Ադրբեջանում հացը կարող է թանկանալ ևս 30%-ով
Ադրբեջանում հացը կարող է թանկանալ
Ադրբեջանում ալյուրի ու հացի վերջին թանկացումից երեք ամիս անց նորից սկսեցին խոսել այդ ապրանքների թանկացման մասին։ Երկրում հացը կարող է թանկանալ ևս 30%-ով։
Եթե տարեսկզբին պատճառը երկրում աշխատավարձերի ու թոշակների կտրուկ բարձրացումն էր, ապա այժմ գների վրա կարող են ազդել աշխարհաքաղաքական գործոնները։ Ադրբեջանը ամբողջ ցորենի մինչև 80%-ը ներմուծել է Ռուսաստանից։
Ուկրաինայում Ռուսաստանի օկուպացիոն պատերազմը չշրջանցեց Ադրբեջանի տնտեսությունը. ռազմավարական ապրանքների արտահանման արգելքը, որը հայտարարել է Ռուսաստանը, կարող է հանգեցնել ալյուրի և հացի գների հերթական բարձրացման։
Վերջին անգամ Ադրբեջանում ալյուրն ու հացը թանկացել են 2022 թվականի սկզբին։ Դա պայմանավորված էր հանրապետությունում գրեթե բոլոր ապրանքների թանկացմամբ, նվազագույն աշխատավարձի ու թոշակների կտրուկ բարձրացմամբ։
Տնտեսագետ, «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Նաթիկ Ջաֆարլիի կարծիքով՝ ներկայիս պայմաններում, երբ Ադրբեջանը ցորենի գրեթե 80%-ը ներկրում է Ռուսաստանից, թանկացումներն անխուսափելի են։
Մեկնաբանություն
«Այս տարվա հունվար-մարտին Ադրբեջանը 62 391,26 դոլարով ներկրել է 182 864,17 տոննա ցորեն։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ ներկրվող ցորենի գինն աճել է 30,6%-ով, իսկ ծավալը նվազել է 2,7%-ով։
Կրկնում եմ՝ հանրապետություն ներկրվող ցորենի ծավալները նվազել են, իսկ գինը՝ աճել։
Ամեն տարի ալյուրի ու հացի արտադրության համար երկրին անհրաժեշտ է 1 մլն 150 հազար տոննա ցորենի պաշար։ Վերջին ամիսներին համաշխարհային շուկաներում ցորենի գինն աճել է 30%-ով։ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել ցորենի արտահանման վրա։
Իսկ Ադրբեջանը ցորենի իր պահանջարկի 80%-ը բավարարել է Ռուսաստանից ներմուծման միջոցով։ Ղազախստանի և Հնդկաստանի հետ բանակցություններ են ընթանում, հավանաբար նոր պայմանավորվածություններ կլինեն։ Երկրում ցորենի դեֆիցիտ չի սպասվում, բայց գինը կտրուկ կբարձրանա՝ առաջիկա շաբաթներին ալյուրի, ալրային արտադրանքի և հացի ինքնարժեքի աճը կարող է հասնել 30-35%-ի»,- գրել է Ջաֆարլին։
Նրա կարծիքով՝ այս իրավիճակից երեք ելք կա.
«Դրանցից մեկը երկարաժամկետ է, մյուս երկուսը` միջնաժամկետ և միջնա-կարճաժամկետ:
Հասկանալի է, որ երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանն ինքը պետք է բավարարի ցորենի իր պահանջարկը։ Այսօր Ադրբեջանում աճեցվող ցորենի ընդհանուր քանակի միայն 25%-ն է պիտանի ալյուրի և հացի արտադրության համար։
Արդեն 11000 տարի, Միջագետքից սկսած, մարդը ցորեն է աճեցնում, թեկուզ պարզունակ, բայց սելեկցիա է անում, մշակում հողերի ոռոգման մեթոդներ։ Բայց Ադրբեջանը դեռևս չի կարող իրեն ապահովել բարձրորակ ցորենով, քանի որ չկա գիտական մոտեցում բիզնեսին, սերմնաբուծությունը թույլ է զարգացած, կան հողերի բարելավման, պարարտանյութերի ապահովման խնդիրներ։
Խնդրի լուծման կարճաժամկետ ճանապարհը հաց արտադրողին պետական լուրջ աջակցության տրամադրումն է՝ մտածված սուբսիդավորման քաղաքականությունը։ Տնտեսության այս ոլորտն ազատված է հարկերից, ինչը լավ է, բայց պետք է նաև սուբսիդավորել ալյուր ու հաց արտադրողներին։
Խնդրի լուծման կարճա-միջնաժամկետ ճանապարհն ավելի բարդ է և նույնիսկ մի փոքր փիլիսոփայական։ Բայց միևնույն ժամանակ դա շատ կարևոր է։
Գների բարձրացումն ինքնին սարսափելի չէ, սարսափելին այն է, որ երկրի քաղաքացիների եկամուտների մակարդակը ցածր է։ Եկամուտները պետք է ավելի արագ աճեն, քան գները, որպեսզի գնաճը չվերածվի սոցիալական խնդրի, աղքատության աճի։
Իսկ դրա համար պետք է արմատապես փոխվի կառավարության վերաբերմունքը բիզնեսին, մասնավոր նախաձեռնություններին։
Ինքը՝ նախագահը, իր ելույթներում հաճախ է արտաբերում «անազնիվ գործարարներ, սպեկուլյանտներ» բառերը։ Ստացվում է, որ հանրապետությունում կասկածամիտ ու օտարող վերաբերմունք կա տնտեսվարողների և մասնավոր նախաձեռնությունների նկատմամբ։ Քանի դեռ մասնավոր հատվածի, փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ հարգանքը ցածր է պաշտոնյաների նկատմամբ հարգանքից, բնակչության եկամուտները չեն աճի։
Իսկ եթե եկամուտները չաճեն, ապա գների աճին արձագանքն ավելի սուր կլինի, սոցիալական լարվածության հիմք կծառայի»,- հայտարարել է քաղաքագետ-տնտեսագետը։