3 զոհ, 2 վիրավոր․ Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ էր բացել Սոթքի ուղղությամբ
Վաղ առավոտից Ադրբեջանը ինտենսիվ կրակ է վարում Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ՝ հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև ականանետ, ԱԹՍ։ Հայկական կողմից զոհվել է երեք զինծառայող, երկուսը վիրավորվել են: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում։ Ադրբեջանական ուժերը կրակ են բացել նաև Գեղարքունիքի մարզի սահմանային մեկ այլ բնակավայրի՝ Նորաբակի հատվածում։ Օրվա երկրորդ կեսին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց կրակի ինտենսիվության նվազման մասին։ Մինչ նյութի հրապարակման պահը իրադրության էական փոփոխություն չի գրանցվել։
Հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ու խստորեն դատապարտել «Ադրբեջանի ագրեսիվ գործելաոճը»։
Ռազմաքաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովի դիտարկմամբ՝ ռազմական գործողությունների դիմելու հիմնական պատճառը բանակցային գործընթացում ադրբեջանական կողմի համար առկա խնդիրներն են ու Արցախում ստեղծված իրավիճակը։ Ասում է՝ «սադրանքը կանխատեսելի էր» և հավելում, որ հայկական կողմը պետք է պատրաստ լինի իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։
Այս պահին հայտնի մանրամասները, մեկնաբանություններ
Ժամանակագրություն՝ ըստ պաշտոնական հաղորդագրությունների
- Ադրբեջանը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ինտենսիվ կրակ է բացել սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած,
- սկզբում հաղորդվում էր, որ զոհվել է չորս, վիրավորվել` մեկ զինծառայող,
- ժամը 12:25-ի դրությամբ հրաձգային զենքերից կրակ են բացել նաև Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ,
- տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից բացի կիրառել է նաև ականանետ, ԱԹՍ,
- ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է,
- ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է,
- ժամը 20:00-ին տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ «ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում զինծառայողներից մեկի սրտի զարկը վերականգնվել է», այսինքն զոհվել են երեքը:
Հայաստանի պաշտպանական գերատեսչության գնահատմամբ՝ Ադրբեջանը «հերթական սադրանքի» համար տեղեկատվական հիմք էր ստեղծում՝ պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով։
Ադրբեջանի ԶՈՒ ձեռնարկած գործողությունների նախորդ օրը՝ օգոստոսի 31-ին, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը երեք անգամ հաղորդել էր Ադրբեջանի կողմից ապատեղեկատվության տարածման մասին։ Օրվա ընթացքում Բաքվից երկու անգամ հայտարարել էին, թե, իբր, Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, մեկ անգամ էլ հրապարակել նույնաբովանդակ հաղորդագրություն սահմանի հարավարևմտյան հատվածի վերաբերյալ։
«Չի համապատասխանում իրականությանը»,- ի պատասխան հայտարարել էր Հայաստանի ՊՆ-ն։
«Ադրբեջանը լրացուցիչ միջոցներ է կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ»
Այս մասին ահազանգել է Հայաստանի ՊՆ-ն՝ հրապարկելով այդ մասին վկայող տեսանյութ․
Ավելի վաղ գերատեսչությունից հայտնել էին, որ «Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ»։ Բաքվից հերքել էին այդ տեղեկությունը, իսկ մինչ այդ նույն մեղադրանքը հասցեագրել էին հայկական կողմին։
«Նպատակն է շեղել միջազգային հանրության ուշադրությունը»
«Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները, որոնք զուգորդվում են ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումների վերաբերյալ ադրբեջանական կողմից տարբեր մակարդակներով, ինչպես նաև տարբեր պետական լրատվամիջոցներով պարբերաբար հնչող հայտարարություններով ու ռազմատենչ հռետորաբանությամբ, հանդիսանում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով առկա հարցերը կարգավորելու, սեփական կամքը պարտադրելու Բաքվի ագրեսիվ քաղաքականության շարունակությունը:
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու հասցեական կոչերի և աճող ճնշման պայմաններում Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրանքը նաև միտված է շեղել միջազգային հանրության ուշադրությունը և խուսափել իր պարտավորությունների կատարումից»,- հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն։
Պաշտոնական Երևանը միջազգային հանրությանն ու տարածաշրջանում իրական կայունությամբ շահագրգիռ դերակատարներին կոչ է արել «առկա մեխանիզմների կիրառմամբ և գործուն ու հստակ քայլերի միջոցով զսպել Ադրբեջանի օրեցօր սաստկացող առավելապաշտական վարքագիծը՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու նպատակով»։
«Ադրբեջանի ԶՈՒ ագրեսիվ վարքագիծը ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները»․ ՄԻՊ
Սոթքի և Նորաբակի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ինտենսիվ կրակոցների առնչությամբ ահազանգեր է ստացել օմբուդսմենի գրասենյակը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտնել է, որ իրականացնում են մշտադիտարկում և փաստերի հավաքագրում, ինչից հետո հանդես կգան լրացուցիչ հայտարարությամբ։
«Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից»,- հայտարարել է նա։
«Նոր հարձակում Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա»
Սոթքի և Նորաբակի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած գործողություններն այսպես է բնորոշել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «X»-ի (նախկինում՝ «Թվիթեր») իր էջում նա գրել է, որ հարձակումն «ուղղակի վնաս է հասցնում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրոպայի միջնորդական ջանքերին»․
«Վնաս է խաղաղ բանակցությունների շարունակվող գործընթացին ու Ադրբեջանի բոլոր պարտավորությունների խախտում է»։
Մարուքյանի խոսքով՝ «ագրեսորը պետք է պատասխանատվություն կրի հրադադարի խախտումների և բոլոր հետևանքների համար»։
Հայաստանի ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ Հայաստանի սահմաններին տեղի ունեցող իրադարձություններն ուղիղ կապ ունեն Արցախում տիրող իրավիճակի հետ։
«Անկախ այն հանգամանքից, որ ՀՀ իշխանությունը փորձում է ամեն գնով իրեն օտարել Արցախի հետ կապված հարցերից, միևնույն է՝ հենց միայն անվտանգային տեսանկյունից Հայաստանն ու Արցախը միևնույն համակարգում են, նրանցից յուրաքանչյուրի դեմ հարվածը խոցելիություն է ապահովում և´ Հայաստանի, և´ Արցախի համար»,- նկատել է նա։
Աբրահամյանի կանխատեսմամբ՝ «առաջնագծի տարբեր հատվածներ շարունակելու են լարվածության բարձր ռիսկայնության պայմաններում լինել»։
Փորձագիտական կարծիք
Ռազմաքաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովն Ադրբեջանի գործողություններում նոր բան չի նկատում։ Ասում է՝ նախկինում էլ, երբ բանակցությունները մտնում էին փակուղի կամ Բաքվի նախանշված սցենարով առաջ չէին ընթանում, ադրբեջանցիները դիմում էին սադրանքների, տարբեր ինտենսիվության ռազմական գործողությունների․
«Հիմա էլ բանակցային գործընթացում ադրբեջանական կողմի համար կան խնդիրներ՝ կապված պաշտոնական Երևանի դիրքորոշման հետ առ այն, որ Լեռնային Ղարաբաղում պետք է տեղակայվի միջազգային փաստահավաք խումբ և այնտեղ պետք է գործեն անվտանգության միջազգային մեխանիզմներ»։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Հարությունովը նկատել է՝ ներկայումս սուր է դրված նաև հարցը՝ ո՞ր ճանապարհն է բացվելու՝ Լաչինի՞, թե՞ Աղդամի։ Նրա խոսքով՝ Բաքվում հստակ տեսնում են, որ Արցախի նկատմամբ կիրառվող ճնշումը չի ապահովում «արագ և սպասելի արդյունքներ»։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից լայնածավալ գործողությունների մեկնարկի հավանականությանը՝ Հարությունովը շեշտել է՝ «այս պահին դեռ վաղ է ստույգ խոսել հետագա զարգացումների մասին»։
«Նախկինում սահմանին նման լարվածության դեպքեր շատ են եղել, դրանց տեմպը հետզհետե թուլացել է, գործողությունների ինտենսիվությունը՝ նվազել։ Մյուս կողմից էլ Ադրբեջանն իրականացրել է գործողություններ, ինչպես, օրինակ, անցյալ տարվա սեպտեմբերին, երբ հրահրեց լայնամասշտաբ բախում։ Երկու տարբերակներն էլ հնարավոր են»,- նկատել է նա։
Ասում է՝ հայկական կողմը պետք է հետևի զարգացումներին և պատրաստ լինի ցանկացած սցենարի, քանի որ «տեսանելի ապագայում ադրբեջանական նմանօրինակ սադրանքներն ու գործողությունները կրկնվելու են, որովհետև Բաքվի համար ուժի կիրառումը զիջումներ կորզելու նպատակ ունի»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ադրբեջանը կրակ էր բացել Սոթքի ուղղությամբ