Ադրբեջանցի ուսանողուհին դատապարտվել է 400-ժամյա ուղղիչ աշխատանքների ազգային հերոսի սխրանքի վրա կասկածելու համար
Հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի Նարմին Շահմարզադեին դատարանը դատապարտել է 400-ժամյա ուղղիչ աշխատանքների ֆեյսբուքյան գրառման համար, որում նա կասկած է հայտնել Ադրբեջանի ազգային հերոս Մուբարիզ Իբրահիմովի սխրանքի վերաբերյալ։
• Ինչո՞ւ է Ադրբեջանում դժվար պացիֆիստ լինելը
• Ֆեմիցիդը Վրաստանում․ հայտարարված մահերի ժամանակագրություն
2018 թ-ի դեկտեմբերին արված գրառումը հասարակությունում վրդովմունքի ալիք էր բարձրացրել։ Աղջկան սկսել են հալածել և պահանջել պատժել։ Պատգամավոր Մուսա Գուլիևն առաջարկել է նրան քրեական պատասխանատվության ենթարկել։
Դատարան մի քանի բողոք է ներկայացվել, սակայն, արդյունքում, ընդունվել է միայն Մուբարիզ Իբրահիմովի մոր բողոքը։
Նարմին Շահմարզադեն բողոքարկել է վճիռը, սակայն մերժում է ստացել։
Ո՞վ է Մուբարիզ Իբրահիմովը
1991-1994 թթ-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ էր ընթանում Լեռնային Ղարաբաղի համար, որն Ադրբեջանի վարչական մաս էր և հիմնականում հայերով էր բնակեցված։ Այն բանից հետո, երբ 1994թ-ին հրադադար կնքվեց, Ղարաբաղը մնաց Հայաստանի վերահսկողության տակ, իսկ հակամարտությունը սառեցված է համարվում։ Սակայն այստեղ պարբերաբար փոխհրաձգություն է տեղի ունենում։
Մուբարիզ Իբրահիմովն ադրբեջանական բանակի պայմանագրային զինծառայող էր։ Զոհվել է 2010թ-ին Ադրբեջանի Տերտերի շրջանի շփման գծի մերձակայքում։ Նրա մահվան հանգամանքները մինչև այսօր չեն բացահայտվել։ Ադրբեջանական վարկածի համաձայն՝ Իբրահիմովը զոհվել է մարտի ժամանակ հայկական կողմի հարձակումը հետ մղելիս։ Հայկական կողմի վարկածի համաձայն՝ նա հատել է շփման գիծն ու դիվերսիա կազմակերպել, որի հետևանքով մի քանի հայ զինվոր է զոհվել։ Իբրահիմովին հետմահու շնորհվել է Ադրբեջանի Հանրապետության հերոսի կոչում։
Նարմին Շահմարզադե․ հալածանք և փառք
Նարմին Շահմարզադեն սովորում է Բաքվի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում։ Նա իր տեսաբլոգն էր վարում, սակայն սկանդալից առաջ քչերին էր հայտնի։
2018 թ-ի դեկտեմբերի 5-ին իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում Նարմինը գրել էր․
«…Սակայն եթե մեկին սպանում ես ոչ մարտից ժամանակ, հայրենիքը, հարազատներիդ կամ սեփական կյանքը կորցնելու վտանգից դուրս, ապա, իմ կարծիքով, դա դաժանություն է։ Միգուցե նրա կողմից սպանված հայը ծնվել էր արդեն այս բոլոր իրադարձություններից հետո, ոչ մի բանի համար ոչ մի գրամ մեղավոր չէր, իսկ ճակատում գտնվելիս վախ էր զգում և օրերն էր հաշվում, որ տուն վերադառնա։ Միգուցե գլուխը բարձին դնելուց առաջ նա մտածում էր, որ ընտանիքի հետ վերամիավորմանը մնացած օրերից ևս մեկն անցավ։ Բայց ինչ-որ մեկը նրան սպանեց՝ մեղադրելով մի բանի համար, ինչ նա չէր արել։ Ավելին, եթե Մուբարիզը կենդանի մնար և հետ վերադառնար, հավանաբար ռազմական հանցագործության մասին գործ կհարուցվեր։ Որովհետև նա հատել էր սահմանը (նկատի ունի շփման գիծը – խմբ․) առանց հրամանի։ Իրականում մարդը, որին մենք հերոս ենք անվանում, պետական քաղաքականությունը սպառնալիքի տակ է դրել»։
Այս գրառումը շատ էր զայրացրել ադրբեջանական հասարակության այն հատվածին, որը հայրենասիրական մղումներով է առաջնորդվում։ Աղջկա հասցեին սկսեցին վիրավորանքներ և սպառնալիքներ տեղալ։ Թեև գտնվեցին նաև մարդիկ, որոնք պաշտպանում էին նրան։
Որոշ ժամանակ անց Նարմինը սոցցանցերում Մուբարիզ Իբրահիմովին ծնողներին խնդրել էր ներել իրեն, եթե ինքը վիրավորել է նրանց։
Ժամանակի ընթացքում այս դեպքի շուրջ աղմուկը հանդարտվեց, սակայն Նարմինը որոշակի հայտնիություն և անգամ պոպուլյարություն ձեռք բերեց։ Այդ օրվանից նա էլի մի քանի անգամ սադրիչ գրառումներ է կատարել, սակայն ոչ ռազմական թեմատիկայով։ Նա նաև գենդերային հարցերով ակտիվիստ է։
«Փողոցներ ավլելն ամոթ չէ»
Նարմին Շահմարզադեին սկզբից զրպարտության մեղադրանք էր առաջադրվել։ Սակայն հետագայում այդ հոդվածով նա արդարացվեց և դատապարտվեց 400-ժամյա ուղղիչ աշխատանքների վիրավորանքի մեղադրանքով։
Երբ խոսքը գնում է կանանց մասին, ապա ուղղիչ աշխատանքների տակ Ադրբեջանում, որպես կանոն, ենթադրվում է փողոցներ մաքրելը։
Նարմին Շահմարզադեն վճիռն արդար չի համարում։ Նա հիշեցնում է, որ նախորդ երկու դատավորները կասեցրել էին գործը, և ենթադրում է, որ երրորդ դատավորի վճիռը հասարակական ճնշման հետևանք էր։
Նա մտադիր է դատարանի վճիռը բողոքարկել բոլոր ատյաններում՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, «որովհետև դա խոսքի ազատության սահմանափակում է»։
«Իսկ եթե վճիռն ուժի մեջ մնա, և եթե ինձ առաջարկեն ընտրել ուղղիչ աշխատանքների տեսակը, ես կընտրեմ փողոց ավլելը։ Քանի որ փողոց ավլելն ամոթ չէ։ Դա ինչ-որ նվաստացուցիչ բան համարելը կնշանակի նվաստացնել հավաքարարների աշխատանքն ու անձը», — գրել է Նարմինը Ֆեյսբուքում։