Իլհամ Ալիևը ձայների 92,05%-ով առաջատարն է
Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքներով՝ արտահերթ նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությամբ առաջատար է Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը։
- «Հեռանկարային է»․ կարծիք՝ ՀՀ և Ադրբեջանի 4-րդ հանրապետությունների մասին
- Ալիևն ակնարկել է ԵԽ-ում և ՄԻԵԴ-ում Ադրբեջանի մասնակցության վերանայման մասին
Փետրվարի 7-ի ուշ գիշերին ԿԸՀ նախագահ Մազախիր Պանախովը մամուլի ասուլիս է հրավիրել արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ։ Նա նշել է, որ ԿԸՀ-ն արդյունքներ է ստացել 125 ընտրատարածքների 6537 ընտրատեղամասերից 6102-ից (93,35 տոկոս): Հանձնաժողովի ղեկավարն ընդգծել է, որ ըստ արձանագրությունների՝ վավեր ճանաչված քվեների թիվը կազմել է 4 միլիոն 651 հազար 473։ Դրանք թեկնածուների միջև բաշխվել են հետևյալ կերպ՝
- Առաջատար թեկնածու Ալիև Իլհամ Հեյդար օղլուն ստացել է 4 միլիոն 281 հազար 625 ձայն (92,05 տոկոս);
- Ալիև Ֆուադ Աղասի օղլու՝ 24 հազար 799 ձայն (0,53 տոկոս);
- Հասանգուլիև Գուդրաթ Մուզաֆար օղլու՝ 81 հազար 799 ձայն (1,76 տոկոս);
- Մուսաև Էլշադ Նաբի օղլու՝ 31 հազար 33 ձայն (0,67 տոկոս);
- Մուստաֆա Ֆազիլ Գազանֆար օղլու՝ 92 հազար 980 ձայն (2 տոկոս);
- Նուրուլլաև Ռազի Գուլամալի օղլու՝ 37 հազար 386 ձայն (0,80 տոկոս);
- Օրուջ Զահիդ Մահարրամ օղլու՝ 101 հազար 851 ձայն (2,19 տոկոս)։
Վերջնական արդյունքները կհրապարակվեն փետրվարի 9-ին
Մազահիր Պանախովը նշել է, որ ԿԸՀ-ն դեռևս տեղեկատվություն չի ստացել չափազանց փոքր թվով ընտրատեղամասերի մասին։
«Ես հավատում եմ, որ առավոտյան մենք կընդունենք շրջանային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները և դրանց հիման վրա կորոշենք առաջատար թեկնածուի օգտին տրված ձայները։ Փետրվարի 9-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների հիման վրա վերջնական արդյունքները կներկայացնենք հանրությանը։ Դրանից հետո մենք կվերանայենք ստացված փաստաթղթերը, կներկայացնենք ԿԸՀ նիստին, կհաստատենք և քվեարկության արդյունքներով կընդունենք վերջնական արձանագրությունը։ Այսպիսով, մենք կամփոփենք ընտրությունների արդյունքները ԿԸՀ մակարդակով և արձանագրությունը կուղարկենք Սահմանադրական դատարան՝ հաստատման»,- ասել է ԿԸՀ ղեկավարը։
Սահմանադրական դատարանը կքննարկի ԿԸՀ-ի ներկայացրած փաստաթղթերը և որոշում կկայացնի։ ՍԴ որոշումը վերջնական է, այդ որոշումից հետո առաջատար թեկնածուն համարվում է ընտրված։ Երդմնակալությունից հետո նա կսկսի իր գործունեությունը որպես Ադրբեջանի Հանրապետության նախագահ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ընտրությունները նախապատրաստվել և անցել են բարձր մակարդակով։ Ընթացիկ ընտրություններում ադրբեջանցի ընտրողները քվեարկել են՝ օգտվելով իրենց սահմանադրական իրավունքներից։
Նշենք, որ ողջ հանրապետությունում ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 76,73 տոկոսը, այսինքն՝ քվեարկել է 4 մլն 971,032 հազար ընտրող։
Ո՞վ է արդեն շնորհավորել Ալիևին
Դեռևս ԿԸՀ-ի կողմից ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից առաջ Իլհամ Ալիևին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նախնական արդյունքների հրապարակումից հետո շնորհավորանքները շարունակվեցին։ Մինչ այս պահը Իլհամ Ալիևին արդեն շնորհավորել էին Իրաքի նախագահ Աբդել Լատիֆ Ջամալ Ռաշիդը, Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ցինպինը։
Տարածվել են խախտումների մասին տեսանյութեր և լուսանկարներ
Քվեարկության ընթացքում անկախ ԶԼՄ-ների լրագրողները խախտումների մասին բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ են տարածել, որոնք արձանագրել են փաստեր, երբ միևնույն մարդիկ քվեարկել են մի քանի տեղամասերում, մի քանի հոգով են մտել քվեախցիկներ, մի քանի քվեաթերթիկներ գցել քվեատուփեր և քվեարկել ոչ իրենց գրանցման վայրի տեղամասում՝ առանց փաստացի բնակության վայրի մասին փաստաթուղթ տրամադրելու, ընտրողներին նախապես կտրված անկյուններով քվեաթերթիկներ են տրվել, տեղամասերում եղել են հանձնաժողովում չներգրավված անձինք, ովքեր փախել են տեսախցիկներից՝ չպատասխանելով լրագրողների հարցերին, թե ովքեր են և ինչ են անում այդտեղ։
ԶԼՄ-ների ռեեստրում չգրանցված լրագրողներին թույլ չեն տվել նկարահանել
Լրագրողները նաև հայտնել են, որ որոշ տեղամասերում իրենց թույլ չեն տվել լուսաբանել քվեարկության ընթացքը։ Որոշ ընտրատեղամասերում լրագրողներին թույլ չեն տվել նկարահանումներ իրականացնել՝ լրատվամիջոցների ռեեստրում գրանցված չլինելու պատրվակով։ Թեև ԿԸՀ-ն Turan գործակալությանը հայտնել է, որ ընտրությունների ընթացքին հետևելու համար մեդիա ռեեստրում գրանցված լինելը պարտադիր չէ։
«ԿԸՀ-ն բազմիցս հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ լրատվամիջոցներն ազատ են գործում։ Լրագրողները իրենց վկայականները ներկայացնելու պարագայում ազատ են իրենց գործն անել։ Երբեմն լրագրողները չեն ներկայացնում իրենց լրագրողական վկայականները, հանձնաժողովի անդամները չեն կարողանում իմանալ, թե նրանք ովքեր են, և թյուրըմբռնումներ են առաջանում»,- ասացին ԿԸՀ-ից՝ հավելելով, որ այդ փաստերը կուսումնասիրվեն։
Անկախ դիտորդներն ասում են, որ իրենց հեռացրել են ընտրատեղամասերից
Որոշ դիտորդներ նույնպես հայտարարել են ընտրատեղամասերից իրենց հեռացման մասին։ Դիտորդ Ջավիդ Նաբիևն ասել է, որ իրեն հեռացրել են Բաքվի 23-րդ Նասիմի-Սաբայիլ ընտրատարածքի 13-րդ տեղամասից։
Նաբիևի խոսքով՝ ինքը միայն հետևել է ընտրությունների ընթացքին և խախտումներ չի արել։ Սակայն տեղամասային հանձնաժողովը նրա դեմ արձանագրություն է կազմել, և նա հեռացվել է տեղամասից։
Նման դեպք գրանցվել է նաև նույն տարածքի 1-ին տեղամասում։ Այնտեղ դիտորդին տեղամասից դուրս են հանել ոստիկանների օգնությամբ։
23-րդ շրջանի տարածքային ընտրական հանձնաժողովը Turan-ին հայտնել է, որ դիտորդները հեռացվել են այն պատճառով, քանի որ «խոչընդոտներ են ստեղծում ընտրական գործընթացի համար»։
Ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները
Ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունը (APFP) հայտարարել է արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին։
Հայտարարության մեջ կուսակցությունը հիշեցնում է, որ բոյկոտել է այս ընտրությունները արդար քաղաքական մրցակցության պայմանների բացակայության, քաղաքացիների ազատությունները ճնշելու իշխանությունների քաղաքականության և իշխանության քննադատների և լրագրողների նկատմամբ բռնաճնշումների պատճառով։
Ինչպես նշվում է փաստաթղթում, փետրվարի 7-ի ընտրությունները ժողովրդի կամքի իրական արտահայտությունը չէին, քանի որ դրանք անցան մրցակցության իսպառ բացակայության, իրավունքների ու ազատությունների լիակատար ճնշման, վախի ու սպառնալիքների մթնոլորտում։
«Հայտարարված արդյունքները չեն արտացոլում ժողովրդի կամքը և ոչ լեգիտիմ են»,- ասված է փաստաթղթում։
«Մուսավաթ» կուսակցությունը նույնպես հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրություններն ազատ ու արդար չեն եղել։
Կուսակցության մամուլի ծառայության տարածած փաստաթղթում մատնանշվում է, որ «նախագահական արտահերթ ընտրությունները նշանակվել են առանց նախնական հանրային քննարկումների, առանց ժողովրդին դրանց անցկացման պատճառները բացատրելու»։
«Այս որոշումն իրականում ծառայեց ոչ մրցակցային պայմանների ստեղծմանը, որպեսզի երկրի ղեկավար Իլհամ Ալիևը հինգերորդ անգամ նախագահ դառնա»,- ասված է «Մուսավաթ»-ի եզրակացության մեջ։
Միաժամանակ նշվում է, որ վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունները շարունակել են իրենց գործունեությունը երկրում հավասար քաղաքական մրցակցության պայմանների ամբողջական վերացման և միակուսակցական քաղաքական համակարգի հաստատման ուղղությամբ։
«Մուսավաթ» կուսակցությունը պահանջում է չեղյալ համարել Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները և անցկացնել նոր ժողովրդավարական ընտրություններ, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին և կարտացոլեն ժողովրդի կամքը։