Ադրբեջանցի քաղաքական ակտիվիստը բողոքում է գաղութի անտանելի պայմաններից
NIDA քաղաքացիական շարժամն ակտիվիստ Իլկին Ռուստամզադեն, որը մի քանի հանրահավաք կազմակերպելու համար դատապարտվել էր ութ տարվա ազատազրկման № 13 գաղութից հեռախոսեվ թելադրել է իր ուղերձը։
Այն հրապարակվել է NIDA քաղաքացիական շարժման ֆեյսբուքյան էջում և տարածվել է ակտիվիստի բազմաթիվ ընկերների, ծանոթների և ընկերների ընկերների կողմից՝ արդյունքում հայտնվելով լրատվամիջոցներում:
NIDA քաղաքացիական շարժումը Բաքվում ստեղծվել է 2011թ-ին մի խումբ երիտասարդների կողմից: Շարժումը բողոքի բնույթ ունի: NIDA-ի անդամներն իրենց խնդիրն են համարում մարդու իրավունքների պաշտպանությունն ու սոցիալ-իրավական փոփոխությունների անցկացումն Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ստեղծման նպատակով:
Իր ուղերձում Ռուստամզադեն բողոքում է հետևյալից.
— ողնաշարի կիստայի հեռացման վիրահատությունից հետո նրան դուրս են գրել սանիտարական մասից՝ թույլ չտալով նորմալ ապաքինվել,
— արգելել են հեռախոսով խոսել Շվեդիայում բնակվող իր ընկերուհու հետ,
— անընդհանտ ցանկացած առիթով ստիպում են բացատրագրեր գրել:
Նրա հետ միասին 6-8 տարվա ազատազրկման դատապարտվեց NIDA-ի ևս 7 անդամ, որոնց հետո ներում է շնորհվել։
Իսկ Իլկին Ռուստամզադեն մինչ այժմ կրում է իր պատիժը: Որոշ իրավապաշտպաններ կարծում են, որ դա վկայում է նրա անկոտրում լինելու մասին: Իսկ դա, իր հերթին, պատճառ է դարձել այն ճնշման, որից նա բողոքում է: Ռուստամզադեն կտրականապես հրաժարվում է ներում շնորհելու համար խնդրանք գրել։
Սա դատապարտված ընդդիմադիրների և քաղաքացիական ակտիվիստների՝ իրենց հանդեպ դաժան վերաբերմունքի վերաբերյալ առաջին հայտարարությունը չէ:
Ծեծից, բուժօգնություն չտրամադրելուց և ճնշումներից բողոքում էին նաև «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը, NİDA-ի ևս երկու ակտիվիստ Գիաս Իբրահիմովն ու Բայրամ Մամեդովն ու այլոք:
Բայրամի ու Գիասի պատմության մանրամասները JamNews-ի տեսանյութում
Մասնավորապես, Բայրամ Մամեդովը բողոքում էր, որ, լինելով ծանր հիվանդ, ոչ մի բուժում չի ստացել: Ընդհակառակը, նրան բանտախցում զուգարանի մոտ են տեղ տվել, որտեղ տարանցիկ քամի և գարշահոտություն է, և երկար պահել են փողոցում վատ եղանակին: Արդյունքում Բայրամը հացադուլ է հայտարարել և դադարեցրել այն, միայն երբ գաղութի ղեկավարությունը խոստացել է փոխել նրա տեղն ու սկսել բուժել:
Ամենաաղաղակող դեպքն ակտիվիստ և բլոգեր Մեհման Գալանդարովի ինքնասպանությունն էր: 2017թ-ի ապրիլին նա կախվել էր քննչական մեկուսարանում:
Իրավապաշտպան Էլդար Զեյնալովը բացատրեց, թե ինչպես կարող է դատապարտյալն արդարության հասնել նման դեպքերում: Եթե բողոքն ապացույցներ ունի, փաստաբանը կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դատարանը, եթե հարկ համարի, այդ փաստի առթիվ հետաքննություն կնշանակի:
Սակայն հետաքննությունն անցկացնելու է բանտի ղեկավարությունը կամ դատախազությունը: Եվ, որպես կանոն, այս փուլում ամեն ինչ զրոյանում է: Մի քանի անգամ Եվրոպական դատարանը խախտումներ է հայտնաբերել հետաքննության ընթացքում, սակայն ոչ մի պաշտոնական արձագանք դրան չի հետևել:
«Որքան հիշում եմ, ոչ ոք երբեք չի պատժվել դատապարտյալի հետ դաժան վերաբերմունքի համար, իսկ տուժածները լավագույն դեպքում ստացել են փոխհատուցում», – ասում է Էլդար Զեյնալովը:
Նրա տեսանկյունից Իլկին Ռուստամզադեն պետք է իր բողոքն ավելի պաշտոնական կերպով ձևակերպի և, սկզբի համար, դիմի փաստաբանի օգնությանն, այլ ոչ թե ընկերների: