Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը կրճատել է նավթի և գազի արդյունահանման ծավալները
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը ոչ միայն նվազեցրել է գազի և նավթի արդյունահանման ցուցանիշներն, այլ նաև չի կարողացել տեղավորվել 2016թ-ի կանխատեսումների շրջանակում: Այդ մասին ասված է կառավարության ամենամյա հաշվետվությունում, որը խորհրդարանին կներկայացվի 2017թ-ի մարտի 17-ին:
Հաշվետվությունում ասված է, որ 2016թ-ի ընթացքում Ադրբեջանում արդյունահանվել է ընդամենը 41մլն տոննա նավթ, որից 35մլն-ն արտահանվել է: Արդյունահանված նավթի 33.5մլն տոննան բաժին է ընկնում Միջազգային կոնսորցիումին, 7.5 մլն տոննան՝ SOCAR-ին, որը 685.5 հազար տոննա նավթ պակաս է արտահանել, քան նախորդ տարի:
Անկում են ապրել նաև գազի արդյունահանման ցուցանիշները: Նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանում 29.3մլրդ տոննա գազ է արդյունահանվել, որոնցից 23.1մլրդ տոննան՝ Միջազգային կոնսորցիումի, 6.2մլրդ տոննան՝ SOCAR- կողմից: Ընդ որում, գազի արդյունահանումը SOCAR-ում 2015թ-ի համեմատությամբ կրճատվել է 12.7 տոկոսով, հաղորդում է Modern.az գործակալությունը:
Կառավարությունը SOCAR-ի արդյունահանման ցուցանիշները բացատրում է «տեխնածին պատճառներով», որոնք նախատեսվում է «համակողմանիորեն հետաքննել և լրացուցիչ միջոցներ ձեռնարկել կայուն և անվտանգ գործունեության համար»:
«Տեխնածին պատճառներ» ասելով՝ կառավարությունն, ըստ ամենայնի, նկատի ունի Կասպից ծովի պլատֆորմներում տեղի ունեցած մի քանի լուրջ վթարները, որոնցից խոշորագույնը տեղի ունեցավ 2015թ-ի վերջին «Գյունեշլի» պլատֆորմում:
Լրագրող-տնտեսագետ Թորգուլ Վելիևը մեկնաբանել է SOCAR-ի կողմից նավթի և գազի արդյունահանման ծավալների կրճատման մասին լուրը.
«Ադրբեջանում նավթի արդյունահանումն օրինաչափորեն, արդեն որերորդ տարին է, պակասում է: Դա կապված է ինչպես օբյեկտիվ (երկրում նավթի պաշարները նվազում են և նոր նավթահանքեր հայտնաբերելու աշխատանքներ չեն տարվում) և սուբյեկտիվ գործոնների հետ (նավթի միջին գինը տարեցտարի նվազում է, և դա թույլ չի տալիս անհրաժեշտ գումարներ ներդնել ենթակառուցվածքների նորացման, արդյունավետության բարձրացման մեջ, չնայած մերոնք ձգտում են անել դա): Այսօր ավելի մեծ նախապատվություն է տրվում գազին, սակայն այդտեղ էլ հնացած ենթակառուցվածքները թույլ չեն տալիս անհրաժեշտ ծավալներն արդյունահանել»: