«Հարավային Կովկասը ներառվա՞ծ է Թրամփի ծրագրերում»․ հայացք Բաքվից
Ադրբեջանը և Միջին միջանցքի նախագիծը
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել է Հարավային Կովկասի երկրների տարածքով Կենտրոնական Ասիայից համաշխարհային շուկա ապրանքների առաքումը կազմակերպելու հնարավորության մասին։ Այսինքն՝ նա բարձրացրել է «Միջին միջանցք» նախագծի իրականացման հարցը։
Ադրբեջանցի վերլուծաբանների կարծիքով, աշխարհաքաղաքական «խաղը, որի մեջ մտնում է ԱՄՆ-ն, և որը խաղից դուրս է թողնում Ռուսաստանին, կարող է շահավետ թվալ Հայաստանին և Թուրքիային, որոնք սահմանակից չեն Ռուսաստանին։ Բայց Ադրբեջանը ստիպված է լինելու բացահայտ ռիսկի դիմել»:
«Վերջին բանավեճը ԱՄՆ-ում ցույց տվեց, որ բոլոր հաշվարկներն այժմ պետք է արվեն՝ հաշվի առնելով Թրամփի նախագահության հնարավոր երկրորդ շրջանը։ Ի՞նչ մակարդակով է Վաշինգտոնը աջակցելու «Միջին միջանցք» նախագծին Թրամփի օրոք, որը մեկուսացված քաղաքականության կողմնակից է, նաև համարում է, որ ԱՄՆ-ն պետք դադարի կատարել համաշխարհային առաջնորդի դերը: Եվ ընդհանրապես նա կաջակցի՞ այդ ծրագրին։ Արդյո՞ք Հարավային Կովկասը ներառված է Թրամփի ծրագրերի մեջ»,- հարց են տալիս «Հայացք դեպի արևելք» խմբի փորձագետները։
- «Վրաստանը ՀՀ համար ունի ռազմաքաղաքական նշանակություն». կարծիք Երևանից
- Հարավային Օսիայի ընտրություններում հաղթած ուժը հրաժարվում է խորհրդարան ներկայանալ
- ՀԱՊԿ-ը գրավի՞չ է Ադրբեջանի համար. կարծիք Բաքվից
«Ադրբեջանը որոշիչ դեր խաղաց տարածաշրջանում քաղաքականության փոփոխության հարցում, ինչը հանգեցրեց խաղաղության հաստատմանը»: Բաքվում նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը։
Նա վստահություն է հայտնել, որ տարածաշրջանի երկրների համագործակցությունը ոչ միայն կբարելավի անվտանգային իրավիճակը, այլև թույլ կտա Կենտրոնական Ասիայից Ադրբեջանով, այնուհետև Վրաստանի և Հայաստանի տարածքով ապրանքներ մատակարարել համաշխարհային շուկաներ։
Բայց ամեն ինչ այնքան էլ պարզ և հարթ չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի աշխարհագրական դիրքը և ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները, կարծում են «Հայացք դեպի արևելք» խմբի ադրբեջանցի վերլուծաբանները։
«Թակել Ադրբեջանի դռները»
«Անցյալ շաբաթ Հարավային Կովկաս այցելած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը իր վերջին հայտարարության մեջ նշել է, որ Ադրբեջանը մեծ հնարավորություններ ունի՝ կապված Կասպից ծովից Վրաստանի տարածքով բեռների տեղափոխման հետ դեպի գլոբալ շուկաներ։
Բայց ամերիկացիները կարծում են, որ լուրջ հնարավորություններ կան նաև Հայաստանի տարածքով Թուրքիա, Սև ծով, Ատլանտյան օվկիանոս և հիմնականում Միջերկրական ծով ապրանքներ հասցնելու համար։ Վաշինգտոնը կարծում է, որ այդ ծրագրերի իրականացումը հնարվոր կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրման արդյունքում։
ԱՄՆ-ում արդեն խոսում են Ադրբեջանին աջակցելու մասին՝ Կենտրոնական Ասիա մուտք գործելու նպատակով Զանգեզուրով ճանապարհի գործարկման շնորհիվ։ Պարզ էր, որ գործընթացը վաղ թե ուշ հասնելու է այս փուլին։ Աշխարհագրական իրողություններն անխուսափելի պետք է դարձնեին Ադրբեջանի դռները թակելու տարբերակը։
Այսինքն՝ ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հարավային Կովկասում չի սահմանափակվում միայն Հայաստանում տեղակայվելով, այն ունի նաև տարածաշրջանային ռազմավարություն։ Վրաստանի և Ռուսաստանի մերձեցման ֆոնին ԱՄՆ-ը փորձում է Հայաստանին ներքաշել խաղի մեջ՝ Հայաստանը դիտարկելով որպես տարանցիկ երկիր, որով կանցնի Արևելյան Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող Միջին միջանցքը՝ խաղից դուրս թողնելով Ռուսաստանին։
Հայաստանի և Ադրբեջանի հրավերը ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովին նոր դարաշրջանի ամենալուրջ ազդանշանն է»։
Ճնշման նոր լծակ Թուրքիայի համար
«Բայց եթե նոր գործընթացի մի կողմը խաղաղության պայմանագիրն է Հայաստանի և Ադրբեջանի միջև, մյուս կողմը Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումն է։
Այս հարցում ԱՄՆ-ի ու Թուրքիայի տեսակետները համընկնում են։ Թուրքերը կարծում են, որ «Միջին միջանցք» նախագիծը ԱՄՆ-ի համար բարենպաստ պայմաններում իրականացնելու համար Թուրքիային անհրաժեշտ է արտերկրից քաղաքական և ֆինանսական աջակցություն։
Միաժամանակ, Անկարան կարծում է, որ ՆԱՏՕ-ն բերելով Կենտրոնական Ասիա՝ իրենք ձեռք կբերեն Արևմուտքի վրա ճնշման նոր լծակ։ Պատահական չէ, որ Թուրքիան, խոսելով այս դիրքից, փորձում է որքան հնարավոր է շուտ բացել սահմանները Հայաստանի հետ»։
Կասկածելի կետեր
«Մինչ այս պահն ամեն ինչ, կարծես թե, լավ է: Բայց կան երկու լուրջ կետեր, որոնք կասկածներ են առաձացնում։
Նախ, Միջին միջանցքի երթուղու երկայնքով միակ երկիրը, որը ցամաքային սահման ունի Ռուսաստանի հետ, Ադրբեջանն է։ Աշխարհաքաղաքական խաղը, որը ներառում է ԱՄՆ-ն և որը Ռուսաստանին թողնում է խաղից դուրս, կարող է շահավետ թվալ Ռուսաստանի հետ ուղիղ սահման չունեցող Հայաստանի և Թուրքիայի համար։ Բայց Ադրբեջանը ստիպված է լինելու ակնհայտ ռիսկի դիմել։
Հաշվի առնելով, որ Ռուսաստանը սայթաքել է, բայց դեռ չի ընկել ուկրաինական ճակատում, «վիրավոր արջի» հետ այս խաղը երջանիկ ավարտ չի խոստանում։
Երկրորդ՝ վերջին բանավեճը ցույց տվեց, որ բոլոր հաշվարկներն այժմ պետք է արվեն՝ հաշվի առնելով Թրամփի նախագահության հնարավոր երկրորդ շրջանը։ Որքանո՞վ է Վաշինգտոնը աջակցելու «Միջին միջանցք» նախագծին Թրամփի օրոք, որը մեկուսացման կողմնակից է, որը կարծում է՝ ԱՄՆ-ն պետք է դադարի կատարել համաշխարհային առաջնորդի դերը: Եվ ընդհանրապես կաջակցի՞։ Թրամփի ծրագրերում ներառվա՞ծ է Հարավային Կովկասը։
Մի իրավիճակում, երբ ռիսկերն ակնհայտ են և կան բաց հարցեր, Ադրբեջանը պետք է խելամտորեն հաշվարկի իր քայլերը։ Հայաստանի հետ խաղաղ պայմանագիր վաղ թե ուշ պետք է կնքվի, դա անխուսափելի է։ Բայց լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս այն, որ համաձայնագիրը դառնում է Հարավային Կովկասում խոշոր ուժերի բախման առարկա։
Մեր կարծիքով՝ այժմ լավագույն տարբերակը սպասողական դիրք գրավելն է՝ մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունների ավարտը»։