Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները․ 30 տուժած մարդ և աստղադիտարանի ճաքած պատեր
Երկու կոտրվածք, մեկ սալջարդ, արյան զեղում և մեծ սթրես․ այսպիսին են փետրվարի 5-ի գիշերն Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները։ Զոհեր չկան։
Ընդհանուր առմամբ բուժօգնության է դիմել 30 մարդ։ Նրանցից երեքը վնասվածքներ են ստացել, մեկն ուղեղի արյան զեղում, մնացածները բողոքել են հիմնականում սթրեսի հետևանքով արյան ճնշման բարձրացումից։
• Միգուցե մարմարը չափազանց շա՞տ է Բաքվում
Երկրաշարժի հետևանքով տուժել են նաև բնակելի տներ, ճաքեր են հայտնվել հինգ դպրոցի պատերին, մի թեթև վնասվել է Շամախու աստղադիտարանի շենքը։
Փետրվարի 7-ին Շամախի է ժամանել նախագահ Իլհամ Ալիևը՝ դեպքի վայրը տեսնելու և բնակչության հետ շփվելու։
Երկրաշարժի էպիկենտրոնը Շամախ-Իսմայիլի շրջանն է եղել (մայրաքաղաքից 130կմ դեպի հյուսիս-արևմուտք)։ Երկու ուժեղ ցնցում է գրանցվել 4-5 բալ մագնիտուդով և մի քանի պակաս ուժգնության ցնցումներ։ Առավել շատ տուժել է Շամախի քաղաքը։
Բաքու են հասել երկրաշարժի միայն արձագանքները։ Քաղաքի որոշ շրջանների բնակիչներ ակնհայտ զգացել են ցնցումները, մյուսներն ընդհանրապես ոչինչ չեն զգացել։
Երկրաշարժն ակտիվորեն քննարկվել է սոցցանցերում։ Մարդիկ կիսվում էին իրենց տպավորություններով։ Ոմանք պաշտոնյաներին էին մեղադրում, որ «նախապես չեն զգուշացրել» (այն բանին, որ երկրաշարժը հնարավոր չէ կանխատեսել, նրանք չեն հավատում)։