«Հերքելու ենք Բաքվի անհիմն պահանջները»․ Ադրբեջանը ՀՀ-ից փոխհատուցում է ուզում
Ադրբեջանի հայցը Բեռնի կոնվենցիայի հիման վրա
Չնայած միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացված հայցերի հետկանչման շուրջ քննարկումներին՝ Բաքուն շարունակում է ընդդեմ Երևանի հայցերի ներկայացման գործընթացը։ Նախօրեին հաղորդվեց, որ Ադրբեջանը դիմել է Հաագայի Արբիտրաժային դատարան՝ Հայաստանից պահանջելով փոխհատուցում շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար: Խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքին։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ սա նոր հայց չէ։ Դեռևս 2023 թ․-ին է ադրբեջանական կողմը նախնական հայց ներկայացրել, հիմա ուղարկել է հիմնական փաստաթղթերը։
Ներկայացուցչի գրասենյակը հայտարարել է՝ Հայաստանը շարունակելու է վճռականորեն պաշտպանել իր դիրքորոշումը տվյալ վարույթում, հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները, ներառյալ՝ փոխհատուցման պահանջը:
Ադրբեջանը պնդում է, թե հայկական կողմը խախտել է «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանման մասին» կոնվենցիան (Բեռնի կոնվենցիա)։ Երբ կմեկնարկեն դատական լսումները, դեռ հայտնի չէ։
Փորձագիտական շրջանակները բուն հայցը դիտարկում են նաև մեկ այլ՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում և պնդում՝ Ադրբեջանի խոսքի և գործի մեջ մեծ հակասություն կա։
«Մի կողմից՝ մեղադրում են ՀՀ-ին իրավական պահանջատիրություն ցուցաբերելու մեջ, իրավական վեճերը որակում են որպես խաղաղության գործընթացի խոչընդոտներ, մյուս կողմից՝ շատ ստրատեգիկ կերպով առաջ են մղում իրենց դատական գործընթացները ընդդեմ Հայաստանի Հանրապետության»,- «Ազատության» հետ զրույցում նշել է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։
Հաագայի Արբիտրաժային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի որևէ հայց չունի, բայց երկու հայցով պատասխանող է։ Այս միջազգային ատյանում ներկայացված մյուս դիմումով Բաքուն Երևանից ֆինանսական փոխհատուցում է պահանջել Լեռնային Ղարաբաղի էներգետիկ ռեսուրսների ապօրինի շահագործման, արտադրված էլեկտրաէներգիան Հայաստան արտահանելու համար:
- Ամերիկյա՞ն, թե՞ թուրքական առաջարկ․ փաստեր և կարծիքներ Մեղրին ԼՂ-ով փոխանակելու մասին
- «ԼՂ-ի նախկին ղեկավարների նկատմամբ Բաքվում հոգեներգործուն միջոցներ են կիրառվում». Փաշինյան
- «Բռնապետությունը չի կարող արդար դատել»․ ԼՂ-ի նախկին պաշտոնյաները՝ դատարանի առաջ
Ի՞նչ է պահանջում Բաքուն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանը խախտել է Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները։ Բաքվի ներկայացրած հայցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքին և «օկուպացիայի ժամանակահատվածին»։
Ադրբեջանի գնահատմամբ՝ բնությունն ու կենդանական աշխարհը տուժել են Լեռնային Ղարաբաղում անտառահատումների, հանքարդյունաբերության և հիդրոէլեկտրակայանների կառուցման պատճառով․
«Հայաստանից պահանջում ենք ամբողջական փոխհատուցում բնակավայրերի և վայրի բնության զանգվածային ոչնչացման համար, այն գործողությունների համար, որոնք բացասաբար են ազդել ադրբեջանական տարածքների վայրի բնության հարյուրավոր տեսակների և կենսամիջավայրերի վրա»։
Հաղորդագրությունում նշվում է, որ Ադրբեջանը միջազգային պատասխանատվության կենթարկի Հայաստանին «օկուպացիայի ժամանակ շրջակա միջավայրի, կենդանիների տեսակների և բնակավայրերի ոչնչացման ու պաշտպանությանն ուղղված միջոցներ չձեռնարկելու համար»։
Երևանի դիրքորոշումը
«Շրջակա միջավայրին հասցված վնասի պատասխանատուն հենց Ադրբեջանն է»
«Հակառակ Ադրբեջանի պնդումների՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և այլ անկախ մարմինների զեկույցները փաստացի վկայում են, որ շրջակա միջավայրին հասցված վերջին տարիների վնասի պատասխանատուն հենց Ադրբեջանն է»,- այսօր արձանագրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
Գրասենյակի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ներկայացրած իրավական դիրքորոշումը հիմնված է Բեռնի կոնվենցիայի այնպիսի մեկնաբանության և կիրառման վրա, որը չի համընկնում դրա նպատակների և առարկայի հետ, այն է՝ «խթանել պետությունների միջև համագործակցությունը՝ վայրի բուսական և կենդանական աշխարհը և դրանց բնական միջավայրերը պահպանելու համար»։
Եվս մեկ անգամ շեշտել են՝ Բեռնի կոնվենցիայի անդամ պետություն դառնալուց ի վեր Հայաստանը հետևողականորեն հավատարիմ է իր հանձնառությանը՝ պահպանելու տարածաշրջանի վայրի բնությունն ու շրջակա միջավայրը։ Հաղորդագրության համաձայն՝ դա արտացոլվում է ինչպես ՀՀ բնապահպանական քաղաքականության մեջ, այնպես էլ Բեռնի կոնվենցիայի Մշտական հանձնաժողովի աշխատանքներում ակտիվ ներգրավվածությամբ։
Դեռևս երկու տարի առաջ՝ 2023 թ․-ի հունվարի 18-ին էր Բաքուն Երևանին ծանուցել վարույթ նախաձեռնելու մասին։ Նախորդ տարի՝ 2024 թ․-ի ապրիլի 12-ին Հաագայի Արբիտրաժային դատարանում կայացրել էր վարույթի առաջին՝ ընթացակարգային նիստը։ Հայկական պատվիրակությունը գլխավորել էր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Ադրբեջանը կարծես հավատարիմ է իր, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» քաղաքական դրդապատճառներով որպես գործիք օգտագործելու ցինիկ ռազմավարությանը»,- հայտարարել էր գրասենյակը։
Հայկական կողմը նիստից հետո հայտարարել է, որ վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է տարածաշրջանում լուրջ բնապահպանական խնդիրների՝ ոչնչացնելով անտառներ, աղտոտելով հողային և ջրային ռեսուրսներ, այդ թվում՝ սպառելով Սարսանգի ջրամբարի ռեսուրսները․
«Լեռնային Ղարաբաղի ֆլորան ու ֆաունան նաև վտանգված են Ադրբեջանի անդադար քանդնման և շինարարական աշխատանքների պատճառով, որոնք նպատակաուղղված են կանխելու էթնիկ հայերի վերադարձը իրենց հայրենիք»։
Շեշտվում էր, որ ՀՀ-ն հետամուտ է լինելու վարույթի շրջանակներում իր դիրքորոշման վերահաստատմանն ու շահերի պաշտպանությանը, մասնավորապես՝
- վիճարկելու է Ադրբեջանի անհիմն պնդումները,
- վարույթի համապատասխան փուլում ներկայացնելու է Ադրբեջանի դեմ պահանջներ՝ վերջինիս բնապահպանական պարտավորությունների շարունակական խախտման առնչությամբ:
«Բարձրացված հարցերը որևէ առնչություն չունեն Բեռնի կոնվենցիայի նպատակի հետ»
Պաշտոնական Երևանը թեմային անդրադարձել էր նաև 2023 թ․-ին՝ վարույթի նախաձեռնման մասին ծանուցում ստանալուց օրեր անց։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակն արձանագրել էր, որ Ադրբեջանի կողմից իրավական վեճի եղանակով բարձրացված հարցերը՝
- որևէ առնչություն չունեն Բեռնի կոնվենցիայի նպատակի հետ,
- կարող են վնասակար անդրադառնալ տարածաշրջանի շրջակա միջավայրի վրա, որն «էական վնաս է կրել վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի վարած ագրեսիվ պատերազմների հետևանքով»։
Գրասենյակից հիշեցրել էին՝ Երևանը բազմիցս հաստատել է տարածաշրջանի վայրի բնաշխարհի պահպանման և շրջակա միջավայրի պաշտպանության իր հանձնառությունը, այդ թվում՝ Բեռնի կոնվենցիայի մոնիթորինգային և այլ մարմինների հետ աշխատելու միջոցով։
Շեշտել էին՝ ՀՀ-ն կշարունակի կատարել միջազգային բնապահպանական փաստաթղթերով, ներառյալ՝ Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները:
Մեկնաբանություններ
Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ՝ Բաքուն հիմնական հայցը ներկայացրել է սահմանված վերջնաժամկետին։ «Ազատության» հետ զրույցում նկատել է՝ եթե Ադրբեջանն ունենար Հայաստանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի համատեքստում միջազգային հայցերից հրաժարվելու մտադրության, կարող էր հետաձգել վերջնաժամկետը, իհարկե, «հարգելի պատճառով»։
«Քաղաքական պրոցեսները լավագույն պատճառները չեն դատարաններում ժամկետների հետաձգումը հիմնավորելու տեսանկյունից, այստեղ Ադրբեջանը անհամաչափ բեռ պետք է կրեր»,- նկատել է նա։
Սահակյանի խոսքով՝ մյուս տարբերակն այն է, որ Ադրբեջանը սահմանված ժամկետում իր հիմնական հայցը չներկայացներ, ինչը կազդարարեր գործին հետամուտ չլինելու Բաքվի մոտեցումը։ Կարծում է՝ այդ քայլն «ավելի ներդաշնակ կլիներ քաղաքական հռետորաբանությանը» (փոխադարձաբար հայցերից հրաժարվելու)։
Լրագրող, քաղաքական մեկնաբան Արտյոմ Երկանյանն ասում է՝ արցախահայությունն իրավունք ուներ օգտագործել ջրային ռեսուրսներն ու ընդերքը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այնտեղ նույն ընթացքում վայրի բնությանը սպառնացող շատ ավելի լուրջ խնդիրներ են արձանագրվել։
«Կուր գետի ջրի անօրինական օգտագործումը, Կարմիր գրքում ներառված կենդանիների ոչնչացումը, Կասպից ծովի ավազանի աղտոտումը նավթի օգտագործման հետևանքով»,- «Շանթի» եթերում թվարկել է նա։
Նրա գնահատմամբ՝ հայցի հասցեատերը ճիշտ չի ընտրվել, քանի որ այդ տարածքները «տնօրինում էր Արցախի Հանրապետությունը, որն ի տարբերություն ՀՀ-ի՝ Բեռնի կոնվենցիային չի միացել»։
«Եթե անգամ Հայաստանը տնօրինած լիներ այդ տարածքները, հնարավոր չէ պահանջ ներկայացնել պետությանը, որը կոնվենցիային միացել է ավելի ուշ, քան այդ մեղադրանքին վերաբերող շրջանն է։ ՀՀ-ն կոնվենցիան 2008 թ․-ին է վավերացրել, մինչդեռ Ադրբեջանը մեղադրանք է ներկայացնում 1991-2020 ընկած ժամանակահատվածի համար»,- մանրամասնել է նա։
Երկանյանն ասում է՝ եթե Երևանը կոնվենցիային հակասող որևէ քայլ ձեռնարկած լիներ, պարզապես չէր միանա դրան։
Շեշտում է՝ նոր և միլիարդների փոխհատուցում ենթադրող հայց ներկայացնելով Բաքուն փորձում է ՀՀ-ին ստիպել հրաժարվել միջազգային դատական հայցերից, քանի որ «գիտակցում է՝ Հայաստանի հայցերի իրավական հիմքերն ավելի լուրջ ու հիմնավոր են»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ադրբեջանի հայցը Բեռնի կոնվենցիայի հիման վրա