթե մենք դիտարկենք Եվրոպական կոնվենցիան կամ այլ միջազգային փաստաթուղթ, կտեսնենք, որ մարդու իրավունքներն ու ազատություններն իրենց սահմանափակումներն ու բացառություններն ունեն:
Սակայն, չնայած դրան, չեմ կարծում, որ Ադրբեջանում ազգակցական ամուսնությունները երբևէ կարգելեն:
Բացի այդ, կա նաև այնպիսի գործոն, ինչպիսին կոռուպցիան է, որում խճճվել է մեր երկիրը: Ոչինչ չի խանգարում մարդուն կաշառել բժշկին և փոխել անալիզների արդյունքները, օրինակ, ապագա ամուսնու հարազատներից հիվանդությունները թաքցնելու համար»:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լիա Բայրամովան անհիմն է համարում այն պնդումները, որ կաշառքի օգնությամբ կարելի է կեղծել ամուսնացողների բուժզննման արդյունքները:
«Այդ հիվանդությունների առկայությունն ամուսնության արգելքի չի բերում: Ինչո՞ւ պետք է այդ մարդիկ արդյունք կեղծեն: Մենք պարզապես մարդկանց հայտնում ենք իրենց հիվանդությունների մասին: Եվ կոչ ենք անում բուժվել»: