«Ազատություն Միշային». վրացի փորձագետները՝ Թբիլիսիում Սաակաշվիլիին ազատ արձակելու հանրահավաքի մասին
Վրացի փորձագետները՝ Սաակաշվիլիին ազատ արձակելու հանրահավաքի մասին
Հոկտեմբերի 14-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում հավաքվել էին տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք պահանջում էին բանտից ազատել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: «Ազատություն Միշային»՝ սա հանրահավաքի հիմնական կարգախոսն էր:
Քաղաքական մեկնաբանների և լրագրողների կարծիքով“ սա ընդդիմության ամենախոշոր հանրահավաքն էր «Վրացական երազանք» կուսակցության կառավարման ինը տարիների ընթացքում:
Ի՞նչ է նշանակում «Ազատություն Միշային» կարգախոսի ներքո այդքան մարդկանց բողոքը, և ի՞նչ հեռանկարներ ունի Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջը. JAMnews-ը մեկնաբանություններ է հավաքել քաղաքական մեկնաբաններից:
Յագո Կաչկաչիշվիլի, սոցիոլոգ
Սաակաշվիլիի ժամանումը Վրաստան և նրա ձերբակալությունը (իմ կարծիքով՝ նաև Սաակաշվիլիի հաշվարկով) որոշեց այն, ինչ տեսանք երեկ: Երկրում շատ են եղել կրիտիկական պահեր (մենք հիշում ենք նաև մարդկանց մոբիլիզացնելու փորձերը), բայց մենք 2012 թվականից ի վեր այդքան մարդ փողոցում չէինք տեսել:
Սաակաշվիլին հասկացավ, որ Վրաստանի քաղաքականությանը իր հեռակա միջամտության ռեսուրսները սպառվել են, և նրա «Ազգային շարժում» կուսակցությունը սկսել է «պտտվել նույն տեղում»: Վրաստան ժամանելուն պես (ինչը նշանակում էր նրա անվերապահ ձերբակալությունը)՝ Սաակաշվիլին ձեռք բերեց զոհի նոր դեր:
Այս նոր դերը, իր հերթին, մարդկանց ստիպեց կենտրոնանալ ոչ թե այն բանի վրա, որ նախկին նախագահն իր ժամանակ վատ բաներ է արել (և նա շատ է վատ բան արել), այլ նրա, որ նա լավ բաներ է արել:
Սաակաշվիլիի «դարաշրջանի» տեսլականի դիտանկյունը փոխվել է. Սաակաշվիլիին ընդդիմացող որոշ քաղաքացիներ (ակնհայտ է, որ նկատի չունեմ նրա նկատմամբ ֆիզիոլոգիական ատելություն ունեցողներին) սկսել են նրա իշխանությանը նայել այլ կողմից՝ դրական:
Կարծում եմ, երեկվա հանրահավաքի՝ համագործակցության մասին հռետորաբանությունը սրա շարունակությունն էր. «Ազգային շարժման» առաջնորդները (հատկապես Նիկա Մելիան) իրենց ելույթներում շեշտեցին, որ «Շարժումը» չի պատրաստվում միայնակ գալ իշխանության:
Այս հայտարարությունը հետին ազդեցություն ունի և է՛լ ավելի է «մեղմացնում» սահմանները «Ազգային շարժման» և այլ ընդդիմադիր կուսակցությունների միջև: Վերոնշյալի կապակցությամբ հարկավոր է հատուկ նշել, այսպես կոչված, «միջին» փոքր կուսակցություններին:
Իմ կարծիքով, նրանք պետք է հետևեն «Ազգային շարժման» հռետորաբանությանը, որ առանց իրենց մասնակցության՝ իշխանությունը չի փոխվի:
Սակայն, միևնույն ժամանակ, խոսենք այն առավելությունների և տարբերությունների մասին, որոնք նրանք ունեն «Ազգային շարժման» համեմատ (ի դեպ, այս համատեքստում ճիշտ եմ համարում, որ մյուս ընդդիմադիր կուսակցությունները որոշեցին չմիանալ երեկվա հանրահավաքին)։
Հակառակ դեպքում, հազիվ հայտնվող / նորաստեղծ և փոքր-ինչ ուժեղացած «երրորդ» կուսակցություններին սպասվում է ավելի մեծ սնանկություն, քանի որ ակնկալվում է, որ ուժեղացած «Ազգային շարժումը» փոշեկուլի պես կծծի «միջին» կուսակցությունների ցրված կողմնակիցներին:
Գուցե արժե մտածել միասնական, այլընտրանքային քաղաքական ճակատ ստեղծելու մասին:
Գիա Նոդիա, քաղաքագետ
Երեկվա հանրահավաքը կարևոր հոգեբանական շրջադարձ էր: Պատմականորեն այնպես է դասավորվել, որ երբ այդքան մարդ բողոքել է, կառավարությունը չի կարողացել երկար մնալ իշխանության ղեկին: Բայց դա չի նշանակում, որ այժմ ամեն ինչ նույնը կլինի:
Դժվար գործընթացների միջով դեռ պետք է անցնել: Իվանիշվիլիի ռեժիմը մնում է շատ լուրջ մարտահրավեր: Մենք սիրում ենք ծայրահեղություններ՝ մե՛կ շփոթություն և հուսահատություն, մե՛կ էլ՝ ծայրահեղ հույս: Երկուսն էլ սխալ են: Հանրահավաքը լավ անցավ, բայց՝ մեկ քայլով: Հաջորդ հանգրվանը ընտրությունների երկրորդ փուլում ինչ-որ բանի հասնելն է: Սրա հավանականությունը կա, բայց երաշխիքներ չկան:
Երեկվա մեծ հանրահավաքի կապակցությամբ ոմանք վախենում են, որ մենք ուղղակի «շրջապտույտ ենք կատարում»: Եթե ավարտվի Բիձինայի միանձնյա կառավարումը, նրան կփոխարինի մեկ այլ միանձնյա կառավարում` կրկին Միշան:
Ընդհանուր առմամբ, ես նույնպես կարծում եմ, որ երեսուն տարի, ինչ-որ առումով, մենք նույն տեղում ենք պտտվում, և վտանգ կա, որ սա կշարունակվի: Մենք փոխում ենք մեկ գերառաջնորդին մյուսով, իսկ հետո բողոքում ենք, թե ինչու չունենք ժողովրդավարություն: Սա ճշմարիտ մտահոգություն է: Ասեմ ավելին՝ կարծում եմ, որ Միշա-2-ը կարող է ավելի վատը լինել, քան 2004-12թթ. Միշան:
Ի վերջո, Արևմուտքի հետ հարաբերությունները շատ են բարդացել, և եթե Արևմուտքում չկան բարեկամներ, բացի Օրբանից և Կաչինսկուց (ինչպես հիմա է), դա մեզ համար խնդիրներ կստեղծի: Բայց սա ընդհանուր դատողություն է:
Ես որոշակի պատկերացում ունեմ, թե ինչ է, այսպես կոչված, «լիարժեք» ժողովրդավարությունը: Ես երբեմն դասախոսություններ եմ կարդում այդ թեմայով: Բայց հիմա մենք պետք է ելնենք մեր ունեցած ընտրություններից:
Առաջին հերթին, նույն տեղում պտտվելը վատ է, բայց շատ ավելի լավ, քան ադրբեջանա-բելառուսա-ռուսական տիպի կայուն ավտորիտարիզմը: Եթե Բիձինան երկար մնա, ապա դա տեղի կունենա միայն այս մոդելներին իր ռեժիմի անցման շնորհիվ:
Հուսով եմ, որ նա չի կարողանա դա անել, բայց այլ կերպ էլ չի կարող գոյատևել: Դրա համեմատ՝ նույնիսկ «վատ Միշայի» վերադարձը շատ ավելի լավ է:
Երկրորդ՝ ինձ համար միշտ անընդունելի է եղել համեմատելը Բիձինային և Միշային, կարծես երկուսն էլ հավասարապես անընդունելի են: Երկուսն էլ կարող են անընդունելի լինել, բայց՝ ո՛չ հավասարապես:
Նրանց միջև տարբերություն չդնելը, իմ կարծիքով, ծայրահեղական «շուաշիզմի»՝ տարբերություններն ագրեսիվորեն անտեսելու դրսևորում է (վրացական քաղաքական ժարգոնում «շուաշիստ» նշանակում է մարդ, որը երկու հիմնական կուսակցություններին էլ, հավասարապես, չի աջակցում — JAMnews)։
«Ազգային» կառավարությունը, իր բոլոր թերություններով հանդերձ, բարոյական է, ինտելեկտուալ և ամենակարևորը՝ իր արդյունքներով «Երազանքից» մի գլուխ բարձր է կանգնած:
Freedom House-ի գնահատականները կարևոր են, բայց՝ ոչ միայն դրանք:
Սաակաշվիլիի կառավարությունը երկիրը հասցրել է զարգացման որակապես նոր մակարդակի: «Երազանքը» նույնիսկ չի հավակնում որևէ բանի հասնել, բացի նրանից, որ դուրս մղեց «ազգայնականներին» և հետ չի ընդունում:
Բիձինան երբեք այլ օրակարգ չի ունեցել, բացի երկիրը իր անձնական «դաչան» դարձնելուց: Ամենակարևորն այն է, որ եթե Բիձինան պարտվի, ապա Միշան, իհարկե, շանս ունի վերադառնալու միանձնյա կառավարման, բայց դրա հնարավորությունն այնքան էլ մեծ չէ:
Դուք չեք կարող երկու անգամ մտնել նույն գետը: Փոխվում է հասարակության փորձն ու տրամադրությունը, էլ չենք խոսում օրենսդրության մասին: Միշան մոլեռանդ կողմնակիցներ ունի, բայց այն էյֆորիան, որ կար նրա նկատմամբ «Վարդերի հեղափոխությունից» հետո, այլևս հնարավոր չէ վերադարձնել:
Լաշա Բուգաձե, գրող
Երեկվա հանրահավաքը, թերևս, ամենալավատեսականն ու ոգևորիչն էր արդեն երեք տարի շարունակվող բողոքի երկարատև գործընթացում: Նիկա Մելիայի ելույթը նույնպես խոստումնալից ու նոր էր, որից բխում էր կոալիցիոն ուժերի միասնության և ժողովրդավարության նկատմամբ հավատի ամրապնդման հեռանկարը:
Պետք է հիշել, որ կեղծ ազատության և ընտրողականության վնասակար քաղաքականության երկարաժամկետ դարաշրջանին վերջ դնելու բանալին հոկտեմբերի 30-ի ընտրություններն են (քաղաքային ընտրությունների երկրորդ փուլը): Վրաստանը ռուսական Կովկասի հետամնաց և հարմարվող տարածաշրջան չէ և չի լինի, և դա պետք է դրսևորվի Թբիլիսիում, Քութայիսում, Բաթումում և Զուգդիդիում:
Վախթանգ Ձաբիրաձե, քաղաքագետ
Այս ակցիան արդեն տվել է իր արդյունքները, հասարակությունը տեսավ, որ «Ազգային շարժումը» կարող է բավականին լայնածավալ ակցիա կազմակերպել: Ես իրականում չէի սպասում նման արդյունքի, իսկապես բավական մեծ թվով մարդիկ կային:
Իսկ թե արդյո՞ք սա արդյունք կապահովի Սաակաշվիլիի համար, այդ մասին խոսք չկա և չի կարող լինել: Չեմ կարծում, որ այս գործողությունը կազդի մոտ ապագայում Սաակաշվիլիի ազատ արձակման վրա: Դա կախված է բազմաթիվ գործոններից, այլ ոչ թե միայն հանրահավաքին մասնակցած մարդկանց թվից:
«Ազգային շարժումը» նման հզոր ակցիաներ չէր կազմակերպել վերջին ինը տարիների ընթացքում: Ընդհանուր առմամբ, նրանք ունեին կես միլիոն ընտրող, նրանք գնացին քվեարկության և քվեարկեցին «Ազգային շարժման» օգտին, բայց պատրաստ չէին փողոց դուրս գալու: Այժմ նրանք պատրաստ են ոչ միայն ընտրությունների գնալ, այլև դուրս գալ փողոց:
Գիա Խուխաշվիլի, քաղաքագետ
Երկու խոսք «Վրացական երազանքի» կողմնակիցների մասին, որոնք ասում են, որ իրենք նույնպես դուրս կգան փողոց և ցույց կտան իրենց աջակցողների թիվը: Ես ուզում եմ ձեզ ասել տհաճ ճշմարտությունը. իրականում, դուք այնքան էլ շատ չեք:
Նույնիսկ Միշայի հակառակորդներին, որոնց հաշվին պարծենում էիք և ում վրա հույս ունեիք, դուք այլևս դուր չեք գալիս: Իհարկե, դուք դեռ կարող եք ամեն ինչ կառուցել Միշայի նկատմամբ ունեցած նրանց ատելության վրա և ոչխարների պես քշել նրանց, բայց կա մեկ խնդիր. որպես կանոն՝ ցանկացած ակցիա ներշնչվում է ոչ միայն անցյալի ժխտմամբ, այլև ապագայի հանդեպ հավատով։
Ի՞նչ անել այն փաստի հետ, որ ձեր մեջ այդ հավատն այլևս գոյություն չունի։