Ադրբեջանն աջակցություն է հայտնել Սիրիայում թուրքական գործողությանը
Ադրբեջանի արտգործնախարարությունը հոկտեմբերի 11-ի իր հայտարարության մեջ անվերապահորեն աջակցել է Սիրիայի հյուսիսի սահմանամերձ տարածքում գործողություն սկսելու Թուրքիայի որոշմանը։
• Հայաստանը դատապարտել է Սիրիայի տարածք Թուրքիայի ռազմական ներխուժումը
• Գյուղ, որը բաժանված է փշալարով
Թուրքական իշխանությունների պնդմամբ՝ «Խաղաղության աղբյուր» կոդային անվամբ գործողությունն ուղղված է քրդական ահաբեկչական խմբերի դեմ։
Նախարարության հայտարարությունը
«Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր ձևերն ու դրա արտահայտումներն ու աջակցություն է հայտնում ահաբեկչության դեմ միջազգային հանրության ջանքերին։ Այս առումով մենք վստահ ենք, որ «Խաղաղության աղբյուր» գործողությունը կծառայի ահաբեկչական ռիսկի կանխարգելմանը, փախստականների վերադարձին իրենց տներ, հումանիտար խնդիրների լուծմանը, խաղաղության և կայունության ապահովմանը», — ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։
Հազվադեպ միաբանություն
Ադրբեջանում շատերն, անկախ քաղաքական հայացքներից, կողմ են արտահայտվել այս գործողությանը։
Օրինակ, ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է, որ համաձայն է ԱԳՆ հայտարարությանը։
«Մենք վստահ ենք, որ այդ գործողության անցկացման որակը հիմքեր չի տա Թուրքիայի դեմ որևէ նոր արշավ սկսելու կամ դժգոհություն արտահայտելու», — ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության նախագահ Իլգար Մամեդովը։
«Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էլհան Շահինօղլուն կարծում է․
«Թուրքիան այլընտրանք չի ունեցել, այլապես Քրդական աշխատավորական կուսակցության (աշխարհի շատ երկրներում այն ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն) ուժերը կարող էին իրենց վերահսկողության տակ առնել հյուսիսային սահմանի ողջ երկայնքը»։
Իսկ Minval.az կայքի քաղաքական մեկնաբան Թոֆիկ Աբասովը կարծում է․
«Անգամ եթե «Խաղաղության աղբյուր» գործողությունը հալած յուղի պես անցնի, սիրիական ճգնաժամի վերջնական հաղթահարման համար այնուամենայնիվ հարկ կլինի խաղաղության համաժողով անցկացնել։ Զենքի ուժով այստեղ ոչինչ չես լուծի։ Պետք է զինվել նուրբ դիվանագիտության գործիքակազմով»։
Այդ ընթացքում ավելի քան հազար երիտասարդ ադրբեջանցի դիմում է ներկայացրել թուրքական բանակում կամավոր դառնալու համար։ Այս մասին հաղորդել է պահեստազորի սպաների՝ երիտասարդության լուսավորչության հարցերով հասարակական միավորման նախագահ Էմին Հասանլին։ Նա հույս է հայտնել, որ «փառապանծ թուրքական բանակը հաղթանակ կտանի ամենակարճ ժամկետներում»։
Ոմանք այնուամենայնիվ դեմ են
Սակայն կան նաև Ադրբեջանի նման դիրքորոշման սակավաթիվ քննադատներ։ Օրինակ, լրագրող Ռագիմ Շալիևը գրում է․
«Ճշմարտությունն այն է, որ Թուրքիան խեղդում է քրդերի ազատությունը։ Խաղաղ բնակչության վրա այսօրվա գրոհները դրա ապացույցն են։ Էրդողանը փորձում է միավորել թուրքական ազգայնականությունն ու արմատական իսլամը և այդ ճանապարհով ինչ-որ բանի հասնել։ Բնականաբար, դա կհանգեցնի Թուրքիայի մեկուսացմանն և էլ ավելի մեծ մարդկային զոհերի»։