Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան ևս երեք ամիս
Ադրբեջանում կարանտինային ռեժիմը կպահպանվի
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է կարանտինային հատուկ ռեժիմը, որը սահմանվել էր դեռևս 2020 թվականի մարտին։ Այսպիսով, հատուկ ռեժիմը երկարացվել է մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։ Սա նշանակում է, որ իշխանությունները ևս երեք ամիս փակ են պահելու Ադրբեջանի ցամաքային սահմանները։
- Ադրբեջանի Միլի Մեջլիսը քննարկում է արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը
- ՀՀ-ում քննարկում են Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվեի հնարավորությունը
- ԵՄ դեսպան. «Գործակալների մասին օրենքը սառեցրել է Վրաստանի եվրաինտեգրումը»
Նախկինում կառավարությունը կարանտինային ռեժիմի երկարաձգումը բացատրում էր կորոնավիրուսի տարածմամբ, սակայն այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չեղարկեց համավարակը, այդ փաստարկը սկսեց ոչ համոզիչ թվալ։
2024 թվականի ապրիլին Բաքվում «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը խոսել էր ցամաքային սահմանները փակ թողնելու որոշման մասին և այն ներկայացրել որպես երկրի անվտանգության ապահովման միջոց։
«Մենք մեր շուրջը տեսնում ենք անկայունություն տարբեր ոլորտներում: Ցամաքային սահմանը փակ պահելու որոշումը կայացվել էր կորոնավիրուսի պատճառով։ Ֆորմալ առումով մենք դեռ կարանտինային փուլում ենք, բայց միևնույն ժամանակ, եկեք անկեղծ լինենք, սահմանները փակ թողնելու որոշումը միայն դրա վրա չէ հիմնված։
Հիմա տեսնում ենք, որ սահմանների փակումից հետո Ադրբեջանում անվտանգությունն ուժեղացել է։ Նախկինում գրանցվում էին բազմաթիվ դեպքեր։ Դրանց մի մասը հրապարակվել է, մյուս մասը՝ ոչ։ Մենք բախվել ենք դրսից եկող լուրջ սպառնալիքների ու խնդիրների։
Երբ ես ասում եմ, որ մեր բոլոր պոտենցիալ ռիսկերը կարող են գալ դրսից, ես հենց դա նկատի ունեմ: Կարծում եմ՝ կհասկանաք, եթե շատ չմանրամասնենք: Բայց որպես նախագահ, որպես ամեն օր ազգային անվտանգության հարցերով զբաղվող մարդ՝ կարող եմ ասել, որ սահմանների փակումը հսկայական օգուտներ է բերել մեր ազգային անվտանգությանը։ Եվ դա իրականություն է։
Այո, մարդիկ պետք է դա հաշվի առնեն։ Մենք հասկանում ենք, որ դա անհարմարություն է ստեղծում Ադրբեջանում ապրող մարդկանց, ինչպես նաև հարևան երկրների ու տարածաշրջանների քաղաքացիների ու այնտեղ բնակվող ադրբեջանցիների համար։ Բայց ազգային անվտանգության խնդիրները պետք է գերակա լինեն մնացած բոլոր զգացմունքներից ու պատճառներից, հատկապես այն ժամանակ, երբ մեր հյուսիսային սահմանին պատերազմ է, իսկ հարավային սահմաններին՝ ճգնաժամ: Բացի այդ, ինչպես սնկերն անձրևից հետո՝ հայտնվում են կոնֆլիկտի նոր օջախներ։ Կարծում եմ, որ ադրբեջանական ժողովուրդը դա հասկանում է»,- հայտարարել էր Ալիևը։
Նրա խոսքով՝ այս որոշումը որևէ կերպ չի ազդում Ադրբեջանի տնտեսության, մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտի վրա.
«Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա զբոսաշրջիկների թիվը տարեցտարի աճում է։ Հնարավոր է՝ այս տարի հասնենք Ադրբեջան այցելած օտարերկրյա հյուրերի թվի նախահամավարակային մակարդակին։ Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին արտասահմանից ժամանածների թվի 24 տոկոս աճ է գրանցվել։
Այսպիսով, եթե այս միտումը պահպանվի, ապա մինչև տարեվերջ Ադրբեջան կգա ավելի քան երեք միլիոն օտարերկրացի, ինչը ավելին է, քան մինչ COVID-19-ը։ Այնպես որ, զբոսաշրջության համար, ըստ էության, դա [ցամաքային սահմանների փակ լինելը] որևէ նշանակություն չունի։
Այո, դա անհարմար է Ադրբեջանի որոշ բնակիչների համար, ովքեր կցանկանային մեքենայով մեկնել հարևան երկրներ։ Մենք դա հասկանում ենք։ Սահմանից այն կողմ՝ Դաղստանում, Վրաստանում և Իրանում ապրող ադրբեջանցիների համար ևս անհարմար է։ Ինչպես գիտեք, մենք ադրբեջանցիներով ենք շրջապատված բոլոր հարևան երկրների սահմանամերձ շրջաններում։ Բայց մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք։ Այնպես որ, ցամաքային սահմանի բացման համար իրավիճակը դեռ չի հասունացել»։