Ադրբեջանի առաջին նախագահը հերքել է իր իշխանության վերադարձի հնարավորությունը
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը կտրականապես հերքել է մամուլում տեղ գտած այն լուրերը, որ ինքը, հնարավոր է, նշանակվի Ադրբեջանի վարչապետ:
Այդ խոսակցություններն առաջացել էին նախկին նախագահի անսպասելի հայտարարությունից հետո առ այն, որ ինքը պատրաստ է գալիք տարի սպասվող նախագահական ընտրություններում պաշտպանել առաջին տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի թեկնածությունը:
Մի շարք, այդ թվում կառավարամետ ԶԼՄ—ներ ենթադրել էին, որ այդ հայտարարությունը Մութալիբովի՝ Ադրբեջանի ապագա վարչապետ նշանակվելու արշավի սկիզբն է: Նրանց կարծիքով՝ դրա համար հիմք է հանդիսանում այն, որ գործող վարչապետ Արթուր Ռասիզադեն արդեն պատկառելի տարիքում է և ընտրություններից հետո ամենայն հավանականությամբ վաստակած հանգստի կգնա (հաջորդ տարի Ռասիզադեն դառնում է 83 տարեկան, նա Մութալիբովից մեծ է ընդամենը երեք տարով):
Այդ հրապարակումներում Մութալիբովը ներկայացվում է որպես «Ռուսաստանի դրածո», իսկ նրա նշանակումը առանցքային պաշտոնում՝ որպես մերձեցում դեպի հյուսիսային հարևանը:
Ինքը՝ Այազ Մութալիովը, այդ խոսակցություններն անվանել է «անհեթեթություն»:
«Մի՞թե ինձ սազում է այս տարիքում պայքար սկսել աթոռի համար: Ու ես էլ Ռուսաստանի դրածոն չեմ: Այո, ես ստիպված եմ եղել ապաստան փնտրել Ռուսաստանում: Բայց դա չի նշանակում, որ ինձ այնտեղ ծաղիկներով են դիմավորել»,- Modern.az գործակալության հետ զրույցում ասել է Մութալիբովը :
Այազ Մութալիբովն Ադրբեջանը սկսել է ղեկավարել շատ բարդ ժամանակաշրջանում՝ 1990թ. հունվարի 20-ի արյունալի իրադարձություններից հետո: 1991թ. սեպտեմբերին նա ընտրվել է Ադրբեջանի առաջին նախագահ: Նրա կառավարման տարիներին ընդունվել է Ադրբեջանի անկախության հռչակագիրը: Խոջալուի ողբերգությունից հետո նա ստիպված է եղել հրաժարական տալ: 1992թ. մայիսին անհաջող փորձ է կատարել վերադարձնելու իշխանությունը, բայց ձախողումից հետո վերադարձել է Ռուսաստան:
5 տարի առաջ նա վերադարձավ Ադրբեջան: Դրանից առաջ Ադրբեջանի խորհրդարանն օրենք էր ընդունել «Նախկին նախագահի և նրա ընտանիքի անդամների ապահովման մասին», որով նախկին նախագահն ազատվում է քրեական հետապնդումից: Ըստ այդ օրենքի՝ Մութալիբովին նշանակվել է նաև ամսական թոշակ՝ գործող նախագահի աշխատավարձի 50 տոկոսի չափով, իսկ ներկայացուցչական ծախսերի համար նախկին նախագահին հատկացվում է գումար՝ գործող նախագահի աշխատավարձի 20 տոկոսի չափով: