Ադրբեջանը հանրաքվեի է պատրաստվում
Ընդդիմությունն ու միջազգային կազմակերպություններն ասում են, որ սեպտեմբերի 26-ին կայանալիք հանրաքվեին ընդառաջ, օգոստոսի կեսերից Ադրբեջանի իշխանությունները վերականգնել են քաղաքական հետապնդումները:
«Դեռևս չեմ կարողանում որդուս հետ հանդիպելու, ուտելիք փոխանցելու և հեռախոսազանգ ունենալու թույլտվություն ստանալ: Եվ Ֆուադի այդ իրավունքները կոպտորեն խախտվում են: Հույսս Աստծո և ընկերներիս աջակցության վրա է», — օգոստոսի 30-ին իր ֆեյբուքյան էջում գրել է «Ժողովրդական ճակատ» կուսակցության երիտասարդ ակտիվիստ Ֆուադ Ահմեդլիի հայրը:
Օգոստոսի 18-ին նրա որդուն ձերբակալել են երրորդ անձանց իր գործատուի՝ բջջային օպերատորի բաժանորդների անձնական տվյալները հաղորդելու համար: Նրա փաստաբան Ասաբալի Մուստաֆաևը խոսում է Ահմեդլիի առողջության վատ վիճակի մասին: Ֆաուդը վերջերս մի քանի վիրահատություն է տարել: Նրան պահում են Պետական անվտանգության ծառայության մեկուսարանում, մինչդեռ փասատբանն ուզում է նրան №1 ՔԿՀ տեղափոխել, որտեղ պայմաններն ավելի լավ են:
Ձերբակալությունների նոր ալիքը սկսվեց օգոստոսի 12-13-ին, երբ կալանավորվեց Ռեալ կուսակցության անդամ Նաթիկ Ջաֆարլին, ում մեղադրեցին ֆինանսական հանցագործությունների համար: Օգոստոսի 13-ին կալանավորվեց NIDA երիտասարդական շարժման ակտիվիստ Էլգիզ Ղահրամանլին: Օգոստոսի 15-ին ձերբակալվեցին երիտասարդ ակտիվիստներ Էլշան Գասիմովն ու Թորգուլ Իսմայիլովը: Ձերբակալվեց և տուգանվեց նաև քաղաքացիական ակտիվվիստ, նախկին քաղբանտարկյալ Բախտիար Հաջիևը:
Օգոստոսի 19-ին կալանավորվեցին «Ժողովրդական ճակատի» անդամներ Մյասուդ Ռզալին ու Գյադիմ Բաքիրովը:
Օգոստոսի 20-ին ձերբակալվեց «Ազադլիգ» ընդդիմադիր թերթի ֆինանսական տնօրեն Ֆայիկ Ամիրովը, նրան մեղադրում են կրոնական-էքստրեմիստական գրականություն տարածելու համար: Մեղադրանքները մի փոքր այլ կերպ են հնչում (կրոնական թշնամության հրահրում և այլն), սակայն իմաստն այն է, որ խուզարկության ժամանակ նրա մոտ Ֆեթուլլահ Գյուլենի մասին 3 գիրք են գտել:
Օգոստոսի 28-ին ձերբակալվեցին Էլչին Շարիֆզադեն, Մեխման Հուսեյնովն ու Մասուդ Ասկերը: Նրանց այդ օրն ավելի ուշ ազատ արձակեցին:
Ընդդիմությունն ու իրավապաշտպանները խոսում են բազմաթիվ խախտումների մասին: Այսպես, փաստաբան Էլչին Սադիղովը հայտարարում է, որ իր պաշտպանյալ Նաթիկ Ջաֆարլիի կալանավորման օրվանից ի վեր չի կարողանում հանդիպել նրա հետ: Բացի այդ, նրա խոսքով, գլխավոր դատախազությունը խախտել է անմեղության կանխավարկածը՝ իր պաշտոնական հայտարարությունում Ջաֆարլիին մեղավոր անվանելով:
Մի շարք միջազգային կազմակերպություններ Բաքվում տեղի ունեցած ձերբակալությունները գնահատում են որպես հետապնդումների նոր ալիք:
«Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի կառավարության վրա այս հետապնդումները դադարեցնելու և որպես Եվրոպայի Խորհրդի անդամ սեփական պարտավորությունները հարգելու համար», — ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարությունում:
«Սահմանադրական հանրաքվեից 6 շաբաթ առաջ ադրբեջանական իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսել քննադատողների ձայները լռեցնելու համար», — ասված է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կոալիցիայի հայտարարությունում:
«Ադրբեջանում վերսկսվեցին քաղաքացիական ակտիվիստների հետապնդումները, երբ օգոստոսի 12-ից կալանավորվեց մի քանի երիտասարդ ակտիվիստ», — ասված է Human Rights Watch-ի հայտարարությունում:
Freedom House կազմակերպությունը նույնպես ձերբակալությունները կապեց առաջիկա հանրաքվեի հետ:
Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե կանցկացվի, որոնք կընդլայնեն նախագահի իրավասությունները: «Ռեալ», «Մուսավաթ», «Ժողովրդական ճակատ» և այլ կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ կարծում են, որ սահմանադրական փոփոխություններն ընդունելը կհանգեցնի ավտորիտարիզմի ուժեղացմանը:
Միաժամանակ «ՌեԱլ» կուսակցությունը քարոզարշավ անցկացնելու համար ԿԸՀ-ում գրանցվեց, սակայն ձերբակալություններից հետո հայտարարեց, որ չի մասնակցելու արշավին: Կուսակցության հայտարարության համաձայն՝ ոստիկանությունը 100 հազար շրջիկ-թերթիկ է առգրավել, որոնք պետք է տարածեին «ՌեԱլ»-ի անդամները: Այնուամենայնիվ, կուսակության կառավարման անդամ Ազեր Գասիմլիի խոսքով, նա չի ճանաչելու ոչ հանրաքվեն, ոչ էլ դրա արդյունքների լեգիտիմությունը:
Ընդհանուր առմամբ, ԿԸՀ-ն 2 նախաձեռնող խումբ է գրանցել՝ երկրի մունիցիպալիտետների խմբի կողմից ստեղծվեծ «Բյալյադիան» և երկրի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի կողմից ստեղծված «Քաղաքացիական հասարակությունը»:
«Մեր երկիրը չի ենթարկվում որևէ այլ պետության, նման բան չի լինի նաև այսուհետ», — հայտարարել է նախագահի աշխատակազմի արտաքին հարցերով բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը պետական «Ազերթաջ» տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում: Մեր պետությունը ոչ մի ուրշ պետության չի ենթարկվում, նման բան չի լինի նաև այսուհետ», — հայտարարել է Մամեդովը պետական «Ազերթաջ» տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում:
«Մեր երկրի ներքին գործերին միջամտելու նման փորձերը երբեք ոչ մի արդյունք չեն տա: Պետք է հրաժարվել Ադրբեջանի հանդեպ այդ երկակի ստանդարտներից», — ասել է Մամեդովը:
P.S. Նասիմինի շրջանային դատարանը սեպտեմբերի 9-ին անսպասելի որոշում է կայացրել ազատ արձակել ReAl կուսակցության գործադիր քարտուղար Նաթիկ Ջաֆարլիին:
Հրապարակվել է 10.09.2016