«Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Հայաստանի այլ տարածքներ»․ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից
Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում
«Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Հայաստանի այլ տարածքներ, ինչը պետք է կանխել: Նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարը»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի իր ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն իր ելույթը նվիրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի և Հարավային Կովկասի կայունության վրա դրա ազդեցության թեմային։ Նրա խոսքով՝ հնարավոր նոր էսկալացիայի պատճառ կարող է հանդիսանալ նաև ներկա իրավիճակին «տարածաշրջանային անվտանգային կազմակերպությունների ոչ պատշաճ արձագանքը»։
Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը վճռական է բոլոր միջոցներով պաշտպանելու իր անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, բայց չափազանց կարևոր է նաև «միջազգային հանրության լիարժեք ներգրավվածությունն ու աջակցությունը»։ Նա կարծիք է հայտնել, որ Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ տարածքներում միջազգային դիտորդական առաքելության ներկայությունը կարևոր գործոն կարող է լինել տարածաշրջանային կայունության համար։
JAMnews-ն առանձնացրել է Փաշինյանի ելույթի կարևոր դրվագները։
«Սահմանային բախում չէր, այլ չհրահրված ագրեսիա»
Փաշինյանը նշել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիա է սկսել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ գնդակոծելով 36 բնակելի տարածքներ և համայնքներ։
«Սա սահմանային բախում չէր. ուղղակի անհերքելի հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, որը դատապարտվեց և որին անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստերի ընթացքում և դրանից դուրս»,- ընդգծել է Հայաստանի վարչապետը։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 7600 մարդ։
Զոհերի և անհետ կորածների թիվն այս պահին գերազանցում է 207-ը, վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Առնվազն 20 զինծառայող գերեվարվել է։
Փաշինյանը շեշտել է, որ զոհերից 3-ը և անհետ կորածներից 2-ը խաղաղ բնակիչ են։
Նրա խոսքով՝ ադրբեջանական հարձակման ընթացքում միտումնավոր թիրախավորվել են խաղաղ բնակչությունն ու կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքները․
«Շուրջ 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն մասնակի կամ ամբողջությամբ ավերված են։ Վնասվել են 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազատար խողովակ, 1 կամուրջ։ Գնդակոծվել է 2 շտապօգնության և 4 մասնավոր ավտոմեքենա»։
«Պատերազմական հանցագործություններ են կատարվել»
Վարչապետը նշել է, որ կան ապացույցներ գերեվարված կամ արդեն մահացած զինծառայողների խոշտանգումների և անդամահատման, արտադատական սպանությունների բազմաթիվ դեպքերի, հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ինչպես նաև դիերի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին։
«Հայ կին զինծառայողների դիերն առանձնակի դաժանությամբ անդամահատել են, ապա «հպարտորեն» տեսագրվել ադրբեջանցի զինծառայողների կողմից»,— ասել է Փաշինյանն ու հավելել, որ պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների մասին տեսանյութերը ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվում և գովաբանվում են:
Կատարված անասելի վայրագություններն, ըստ նրա, ուղղակի արդյունք են ադրբեջանական հասարակության մեջ հայերի նկատմամբ ատելություն և թշնամանք սերմանելու պաշտոնական Բաքվի քաղաքականության։
«Պետք է կանխել Ադրբեջանի նոր ագրեսիան»
Փաշինյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Հայաստանի այլ տարածքներ, ինչը պետք է կանխել։ Ասում է՝ վերջին հարձակումն ուղեկցող պաշտոնական խոսույթը և տեղեկատվության այլ աղբյուրներն են հուշում այդ մասին․
«Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարը, և զոհերի ու վիրավորների թիվը կարող է փոփոխվել ցանկացած պահի։ Հետագա էսկալացիայի մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ այս իրավիճակին տարածաշրջանային անվտանգային կազմակերպությունների ոչ պատշաճ արձագանքը, ինչը լրջագույն հարցեր առաջացրեց հայ հասարակության շրջանում»։
Իլհամ Ալիևը օրեր առաջ Բերձորում սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին: Նա Հայաստանին զգուշացրել է սադրանքների չդիմել, այլապես «արժանի պատասխան կտան»:
«Այսօր Հայաստանը պետք է լավ մտածի: Ոչ ոք մեզ հետ վերջնագրերով չի կարող խոսել, և թող ոչ ոքի վրա հույս չդնեն: Մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել: Ողջ աշխարհին ցույց ենք տվել, թե ինչի ենք ընդունակ, մենք ուժով ազատագրեցինք մեր հողը և հպարտանում ենք դրանով»,- հայտարարել է Ալիևը:
«Ադրբեջանը փորձում է Հայաստանը ներկայացնել որպես ապակառուցողական կողմ»
Հայաստանի ղեկավարի խոսքով՝ նման տպավորություն ստեղծելու համար Բաքուն օգտագործում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, սահմանների սահմանազատման, տարածաշրջանային հաղորդակցության բացման թեմաները․
«Ինչո՞ւ մենք այս ուղղություններով շոշափելի առաջընթաց չունենք։ Պատճառը շատ պարզ է։ Ադրբեջանն այդ բոլոր թեմաներն օգտագործում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար»։
Փաշինյանը օրինակ է բերել խաղաղության պայմանագրի կետերից մեկը՝ տարածքային ամբողջականության երկկողմ ճանաչումը․
«Մենք արդեն հայտարարել ենք, որ պատրաստ ենք դա անել, բայց Ադրբեջանը մինչ այժմ դա չի արել։ Հակառակը, Ադրբեջանը հրապարակավ բարձրաձայնում է, որ Հայաստանի ողջ հարավն ու արևելքը, նույնիսկ մայրաքաղաք Երևանն ադրբեջանական հող է»։
Վարչապետի խոսքով՝ եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված 29800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, դա կնշանակի, որ «կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը»։
Հակառակ դեպքում, ըստ նրա, խաղաղության պայմանագիրը կլինի ֆիկտիվ, Ադրբեջանը նոր տարածքային պահանջների և օկուպացիայի համար կօգտագործի արդեն սահմանազատման գործընթացը։
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանին որպես «ապակառուցողական կողմ» ներկայացնել նաև տրանսպորտային կապերի բացման թեմայի շրջանակում։ Ասում է՝ Հայաստանը պատրաստ է տրամադրել երթուղի, որը կգործի երկրի օրենսդրության համաձայն և ինքնիշխան վերահսկողության ներքո, այնինչ Բաքուն «միջանցք» է ուզում․
«Ուրեմն ո՞րն է Ադրբեջանի նպատակը։ Ստեղծել նոր ճգնաժամ՝ որպես Հայաստանի դեմ նոր ագրեսիայի և նոր տարածքային պահանջի պատրվակ»։
«ԼՂ-ի հայերն ունեն միջազգային հանրության աջակցության կարիքը»
Կառավարության ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի վերջին ագրեսիան տեղի է ունենում այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի հումանիտար հետևանքները դեռ չեն լուծվել։
Տարածաշրջանային կայունության վճռորոշ գործոններից մեկն, ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումն է։ Ասում է՝ ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն․
«Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն։ Մենք կոչ ենք անում աջակցել ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունների անվտանգ և անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական, մարդու իրավունքների իրավիճակը տեղում գնահատելու և մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու նպատակով»։
Հայկական կողմը կարծում է, որ հակամարտության գոտի մուտքի հնարավորություն պետք է ունենան ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելությունը։ Ադրբեջանը, սակայն, արգելափակում է նրանց մուտքը։
«Դատապարտելի է նաև, որ Ադրբեջանը կասեցրել է հայ ռազմագերիների հայրենադարձության գործընթացը՝ ի թիվս այլ գործողությունների, նրանց ենթարկելով արհեստական դատավարությունների՝ միջազգային մարդասիրական իրավունքի, իր սեփական պարտավորվածությունների կոպիտ խախտումով և միջազգային հանրության կոչերին հակառակ»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանական հարձակումների թիրախը նաև Հայաստանի ժողովրդավարությունն է»
Վարչապետի դիտարկմամբ՝ հակառակ որոշ ուժերի ակնկալիքներին, Հայաստանը 2020 թվականի ավերիչ պատերազմից հետո էլ մնաց ժողովրդավարական՝ օգտագործելով ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների գործիքը որպես ելք ներքաղաքական ճգնաժամից։ Ըստ նրա՝ միջազգային հանրությունը միաձայն ընդունեց և բարձր գնահատեց այդ փաստը։
Ասում է՝ ադրբեջանական հարձակումների թիրախը ոչ միայն Հայաստանի անկախությունն է, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլև ժողովրդավարությունը․
«Հայկական ժողովրդավարությունը պայքարում է մի մթնոլորտում, երբ Ադրբեջանն ամեն օր ուժ է գործադրում՝ միակողմանիորեն պարտադրելու իր ծրագրերը, վերջ դնելու հայկական պետականությանը, անկախությանը և ժողովրդավարությանը»։
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը վճռական է բոլոր միջոցներով պաշտպանելու իր ժողովրդավարությունը, անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ որպես առաջնահերթություն ընդունելով դիվանագիտական լուծումները․
«Միջազգային հանրության լիարժեք ներգրավվածությունն ու աջակցությունը չափազանց կարևոր է։ Այս կապակցությամբ ուզում եմ նշել, որ միջազգային դիտորդական առաքելությունը Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ տարածքներում կարևոր գործոն կլինի տարածաշրջանային կայունության համար»։
Հայաստանի վարչապետի համոզմամբ՝ անհերքելի է, որ տարածաշրջանային կայունության շահերից ելնելով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ադրբեջանական զինուժը պետք է դուրս բերվի Հայաստանի ինքնիշխան տարածքից։
«Խաղաղություն հաստատելու հարցում վճռական ենք»
Ըստ նրա՝ Հայաստանը վճռական է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում, բայց երկրին անհրաժեշտ է միջազգային հանրության լիակատար աջակցությունը։
«Ես հավատում եմ երկարաժամկետ կայունության, անվտանգության և խաղաղության հաստատման ներուժին, և Հայաստանը հանձնառու է շարունակել այդ նպատակով դիվանագիտական ջանքերը»,- ելույթի ավարտին հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում