Ադրբեջանը՝ Իրանի ռեժիմի արտաքին թշնամու դերում. վերլուծություն Բաքվից
Ադրբեջանը՝ Իրանի արտաքին թշնամի
Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունը թափ է հավաքում։ Այսօր ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները զորավարժություններ են սկսել երկրի հարավում՝ Իրանի հետ պետական սահմանի մոտ։ Սա կարող է լինել Ադրբեջանի հետ սահմանին իրանական բանակի վերջին զորավարժությունների պատասխանը։ Թեհրանն Ադրբեջանին արտաքին թշնամի է հայտարարել, և եթե Իրանը ներխուժի հարևան պետության տարածք, նրան ջախջախիչ պարտություն է սպասվում։ Այս կարծիքին է քաղաքական մեկնաբան Նասիմի Մամեդլին։
- Իրանը հյուպատոսություն է բացել Հայաստանի հարավում՝ Կապան քաղաքում
- «Եթե Հայաստանի վրա ճնշում գործադրեն, Իրանը կմիջամտի». կարծիք
- «Քիչ հավանական է, որ Հայաստանն ու Իրանը համագործակցեն ռազմական ոլորտում». կարծիք
Ի՞նչ է կատարվում
Տարածաշրջանի խոշոր երկրներն աստիճանաբար ներքաշվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մեջ։ Հոկտեմբերի 21-ին Իրանը գլխավոր հյուպատոսություն բացեց Հայաստանի Կապան քաղաքում։ Դիվանագիտական գերատեսչության բացման ժամանակ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հայտարարեց, որ Իրանը Հայաստանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։ Նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին ասաց, որ Թուրքիան Շուշիում հյուպատոսություն է բացելու։
Թշնամական երկխոսությունն ուղեկցվում է նաև ռազմական սադրանքներով։ Հոկտեմբերի վերջին Իրանի զինված ուժերը Ադրբեջանի հետ սահմանին անցկացրին զորավարժություններ, որոնց ընթացքում Արաքս գետի վրայով՝ պոնտոնային կամուրջներով զինտեխնիկայի անցման վարժանք անցկացրին։ Նշենք, որ Ադրբեջանի և Իրանի սահմանի հիմնական հատվածն անցնում է Արաքս գետով։ Այսօր Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները զորավարժություններ են սկսել երկրի հարավում՝ Իրանի հետ սահմանի մերձակայքում։
Ինչո՞ւ է Իրանը մտահոգ
«Աշխարհաքաղաքական նոր գործընթացների ֆոնին Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում արագացված տեմպերով աճում է»,- ասում է ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Նասիմի Մամեդլին։ Նրա խոսքով՝ թյուրքական պետություններում հնարավորինս արագ երկկողմ և բազմակողմ համագործակցություններ և դաշնակցային հարաբերություններ են հաստատվում․
«Իրանի ռեժիմը խորապես մտահոգված է այդ գործընթացներով։ Համագործակցության հնարավորությունից օգտվելու փոխարեն նա փորձում է արգելափակել այն։ Թեհրանի կողմից Կապանում հյուպատոսություն բացելը ցույց է տալիս նրա իրական մտադրությունը։ Նա բոլոր հնարավոր միջոցներով ցանկանում է խափանել Հայաստանի տարածքով Զանգիլանից Նախիջևան տանող միջանցքի բացումը։ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ ցամաքային կապի հաստատումը թույլ չտալու համար նա պատրաստ է հրաժարվել նույնիսկ իր գաղափարական սկզբունքներից»։
«Իրանի և Հայաստանի դիրքորոշումները համընկնում են»
Մամեդլին նշել է, որ Կապանում Իրանի հյուպատոսության բացումը Ադրբեջանի և Թուրքիայի համար անակնկալ չի եղել.
«Իրանն իր ողջ ռեսուրսներով աջակցել է Հայաստանին ադրբեջանական տարածքների օկուպացիայի 30 տարիների ընթացքում։ Թեհրանը երբեք չի բողոքել օկուպանտների կողմից մեր պատմական, կրոնական ու մշակութային հուշարձանների ոչնչացման դեմ»։
Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ այստեղ մեծ է Ռուսաստանի դերը.
«Այն, ինչ Ռուսաստանը չկարողացավ անել Ադրբեջանի հետ ուղղակիորեն ԱՊՀ ներքին հարաբերությունների ուժով, արեց Իրանի միջոցով։ Իրանը միշտ գաղտնի աջակցել է ադրբեջանական տարածքների օկուպացմանը և Հայաստանի ագրեսիային։ Հիմա դա ակնհայտ է դարձել, քանի որ ներկա պայմաններում այդ աջակցությունը քողարկելու հնարավորությունը սպառվել է»։
Մամեդլիի խոսքով՝ եթե Ադրբեջանը ձերբազատվի ղարաբաղյան խնդրից և կայուն խաղաղության հասնի Հայաստանի հետ, կարող է դառնալ տարածաշրջանի ամենագրավիչ երկիրը։
«Սրա համար բավարար ռեսուրսներ կան։ Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի և Արևմուտքի հետ տնտեսական, առևտրային և քաղաքական հարաբերությունները կարող են էլ ավելի ընդլայնվել։ Իրանի վարչակարգը մտադիր է խափանել Իրանում բնակվող մոտ 40 միլիոն թուրքերի համար Ադրբեջանի վերափոխումը ձգողական կենտրոնի»,- հավելել է նա։
Ադրբեջանը՝ արտաքին թշնամու դերում
Փորձագետը հիշեցնում է՝ ոչ ազատ պետությունները, որոնցից մեկն Իրանն է, երկրի ներսում բողոքի շարժումների ժամանակ գերադասում են արտաքին թշնամի փնտրել։
«Բողոքի ցույցերից բնակչության ուշադրությունը շեղելու, իշխանությունների անօրինական գործողությունները քողարկելու, հանրային քննարկումների ուղղությունը փոխելու համար ռեժիմը հանդես է գալիս արտաքին սպառնալիքի առկայության թեզերով։ Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում Իրանը ավանդական արտաքին «թշնամիների» փոխարեն որպես թիրախ է ընտրել Ադրբեջանը։
Իրանի ռեժիմը հասկանում է, որ ԱՄՆ-ին, ԵՄ-ին և Իսրայելին բացահայտորեն թշնամական թիրախ հայտարարելը շատ ծեծված թեմա է: Թուլացել է հասարակության արձագանքն այդ քարոզչությանը։ Բացի այդ, այդ ուժերի հետ հակասությունները, ռազմական սպառնալիքները կարող են հակառակ ազդեցությունն ունենալ»։
«Ամեն ինչ կարող է վատ ավարտ ունենալ հենց Իրանի համար»
Մամեդլին վստահ է, որ եթե Իրանը որոշի ռազմական ագրեսիա իրականացնել Ադրբեջանի դեմ, ամեն ինչ կարող է վատ ավարտ ունենալ հենց Թեհրանի համար։
«Ադրբեջանում Իրանի ուղղակի ռազմական միջամտության հնարավորությունը կասկածելի է։ Այդ դեպքում եղբայրական Թուրքիան, Պակիստանը և նույնիսկ Աֆղանստանը համարժեք քայլեր կձեռնարկեն Իրանի դեմ։ Քիչ հավանական է, որ Իսրայելը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն և մահմեդական այլ երկրներ այդ հարցում մնան դիտորդի կարգավիճակում։
Իրանը կարող է ավելի ծանր պարտություն կրել Ադրբեջանում, քան Իրաքը 1990 թվականին Քուվեյթի հետ պատերազմում:
«Իրանական զորքերի մուտքը Հայաստան հնարավոր է երեք դեպքում»
«Առաջին հերթին, Հայաստանը պետք է նման խնդրանքով պաշտոնապես դիմի Իրանին։ Այդ դեպքում կառաջանա երկու խնդիր՝ հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և երկրի սահմանները դեռևս վերահսկվում են Ռուսաստանի կողմից։ Առանց Ռուսաստանի համաձայնության նման քայլն անհնար է։ Մյուս կողմից, Փաշինյանի կառավարությունը, որն իշխանության է եկել Արևմուտքի քաղաքական ու ֆինանսական աջակցությամբ և ձգտում է ԵՄ-ի հետ սերտ համագործակցության, ստիպված է որոշակի հեռավորություն պահպանել Իրանից։
Երկրորդ՝ դա հնարավոր է Ռուսաստանի ոչ պաշտոնական համաձայնությամբ և առանց Հայաստանի բացահայտ առարկության։ Իսկ դա կարող է Փաշինյանի իշխանությանը հեռացնել Արևմուտքից և նույնիսկ վերջ դնել այդ իշխանությանը։
Երրորդ՝ Ռուսաստանը պետք է թուլացած լինի այնքան, որ Իրանը մտնի Հայաստան՝ առանց նրա կարծիքը հաշվի առնելու։ Այս պահին դա անիրատեսական է։ Թեև Ռուսաստանը որոշ չափով թուլացել է, բայց ոչ այնքան, որ անզոր լինի Իրանի դեմ։ Կարճաժամկետ հեռանկարում դա իրատեսական չի թվում»,- ASNTA-ին տված հարցազրույցն ամփոփել է Նասիմի Մամեդլին:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ադրբեջանը՝ Իրանի արտաքին թշնամի