Ադրբեջանի նախագահն աշխատանքից ազատել է երկրի «գլխավոր գրաքննիչին» և փոխարինել իր թիմի մի քանի անդամի
Իլհամ Ալիևն աշխատանքից հեռացրել է երկրի առավել ոչպոպուլյար պաշտոնյային՝ «գլխավոր մեդիա» և լրագրողների թշնամի Ալի Հասանովին։ Նախագահը փոխել է նաև իր թիմի մի մասը։
Այդ ամենը տեղի է ունեցել բառացիորեն մի քանի ժամում՝ նոյեմբերի 29-ի երեկոյան։
Իշխանամետ կայքերը գրում են, որ դա արվել է «բարեփոխումների խորացման» համար, իսկ մնացածները չեն հասկանում, թե ինչ է կատարվում և ինչով կավարտվի։
Ո՞վ է Ալի Հասանովը, և ինչո՞ւ է շատերին այդքան ուրախացրել նրա հեռացումը
Ամենավառ իրադարձությունը Ալի Հասանովին աշխատանքից հեռացնելն էր, նա նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնականն էր։ Ամեն ինչից զատ, նրա պարտականություններից մեկը մեդիայի վրա «աչքը պահելն էր»։ Նրա պաշտոնավարման ժամանակ Ադրբեջանը գլորվել է խոսքի ազատության համաշխարհային վարկանիշի գրեթե ամենահատակը (163-րդ տեղ), նաև միջոցներ են ձեռնարկվել, որոնք մեծապես սահմանափակում են արտասահմանյան լրատվամիջոցների գործունեությունը։ Հետևաբար, ադրբեջանցի շատ լրագրողներ բոլորովին չէին սիրում Ալի Հասանովին, և բացահայտ ցնծում էին, երբ նա հեռացվեց։
«Չափազանց շատ բացասական բաներ են կապված նրա անվան հետ։ Երկրի հասարակական կյանքի չափազանց շատ խնդիրներ են վերագրվում այդ մարդուն, որը երկար տարիներ կանգնած է եղել երկրի գաղափարական ճակատի առաջնամասում։
Ալի Հասանովին հեռացնելը նշանակում է գաղափարախոսության ողջ համակարգի անխուսափելի բարեփոխում, պորտաբույծների մի հսկա բանակի լուծարում ի դեմս անօգուտ և անիմաստ լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների և թրոլների մի ամբողջ ոհմակի, որոնք նստած են պետության վզին և փչացնում են բարոյական մթնոլորտը» – գրել է Turan գործակալությունը։
Սոցցանցերում Ալի Հասանովին անվանում են «թրոլների հայր»՝ ենթադրելով, որ նա է ղեկավարում համացանցային թրոլներին, որոնք գովաբանում են կառավարությանն ու հարձակվում դժգոհների վրա։ Այնպես որ, սոցցանցերն էլ մի լավ ծիծաղեցին՝ իմանալով նրա հեռացման մասին։
Ալի Հասանովը պնդում է, որ նա արդեն երեք տարի է, ինչ խնդրում է նախագահին ազատել իրեն աշխատանքից առողջական խնդիրների պատճառով։ Հասանովն ասում է, որ այժմ նա «զբաղվելու է ստեղծագործելով» և «ալիևական» է մնալու, այսինքն՝ նախագահ Ալիևի քաղաքականության հավատարիմ համախոհ։
Հասանովի հետ միասին «հեռացել է» նաև նրա գլխավորած ողջ բաժինը։ Դրա փոխարեն ստեղծվել է քաղաքական կուսակցությունների և օրենսդիր իշխանության բաժին։ Այն կգլխավորի Ադալյաթ Վելիևը, որը նախկինում ընդհանրապես քաղաքականությամբ չի զբաղվել, այլ եղել է թատրոնի տնօրեն։
Նոր դեմքեր հին վարչակազմում
Նախագահական վարչակազմի որոշ այլ բաժիններում նույնպես նոր ղեկավարներ են նշանակվել։
Նրանցից ոմանք պատոնյաներ են, որոնք նախկինում նույնպես բարձր պաշտոններ են զբաղեցրել, սակայն նախագահի թիմի մեջ չեն եղել։
Այսպես, օրինակ, Նավթային ֆոնդի նախկին գործադիր տնօրեն Շահմար Մովսումովն այժմ տնտեսական հարցերի և ինովացիոն զարգացման բաժնի պետն է։
Ըստ էության, նախագահի վարչակազմում տեղի ունեցած փոփոխություններն այնքան էլ զգալի չեն։ Սակայն հասարակության վրա, որին գրեթե անհայտ են այս մարդկանց անուններն ու բաժինների անվանումները, կատարվածն ուժեղ տպավորություն է գործել։ Առավելևս, որ նախկինում Ադրբեջանում շատ հազվադեպ էին փոխվում պաշտոնյաները, իսկ վերջին ժամանակներս նրանց անընդհատ «վերադասավորում էին», ընդ որում, միանգամից մի քանի հոգու։
Հասարակության արձագանքը
Ադրբեջանական սոցցանցերն ու շատ փորձագետներ նմանատիպ վերադասավորումներին սովորել են ավելի շատ հումորով վերաբերվել, քան լուրջ։ Նույն բանն էր նաև այս անգամ։
Թեև ոմանք, այնուամենայնիվ, իրավիճակը վերլուծելու փորձեր ձեռնարկում էին։ Եվ գալիս այն եզրահանգմանը, որ ոչ մի բարեփոխման մասին խոսք չի կարող լինել։
Որոշ մեկնաբանություններ․
«Չեմ հասականում նրանց, ովքեր հավատում են, որ այս փոփոխությունները բարեփոխումներ են։ Պետք չէ ակնկալել, որ կատարվածը մարդկանց կյանքը դեպի լավն է փոխելու։ Ավելի տրամաբանական կլինի մտահոգվել, որ ավելի վատ չլինի։ Երկիրն ու համակարգն այն վիճակում են, որ «բարեփոխումները» պետք է սկսվեն առաջին դեմքի և նրա ողջ թիմի հեռացումից»։
«Երբ ինչ-որ բան սխալ է գնում, պետք է հին պաշտոնյաներին նորերով փոխարինել, այլ ոչ թե նրանց տեղերով փոխել և սպասել, որ դա արդյունք կունենա»։