Ադրբեջանում պաշտոնապես 73 փախստական է գրանցված
2016թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ադրբեջանի Միգրացիայի պետական ծառայությունում փախստականի կարգավիճակ ստացած 73 արտասահմանցի է գրանցված: Այդ մասին գրված է կառավարության՝ Միլլի մեջլիսին ներկայացրած հաշվետվությունում: Բացի այդ, կեցության իրավունք ունի 10 559 մարդ, ժամանակավոր կեցության իրավունք՝ այլ երկրների 37 752 քաղաքացի:
Վիճակագրական տվյալներում ավանդաբար չեն ներառվում Հայաստանից եկած փախստականները: Նրանք վաղուց ադրբեջանական անձնագրեր են ստացել, սակայն շարունակում են փախստական մնալ Ադրբեջան բռնի տեղահանումից 25 տարի անց, և օգտվում են փախստականների համար նախատեսված բոլոր արտոնություններից:
Հաշվետվությունը վարչապետ Արթուր Ռասիզադեն կներկայացնի խորհրդարանի լիագումար նիստին մարտի 17-ին:
Խորհրդարանում բազմիցս հարց է բարձրացվել Հայաստանից եկած փախստականների սոցիալական արտոնությունների պահպանման նպատակահարմարության մասին: Վերջին անգամ նախորդ տարվա դեկտեմբերին պատգամավոր Չինգիզ Գանիզադեն առաջարկել է դադարել հայաստանից եկած տեղահանվածներին փախստական համարել: «25 տարվա ընթացքում փախստականների և բռնի տեղահանվածների մեծ մասի բնակարանային հարցը լուծվել է», — ասել է Գանիզադեն, սակայն խորհրդարանը չի հաստատել այդ առաջարկը:
Հայաստանից եկած փախստականների թվի մասին մինչ այժմ միասնական կարծիք չկա: Ավանդաբար Ադրբեջանի իշխանությունները «մեկ միլիոնից ավել փախստական և բռնի տեղահանված (Լեռնային Ղարաբաղից և հարակից տարածքներից) թիվն են նշում: Այդ թվում ներառված են հենց Հայաստանից տեղափոխված 250 հազար փախստականները:
Փախստականների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը, սակայն, կարծում է, որ բռնի տեղահանվածների և փախստականների ընդհանուր թիվը ոչ թե մեկ միլիոն է, այլ մեկ միլիոն 200 հազար:
Հասանովը կարծում է, որ 1մլն թիվը 1992-1993թթ-ի վիճակագությունն է: Սակայն 20 տարվա ընթացքում երկրի բնակչության բնական աճը կազմել է 100:1, իսկ դա նշանակում է, որ փախստականների և բռնի տեղահանվածների թիվը նույնպես աճել է: «Տարեկան 10 հազար մարդով ավելանալով՝ այդ թիվը հասել է 1 մլն 200 հազարի: Դա նշանակում է, որ 9 մլն բնակչության 1մլն 200 հազարը փախստականներ և բռնի տեղահանվածներ են: Այսինքն՝ եթե աշխարհում 135 հոգուց մեկը փախստական է, ապա Ադրբեջանում փախստական է յուրաքանչյուր 8-րդը: Մեր խնդիրը շատ բարդ է» — ասել է Հասանովը 1news.az գործակալությանը:
Միջազգային հետազոտությունները կասկածում են Ադրբեջանի կառավարության տվյալների իսկության վրա: ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատի տվյալներով՝ Ադրբեջանում փախստականների թիվը մոտավորապես 200 հազար է, այստեղ ներառված են 50 հազար թուրք մեսխեթները, որոնք 1991թ-ին Ադրբեջան են տեղափոխվել Ուզբեկստանից:
Այդ թիվը համընկնում է բրիտանացի լրագրող Թոմաս դը Վաալի եզրակացությունների հետ:
«Ադրբեջանական բնակչության շրջանում տեղահանված անձանց ընդհանուր թիվը կազմում է մոտ 750 հազար մարդ, ինչը զգալիորեն ցածր է «մեկ միլիոնից», որն անընդհատ օգտագործում էր նախագահ Ալիևը: Սակայն այնուամենայնիվ դա ահռելի թիվ է: Այդ թվում 186 հազար ադրբեջանցի, 18 հազար մուսուլման քուրդ և 3,5 հազար ռուսներ են, որոնք 1988-1989թթ—ին Հայաստանից Ադրբեջան են տեղափոխվել», — իր «Սև այգի» գրքում գրել է դը Վաալը: