Այս օրերին Բաքվում այցով գտնվում է ՆԱԵԿ գլխավոր քարտուղար Մուհամեն Սանուսի Բարկինդոն: Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովին:
«Ադրբեջանի՝ որպես նավթային արդյունաբերության օրրանի ապագան ՆԱԵԿ-ի կազմում է: Ադրբեջանը կարևոր դեր է խաղում նավթի արդյունահանման կրճատման «ՆԱԵԿ պլյուս» գործարքի աջակցության գործում: ՆԱԵԿ-ն ու Ադրբեջանը շարունակում են համագործակցությունը համաշխարհային շուկայում նավթի գների պահպանմանն ուղղված առավել ձեռնտու գործողությունների շրջանակում», — ասել է Բարկինդոն մամուլի ասուլիսին:
Բարկինդոն լրագրողներին հայտնել է նաև, որ Իլհամ Ալիևն առաջարկել է «ՆԱԵԿ պլյուս» կոնֆերանսներից մեկը Բաքվում անցկացնել:
Նավթի արտահանման երկրների կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որ ստեղծվել է 1960թ-ին 5 նավթաարդյունահանող երկրների կողմից նավթի արդյունահանման քվոտաների վերահսկողության նպատակով: Շտաբ-բնակարանը գտնվում է Վիեննայում: ՆԱԵԿ-ին վերջերս անդամակցել է երկու երկիր՝ Գաբոնն ու Հասարակածային Գվինեան, և կազմակերպության անդամների թիվն աճել է մինչև 14: Այնուամենայնիվ, նավթի համաշխարհային արդյունահանման մեջ կարտելի մասնաբաժինը 1970թ-ի 55%-ից կրճատվել է մինչև 40%: