Ադրբեջանը ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակը նշել է Շուշիում․ Երևանի արձագանքն ու Բաքվի պատասխանը
Շուշիում, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով, անցկացվել է ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակի միջոցառումը։ Դրան մասնակցել են նաև ՄԱԿ-ի՝ Բաքվում հավատարմագրված ներկայացուցիչները։ Պաշտոնական Երևանը բողոք է հղել Շուշիում այս միջոցառման անցկացման կապակցությամբ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն անպատասխան չի թողել Հայաստանի արձագանքը։
Վերջում՝ տեսանյութ Ստեփանակերտից, ձնից կերտած Ղազանչեցոց տաճարը, որը՝ որպես ՄԱԿ-ի ներկայացուցիչների Շուշի մեկնելու կապակցությամբ բողոքի նշան, պատրաստել է տեղի բնակիչը։
- «Հայաստանն ազատ երկիր է։ Ի տարբերություն Ռուսաստանի»։ Երևանյան ակցիաների մասին
- 2022-ի ցուրտ Նովրուզը․ ֆոտոռեպորտաժ
- Հայկանուշ անունով աղջնակը, կամ գտեք 10 տարբերություն
Ի՞նչ է տեղի ունեցել
Մարտի 18-ին Ադրբեջանի կառավարության պատվիրակությունն՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի գլխավորությամբ և ՄԱԿ՝ Բաքվում հավատարմագրված ներկայացուցիչների մասնակցությամբ Շուշի է մեկնել։
30-ամյակի միջոցառման մասնակիցները Ֆիզուլիի օդանավակայանից են մեկնել Լեռնային Ղարաբաղում գտնվող Շուշի քաղաք, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2022 թ-ի աշնանը տեղի ունեցած 44-ամյա պատերազմի հետևանքով։
Ֆիզուլիի օդանավակայանը երեք օդանավակայաններից մեկն է, որոնք Ադրբեջանը պլանավորում է կառուցել իր վերահսկողության տակ անցած տարածքներում։ Սկսվել է նաև Զանգելանի շրջանի օդանավակայանի շինարարությունը, ևս մեկը կառուցվելու է Լաչինում։
«Մենք մեկնում ենք Ֆիզուլիի օդանավակայան «Խանքենդի» օդանավով, որպեսզի ՄԱԿ-ի՝ Ադրբեջանում հավատարմագրված ներկայացուցիչների հետ միասին Շուշա [Ադրբեջանում այսպես են անվանում քաղաքը] այցելենք։ Կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցության 30-ամյակը նշվելու է այստեղ ՄԱԿ ինստիտուտների հետ համատեղ։ ՄԱԿ դրոշը ծածանվելու է ազատագրված քաղաքում», — Թվիթերում գրել է Հիքմեթ Հաջիևը։
Շուշիի միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Ադրբեջանում ՄԱԿ ռեզիդենտ-համակարգող Վլադանկա Անդրեևան։
Միջոցառումից հետո դրա մասնակիցները շրջել են քաղաքում և լուսանկարվել Շուշիի բերդի գլխավոր մուտքի մոտ։
Հայաստանի ԱԳՆ բողոքի նոտան
Հայաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Շուշիում անցկացված միջոցառմանը ՄԱԿ ներգրավման առնչությամբ։ Այն հանձնվել է մարտի 19-ին Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային։
Հայաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպմանը նրան հայտնել են, որ «ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը ս․թ․ մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը»։
ԱԳՆ կայքում զետեղված հաղորդագրությունում նշվում է նաև, որ «արտաքին գործերի նախարարությունը պահանջել է Միավորված ազգերի կազմակերպությունից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը»։
Արցախի արձագանքը
Ավելի վաղ Ադրբեջանի կողմից այս միջոցառման անցկացումը դատապարտել են նաև Արցախի իշխանությունները։
ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որում նշվել է, որ պաշտոնական Բաքուն, «իր ոճին համահունչ, շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի նկատմամբ իր ագրեսիայի արդյունքների օրինականացմանը՝ փորձելով այդ գործընթացում ներգրավել և օգտագործել նաև միջազգային հանրությանն ու տարբեր կառույցների»։
«ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Ադրբեջանի ագրեսիայի և հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառմանը հակասում է միջազգային այս հեղինակավոր կազմակերպության գործունեության հիմնադրույթներին, գաղափարախոսությանն ու առաքելությանը և, անկասկած, օգտագործվելու է Ադրբեջանի կողմից իր մարդատյաց և ագրեսիվ քաղաքականության լեգիտիմացման նպատակով։ Սա նաև լուրջ հարված է ՄԱԿ-ի հեղինակությանը, ինչը բացասական ազդեցություն կունենա կազմակերպության աշխատանքների արդյունավետության վրա», — ասված է հայտարարությունում։
Ադրբեջանի ԱԳՆ պատասխանը
«Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքում որևէ միջոցառման կազմակերպումն ու դրան միջազգային ներկայացուցիչների մասնակցությունը Հայաստանի իրավասության մեջ գտնվող հարց չէ», — նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով հայկական կողմի բողոքը։
«Այլ պետության գործերին Հայաստանի միջամտությունն անհիմն է և անթույլատրելի։
Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի կողմից դեռևս առկա տարածքային պահանջները ցույց են տալիս, որ երկիրը հարկ եղած եզրակացությունները չի արել 44-օրյա պատերազմից։ Հայաստանի ԱԳՆ այս դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում Ադրբեջանի և միջազգային հանրության առաջատար անդամերի համատեղ խաղաղարար ջանքերին դիմադրելու փորձ։
Ի գիտություն Հայաստանի ԱԳՆ-ի՝ Շուշան Ադրբեջանի հնագույն տարածքն է։ Այդ քաղաքն՝ ադրբեջանական մշակույթի բնօրրանը, մյուս տարածքների հետ մեկտեղ ազատագրվել է 2020 թ-ին, և մեր տարածքային ամբողջականությունը վերականգնվել է։ ՄԱԿ-ը երբեք չեզոք դիրքորոշում չի զբաղեցրել հայ-ադրբեջանական հակամարտության հարցում, ընդհակառակը, այն սատարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն իր բանաձևերով, որոնք ընդունել են Գլխավոր ասամբլեան և Անվտանգության խորհուրդը։ Այս առնչությամբ պարզ չէ, թե ինչ «չեզոք կարգավիճակի» կոչ է անում Հայաստանի ԱԳՆ-ն։
Վերջում ուզում եմ կրկնել․ որքան շուտ Հայաստանն ընդունի տարածաշրջանում հետկոնֆլիկտային փուլի իրողությունները, այնքան դա օգտակար կլինի այդ երկրի համար», — ընդգծել է Աբդուլաևան։
Արցախի բնակիչների արձագանքը
Շուշին առանձնահատուկ նշանակություն ունի հայերի համար, այստեղ է գտնվում Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Եվ Ստեփանակերտի բնակիչ Գևորգ Սարգսյանը ձնից պատրաստել է դրա մանրակերտը՝ որպես ՄԱԿ ներկայացուցիչների Շուշի այցելության դեմ բողոք։
Այժմ սոցցանցերի հայկական տիրույթում ակտիվորեն տարածվում է այդ ձնե տաճարի տեսանյութը։
Ղազանչեցոց եկեղեցին Շուշիի մայր տաճարն է, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոնը։ Պատերազմի օրերին այն հրետակոծվել է, մեծապես տուժել են, մասնավորապես, գմբեթները։ Ադրբեջանական կողմը սկսել է վերականգնել տաճարն՝ առանց հայկական կողմի հետ խորհրդակցությունների և ներգրավման, ինչը բողոք է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։