Ադրբեջանում արգելափակված կայքերը պահանջում են վերականգնել իրենց իրավունքները
Ադրբեջանում արգելափակված չորս կայքերը կառավարության դեմ հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հայցվորները պետությանը մեղադրում են Եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների խախտման համար։
Վճռին է սպասում նաև Ընտրությունների մշտադիտարկման կենտրոնի գործը, որի աշխատանքն արգելվել է 2008 թ-ին։
- Ադրբեջանում արգելափակված կայքեր․ երկիրն առանց գրաքննությա՞ն
- Պայքար ստվերի դեմ։ Մեդիայի վրա աննախադեպ գրոհներ ողջ Եվրոպայում՝ համավարակի առնչությամբ
- Որպեսզի կարդալն ամոթ չլինի
«Ազատություն ռադիոկայանն ու մյուս երեք կայքերն ընդդեմ Ադրբեջանի»
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է քննել ադրբեջանական չորս կայքերի հայցերը, որոնք երկրի տարածքում արգելափակվել են իշխանության որոշմամբ։
Հայցվորները՝ «Ազատություն ռադիոկայանը» (azadliq.org), anaxeber.az-ը, 24saat.org-ն ու xural.com-ը պնդում են, որ Ադրբեջանի տարածքում իրենց կայքերի հասանելիությունը սահմանափակվել է, երբ կապի նախարարությունը դիմել է տեղական դատարաններ։ Տեղի դատարանների վճիռներում նշվում է, որ նշված կայքերի հասանելիության սահմանափակումը բացատրվում է իրավակարգի խախտումները, ազգային անվտանգության և երկրի տարածքային ամբողջականության դեմ հանցագործությունները կանխելու ցանկությամբ։
Հայցվորները պնդում են, որ այդպիսով Ադրբեջանն իրենց նկատմամբ խախտել է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ, 18-րդ և մի քանի այլ հոդվածները, հաղորդում է «Եվրոպական դատարանի բանբերը»։
2017 թ-ի սկզբին Ադրբեջանում սահմանափակվել է մի քանի անկախ կայքերի, այդ թվում՝ «Ազադլիգ», «Մեյդան Թի-Վի», «Ազատություն ռադիոկայան»ի, «Թուրան» հեռուստաալիքի կայքերի հասանելիությունը։
Չնայած երկարատև դատաքննությանը տեղի բոլոր ատյաններում՝ կապի նախարարության հայցի վերաբերյալ կայացրած վճիռը չի փոխվել։
«Ընտրությունների մշտադիտարկման կենտրոնն ու մյուսներն ընդդեմ Ադրբեջանի»
Դեկտեմբերի 2-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհրապարակի իր վճիռը «Ընտրությունների մշտադիտարկման կենտրոնն ու մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով։
Այս դատական գործը կապված է հասարակական կազմակերպությունների հետ։ Հայցվոր կազմակերպությունն ու դրա հիմնադիրներ Անար Մամեդլին և Բաշիր Սուլեյմանլին ադրբեջանական պետությանը մեղադրում են հասարակական կազմակերպության գործունեության ապօրինի արգելման համար։
Ըստ գործի նյութերի՝ Մամեդլին ու Սուլեյմանլին 2006-2008 թթ-ին վեց անգամ դիմել են Ադրբեջանի արդարադատության նախարարություն՝ Ընտրությունների մշտադիտարկման կենտրոնի գրանցման համար։ 2008 թ-ի փետրվարին հասարակական կազմակերպությունը պետական գրանցում է ստացել։
Սակայն երկու ամիս անց՝ 2008 թ-ի ապրիլին, այդ նույն նախարարությունը դատարան է դիմել՝ պահանջելով չեղարկել ՀԿ-ի պետական գրանցումը։ Նման պահանջի համար հիմք են հանդիսացել «ՀԿ աշխատանքում արձանագրված խախտումները»․ կենտրոնը նախարարությանը տեղեկություններ չի ներկայացրել իրավաբանական հասցեի փոփոխության, հիմնադիրների կազմի փոփոխությունների և ներկայացուցչություններ բացելու մասին։ 2008 թ-ի մայիսին դատարանը չեղարկել է կենտրոնի գրանցումը։ Ադրբեջանի մյուս բոլոր դատական ատյաններն ուժի մեջ են թողել առաջին ատյանի վճիռը։
Հայցվորները բողոքում են կազմակերպությունը գրանցելու մերժումից և գրանցումը չեղարկելուց՝ հիմնվելով Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտման վրա։