«Վերադառնալ Ղարաբաղ, բացել այնտեղ երաժշտական դպրոց, իսկ երեխաները համերգներ կտան Բաքվում»
Թահիր Իբիշևը ծնունդով Ֆիզուլիի շրջանից է, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Արցախյան երկրորդ պատերազմից հետո։
«Հայրական տունս Հորադիզ ավանում էր։ Իսկ մի քիչ հեռու՝ Փիրահմեդլի բնակավայրում, հայրական կողմի պապս ու տատս են ապրել։ Մենք նրանց տուն էինք գնում արձակուրդին։ Այդ վայրի հետ կապված են մանկությանս ամենաերջանիկ և ամենասարսափելի հիշողությունները։
Բակում հսկա սաղարթախիտ տանձենի էր աճում, դրան ճոճանակ էր կապված, որի վրա ճոճվում էինք, ինչպես այն ժամանակ էր թվում, մինչև երկինք։ Շունչս կտրվում էր։ Եվ ամեն գիշեր ականջ էի դնում խորհրդավոր, հուզիչ ձայներին։ Եվ անգամ սայլի անիվների ճռճռոցն էր առանձնահատուկ թվում»։
Թահիր Իբիշևը ծնունդով Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանից է։ Նրա ընտանիքը Բաքու է տեղափոխվել 1993 թ-ին, երբ շրջանն անցել է Հայաստանի վերահսկողության տակ
«Երբ պատերազմը սկսվեց, հինգ-վեց տարեկան էի, բայց արդեն հասկանում էի, թե ինչ է կատարվում։ Դժվար էլ էր չհասկանալը․ ռազմական ուղղաթիռները գլխավերևում պտտվում էին, կրակոցներ էին լսվում։ Մենք զինվորներից փամփուշտներ էինք խնդրում, մի ամբողջ կույտ էինք հավաքել և պահում էինք ծակված ռետինե գնդակի մեջ։ Երբեմն գնդակը հանում էինք պարկուճից, բարութը թափում էինք և հիացմունքով այրում այն։ Փամփուշտի հոտը մեզ նույնքան հարազատ և հաճելի էր թվում, ինչպես տրորված կանաչ խոտի բույրը։ Այդ ամառ նույնպես պապիկենց տուն գնացինք և մի անգամ անտառում հրաձգության տակ հայտնվեցինք։ Հրաշքով փրկվեցինք։ Դա էլ հենց ամենասարսափելի հիշողությունն է, որը կապված է Փիրահմեդլիի հետ։ Եվ այժմ այդ գյուղը հիշելիս իրարամերժ զգացողություններ եմ ունենում»։
1994 թ-ին Ադրբեջանն իր վերահսկողության տակ է առել Ֆիզուլիի շրջանի մի մասն, ու Հորադիզ ավանի բնակիչները, որտեղ մնալն այլևս անվտանգ չէր, կարողացել են վերադառնալ այնտեղ։ Սակայն շրջանի հյուսիս-արևմտյան հատվածը՝ ներառյալ Փիրահմեդլին, մնացել է հայկական ուժերի վերահսկողության տակ։ 1997 թ-ին Թահիրը կրկին Հորադիզ է մեկնել։
«Ավանը շատ էր տուժել, և այդ ժամանակ սկսվել էր դրա աստիճանաբար վերականգնումը։ Ես 12 տարեկան էի, երբ մենք այնտեղ մեկնեցինք ավագ եղբորս հետ։ Նա ինձ բերեց ինչ-որ ամայի վայր, բահը ձեռքս տվեց և ասաց՝ ինչ անել։ Ես հնազանդորեն փորում էի՝ չհասկանալով, թե ինչի համար է դա, հետո հարցրի․
— Ինչո՞ւ ենք այստեղ աշխատում։ Արի տուն գնանք։
— Սա է հենց տունը, — պատասխանեց նա։
Միայն այդ ժամանակ հասկացա, որ այդ վայրում առաջ մեր այգին էր, որտեղ հրաշալի ծիրանենիներ, նռնենիներ և այլ մրգատու ծառեր էին աճում։ Դրանցից ոչինչ չէր մնացել։ Իսկ մի քիչ հեռու տան մնացորդներն էին, որը գրեթե մոխրացել էր պատերազմի ժամանակ։ Մարդիկ, որոնք վերջինն էին լքել ավանը, պատմում էին, որ մեր տան կողմից հրաձգության ձայն էր լսվում։ Իսկ դրանք այն փամփուշտներն էին պայթում, որոնք մանուկ ժամանակ հավաքել էինք։
Փլատակների մեջ գտա նաև իմ հին խաղալիքները՝ մեծապես վնասված։
Մանուկ ժամանակ մենք ամեն երեկո սպասում էինք, որ հայրիկը տուն գա, ողջ ընտանիքով ընթրում էինք, ծնողներին մեր ունակություններն էինք ցուցադրում և գովասանք ստանում։ Այսպես էլ ձևավորվում են սերունդները․ ծնողները երեխաների ընդունակություններն ու տաղանդներն են նկատում և սկսում զարգացնել դրանք, իսկ երեխաներն այդ կերպ գիտակցում են հասարակությունում իրենց տեղը, մշակութային հիմքն ու կյանքի նպատակը։
Սակայն, երբ ընտանիքը կտրվում է իր մշակութային միջավայրից, իր հասարակությունից, առօրյա կյանքից և ստիպված է լինում մտածել, թե ինչպես կենդանի մնալ, ամեն ինչ ի չիք է դառնում։
Ցավոք, 19-րդ դարի սկզբից ղարաբաղցիներն անընդատ ստիպված են լինում լքել հարազատ հողերը։ Եվ դա հնարավորություն չի տալիս մշակութային ճյուղերի և հին ավանդույթների զարգացման համար, որոնք վաղեմի ժամանակներից գոյություն են ունեցել Ղարաբաղում։ Սակայն, չնայած բոլոր այդ դժվարություններին, Ղարաբաղն, այնուամենայնիվ, համարվել է և համարվում է Ադրբեջանի մշակութային կենտրոն և «կոնսերվատորիա»։
Իսկ տունը մենք վերականգնեցինք, և այնտեղ մինչև իրենց կյանքի վերջն ապրեցին մորս ծնողները»։
Թահիրն ավարտել է դպրոցն, ընդունվել Բաքվի երաժշտական ակադեմիա, դարձել կոմպոզիտոր և դասախոս, սովորել Ավստրիայի մագիստրատուրայում և Ադրբեջան վերադարձել։ Այժմ նրանց ընտանիքն ապրում է Բաքվի մերձակայքում գտնվող Սաբունչի ավանում։ Իսկ Փիրահմեդլի գյուղն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թ-ի աշնանը։
«Եվ ես, և երկու եղբայրներս այնտեղ՝ Փիրահմեդլիում ենք գրանցված։ Այնպես որ, ըստ էության, մեզ հասնում է հողի մի մասը։ Սակայն մենք դեռևս չենք պարզել ոչ մի իրավաբանական դետալ։ Պարզ է, որ վերադարձը ո՛չ վաղն է հնարավոր լինելու, ո՛չ մեկ և ո՛չ էլ երեք տարուց։ Միայն ականազերծումը շատ ժամանակ կտանի, էլ չեմ խոսում որևէ ենթակառուցվածքի ստեղծման մասին։ Այնպես որ, հիմա ցայտնոտի մեջ ընկնելու իմաստ չկա։
Բացի այդ, ինձ այնքան էլ խելամիտ չի թվում յուրաքանչյուր գյուղ վերականգնելը։ Ավելի տրամաբանական կլիներ այնտեղ մեծ բնակավայր կառուցելն ականազերծված բարենպաստ ռելիեֆով տարածքում։ Իհարկե, սա պարզապես իմ տեսլականն է, չգիտեմ՝ իշխանություններն այդպես կանեն, թե ոչ։
Սակայն, երբ դա տեղի ունենա, երբ այդ վայրերում վերսկսվի նորմալ կյանքը, կցանկանայի երաժիշտների խումբ հավաքել և այնտեղ երաժշտական դպրոց բացել։ Սա միայն երազանք չէ, այլ լիովին լուրջ նախագիծ, որը կառաջարկեմ մշակույթի նախարարությանը, երբ ժամանակը գա։
Ես պատրաստ եմ այնտեղ ապրել, երեխաներին սովորեցնել և ամիսը մի քանի անգամ Բաքու բերել և համերգներ տալ՝ ցույց տալու համար, որ կատարողական և երաժշտական-էսթետիկ մակարդակը կախված չէ նրանից, թե որտեղ ես ապրում՝ քաղաքում, թե գյուղում։
Ինձ չի վախեցնում մայրաքաղաքից շրջան տեղափոխվելը։ Նախ, այնտեղ բնությունը հիասքանչ է, լռություն է, ստեղծագործելու համար կատարյալ պայմաններ։ Երկրորդ հերթին՝ եթե սիրած աշխատանքով ես զբաղվում, ի՞նչ տարբերություն, թե որտեղ։ Թող դա նույնիսկ այն բակը չլինի՝ սաղարթախիտ տանձենիով և ճոճանակով»։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։