Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Հայաստանում մեծ աղմուկ է առաջացրել
Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում փոխըմբռնման են եկել, Հայաստանում քննարկումների առիթ է դարձել։ Փորձագետներն ու սոցցանցերի օգտատերերը փորձում են կռահել, թե ինչ նկատի ուներ Էլմար Մամեդյարովը։
Հստակ ի՞նչ է ասել Մամեդյարովը
Էլմար Մամեդյարովը հաղորդել է, որ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը, որը կայացել է Միլանում դեկտեմբերի 5-ին, թույլ է տվել փոխըմբռնման գալ ղարաբաղյան կարգավորման հարցում.
«Կարծում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ տեղի ունեցած մեր վերջին հանդիպմանը մենք երկար ժամանակահատվածում առաջին անգամ փոխըմբռնման ենք եկել»։
Մամեդյարովը հայտարարել է նաև, որ 2019թ-ի հունվարին կկայանա հայ գործընկերոջ հետ հերթական հանդիպումը.
«Ժամանակի մեծ մասը ես նվիրել եմ ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիների որոնմանը։ Դա է լինելու նաև հաջորդ տարվա գլխավոր խնդիրս։ Հիմնական նպատակը շոշափելի արդյունքների հասնելն է»։
Պաշտոնական Երևանի արձագանքը
Էլմար Մամեդյարովի հայտարարությունը մեկնաբանել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ Նա ընդգծել է, որ խոսքը գնում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին.
«Միլանում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնագրերը հրապարակվել են Հայաստանի ԱԳՆ կողմից»։
Ինչի՞ մասին է խոսվում հայտարարությունում
Եթե ներկայացնենք հակիրճ և ամենագլխավորն, ապա համատեղ հայտարարությունում ասվում է․
- Բանակցություններին մասնակցող բոլոր կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը երկարատև խաղաղություն ապահովելու նպատակով;
- Համանախագահող երկրները ողջունել են այն փաստը, որ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների զրույցից հետո կրճատվել է հրադադարի խախտումների թիվն ու զոհերի մասին հաղորդագրությունները;
- Համանախագահները կոչ են արել կողմերին հստակ միջոցներ ձեռնարկել սեփական երկրի բնակչությանը խաղաղության պատրաստելու համար;
- Համանախագահող երկրները հույս ունեն, որ մոտ ապագայում ղարաբաղյան կարգավորման շուրջ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև բարձր մակարդակում կվերականգնվի ինտենսիվ երկխոսությունը։
- ԱԳ նախարարների հերթական հանդիպումը կկայանա 2019թ-ի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ բարձրագույն մակարդակում ապագա բանակցությունների համար հող նախապատրաստելու համար։
Սոցցանցերի արձագանքը Հայաստանում
Սոցցանցերի որոշ օգտատերեր ենթադրել են, որ ղարաբաղյան կարգավորման հարցում Երևանն ու Բաքուն ինչ-որ պայմանավորվածության են եկել։
Ֆեյսբուքյան մի օգտատեր գրում է․
«Բացառվում է, որ մենք ինչ-որ տարածքներ հանձնենք։ Ոչ մի սանտիմետր»։
Մյուսը հավելում է․
«Հնարավոր է, որ Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի անկախությունն ու փոխարենը պահանջի վերադարձնել Ղարաբաղի հարակից շրջանները։ Ի՞նչ ենք մենք պատասխանելու։ Վստահ եմ, որ Փաշինյանն իր ժողովրդից թաքցնելու բան չունի»։
Հայ փորձագետի կարծիքը
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշում է, որ Մամեդյարովի հայտարարությունը նպատակ ունի ճնշում գործադրելու հայկական կողմի վրա․
«Չեմ կարծում, որ Ադրբեջանը կարող է Հայաստանի իշխանություններից կտրուկ փոփոխությունների սպասել Ղարաբաղի հարցում։ Որովհետև մեր դիրքորոշումը պարզ է․ խնդրի մասին խոսելու ենք այն ժամանակ, երբ Ադրբեջանը պատրաստ լինի դրան, իսկ նա դեռ պատրաստ չէ։ Գալիք տարվա մեջ այս հարցում կտրուկ փոփոխություն կարող է լինել միայն ռազմական հակամարտության վերսկսումը։ Իսկ որոշումների և փոխզիջումների մասին նախադրյալներ դեռ չկան»։
Ադրբեջանցի փորձագետի կարծիքը
JAMnews-ի քաղաքական մեկնաբանը Բաքվում՝ Շահին Ռզաևը, կարծում է, որ Ադրբեջանում, ըստ ամենայնի, նույնիսկ ուշադրություն չէին դարձնի Մամեդյարովի խոսքերին, եթե չլիներ հայկական լրատվամիջոցների արձագանքը․
«Հերթական հանդիպում, հերթական հայտարարություն, ինչպիսիք հարյուրներով արվել են վերջին 25 տարվա ընթացքում։ Ո՞րն է նորությունը։ Թերևս այն, որ առաջին անգամ ադրբեջանական կողմն «առաջ է անցել» և առաջինն է հաղորդել ինչ-որ արդյունքների մասին, թեկուզ խոսքն ընդամենը «փոխըմբռնման» մասին է։ Չէ՞ որ մինչ այս ադրբեջանական լրատվամիջոցները բանակցությունների մանրամասներն իմանում էին Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի Թվիթերի էջից, մեր ԱԳՆ-ն արձագանքում էր արդեն հրապարակված նորությանը, լավագույն դեպքում, հաջորդ օրը։
Իսկ այս անգամ մեր նախարարն առաջինը տեղեկություններ հաղորդեց։ Իհարկե, դա շատ գովելի է, սակայն մնում է կռահել, թե այդ ինչ է տեղի ունեցել, որ Ադրբդջանը սկսել է փոփոխել Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերաբերյալ տեղեկատվական ֆոնը։ Ես չեմ կարծում, որ այս կարճ ժամանակահատվածում կարող էր լուրջ բան տեղի ունենալ։ Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի հասարակությունները դեռ պատրաստ չեն որևէ փոխզիջումային որոշումների։ Այնպես որ, չարժե գերագնահատել Մամեդյարովի խոսքերի նշանակությունը»։