Հայաստան-Ադրբեջան․ «նոր հին սահման», ինչո՞ւ են այդքան խնդիրներ առաջանում սահմանագծման ժամանակ
2020 թ․ նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարությունը կանգնեցրեց պատերազմն Արցախում և ընդհանուր առմամբ ուրվագծեց խաղաղության ապագա պայմանագիրը։ Սակայն միանգամից երկու կողմերը սկսեցին յուրովի մեկնաբանել հայտարարության հրապարակված տեքստը։
- Ադրբեջանի ինչի՞ն է ղարաբաղյան գոտում թուրք զինծառայողների տեղակայումը․ մեկնաբանություն Բաքվից
- Հայաստանի ընդդիմությունն առաջարկում է ևս մեկ ռուսական բազա ստեղծել
Գլխավոր վեճը մեկ հարցի շուրջ է․ որտեղո՞վ է անցնում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը։ Այս հարցի պատասխանից է կախված մեկ այլ կարևոր խնդրի լուծումը․ ո՞ր բնագծերում պետք է տեղակայվեն Հայաստանի զորքերը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի խնդիրը բավականին բարդ է մի քանի խնդիրների պատճառով, որոնք, նախևառաջ, կապված են պատմության հետ։
Մանրամասնենք յուրաքանչյուրը։
Արցախյան հակամարտության պատմությունը
Արցախյան առաջին պատերազմից հետո (1989-1994) Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ շրջաններն Ադրբեջանի վերահսկողությունից անցան հայկական ուժերի վերահսկողության տակ։ Հետագա գրեթե 30 տարվա ընթացքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև սահմանը պայմանական էր, և հսկիչ անցակետերը տեղակայվել էին բավականին կամայականորեն։
Խորհրդային Միությունում հանրապետությունների միջև սահմանները գծվում էին Ռուսական կայսրության սահմանների հիման վրա
Խորհրդային Միության ներսում վարչական սահմանները երբեք մշտական չեն եղել։ ԽՍՀՄ սուբյեկտների՝ միութենական հանրապետությունների սահմանները, հիմնականում գծվում էին Ռուսական կայսրության նահանգների և գավառների սահմանների հիման վրա։ Իսկ թե դրանք ինչպես էին գծվում, հայտնի է միայն Աստծուն և ռուսական ցարին։
Կայսրության փլուզումից հետո մի քանի պետություն կազմավորվեց, որոնք հայտարարեցին իրենց անկախության մասին, այդ թվում՝ Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը։
Առաջին իսկ օրվանից այս երեք երկրները միմյանց սկսեցին տարածքային պահանջներ ներկայացնել, որովհետև 19-րդ դարի ցարական գավառների հին սահմանները հաշվի չէին առնում բնակչության էթնիկ կազմը։
Մասնավորապես, Ադրբեջանն ու Հայաստանը վիճում էին երեք շրջանների՝ Նախիջևանի, Զանգեզուրի և Ղարաբաղի շուրջ։
1920-21 թթ-ին Կարմիր բանակի ինտերվենցիայից հետո Հարավային Կովկասի բոլոր երկրների վրա կրկին տարածվեց Ռուսաստանի իշխանությունը, սակայն արդեն նոր «ապրանքանիշի»՝ ԽՍՀՄ ներքո։ Եվ տարածքային վեճերն արագ և յուրովի լուծեցին բոլշևիկները։
Նախիջևանն ու Ղարաբաղը բաժին ընկան Ադրբեջանին՝ որպես ինքնավարություններ։
Նախկին Ելիզավետպոլի (Գյանջայի) նահանգի Զանգեզուրի գավառը կիսվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Արևելյան հատվածը, որը գլխավորապես թյուրքական ազգերով էր բնակեցված, ներառվեց Ադրբեջանի կազմում։ Իսկ գլխավորապես հայերով բնակեցված Արևմտյան Զանգեզուրը զինված կոշտ պայքարից հետո՝ Հայաստանի կազմում։
Սակայն խնդիրները սրանով չսահմանափակվեցին։
Ֆորմալ և փոփոխական վարչական սահմանները ԽՍՀՄ-ում
Խորհրդային Միության սուբյեկտների միջև վարչական սահմանները մեծ մասամբ ֆորմալ էին։ Հաճախ Մոսկվան, իր քաղաքական և տնտեսական նկատառումներից ելնելով, նոր միութենական հանրապետություններ էր ստեղծում կամ հներն էր լուծարում, փոփոխում էր նրանց միջև սահմանները, բարձրացնում կամ պակասեցնում էր ինքնավարությունների կարգավիճակը։
Այդպիսի բան տեղի ունեցավ Աբխազիայի հետ, որը սկզբից ստացավ միութենական հանրապետության կարգավիճակ, այնուհետև այն դարձավ Վրաստանի միութենական հանրապետության կազմում ինքնավար հանրապետություն։
Իսկ Ղրիմը Ռուսական միութենական հանրապետությունից փոխանցվեց Ուկրաինային։
Հարևան միութենական հանրապետությունների միջև տարածքների փոխանակումն իրականացվում էր հեշտությամբ, այնպես, ինչպես Մոսկվայում էր ճիշտ համարվում․ «Ի՞նչ տարբերություն, եթե միևնույն երկիրն է»։
Ադրբեջանի և Հայաստանի միջև վարչական սահմանների նման ճշգրտում տեղի է ունեցել երեք անգամ՝ 1929, 1935 և 1984 թվականներին։
Դա հիմնավորվում էր գյուղատնտեսության կառավարումն «օպտիմալացնելու» ցանկությամբ։
ԽՍՀՄ-ում կոլտնտեսությունների ստեղծումից հետո երբեմն պարզվում էր, որ գյուղը գտնվում է Հայաստանի տարածքում, իսկ հողերը, որոնք մշակում են գյուղացիները՝ Ադրբեջանի տարածքում։ Եվ ընդհակառակը։
Այդպես ի հայտ եկան Արծվաշեն/Բաշքենդ, Ոսկեպար/Ասքիպարա, Քյարքի/Տիգրանաշեն անկլավները։
Ղազախի շրջանների տարածքները փոխանցվում էին Հայաստանին, իսկ Գորիսի շրջանինը՝ Ադրբեջանին։
Ինչպե՞ս են Ադրբեջանն ու Հայաստանն առաջարկում դուրս գալ այս բազմամակարդակ խնդրից
Բաքու․ վերադառնալ խորհրդային ժամանակահատվածի քարտեզներին
Այժմ՝ այն բանից հետո, երբ պատերազմի ռազմական արդյունքների և եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանը վերադարձրել է վերահսկողությունն այդ շրջանների նկատմամբ, Բաքուն պնդում է, որ հայկական զորքերը պետք է հետ քաշվեն 1988թթ․ բնագծեր, այսինքն՝ վերադառնան Խորհրդային Միության կազմում Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների վարչական սահմանին։
Երևան․ հաշվի առնել նոր իրողություններն ու շրջանների զարգացման մեջ կատարված ներդրումները
Հայաստանը պնդում է, որ նախորդ տարիներին որոշ գյուղեր ընդլայնվել են, նոր ճանապարհներ են անցկացվել, օգտակար հանածոների արդյունահանում է սկսվել։ Երևանն առաջարկում է հաշվի առնել այս իրողությունները։
Երրորդ կողմը՝ Ռուսաստանը, դեռևս լուծումներ չի առաջարկում
Դեռևս թվում է, թե երրորդ կողմը՝ Ռուսաստանը, իրադարձությունների նման շրջադարձին պատրաստ չէր։ Նոյեմբերի 10-ի հայտարարությունում ոչինչ ասված չէ պետական սահմանի մասին։
Երկու կողմերը ռուս խաղաղապահների հետ միասին փորձում են հին խորհրդային տեղագրական քարտեզների և GPS սարքերի օգնությամբ տեղորոշել Հայաստանի և Ադրբեջանի միջև «հին» սահմանը, որը պետք է ապագայում «նոր» սահման դառնա և պաշտոնապես ճանաչված լինի երկու անկախ պետությունների կողմից։
Սակայն այս գործընթացը պահանջում է հստակեցում և փոփոխություններ և բազմաթիվ միջադեպերով է ուղեկցվում։ Մասնավորապես, հայկական գյուղերից մեկը փաստացի պետք է երկու մասի բաժանվի։
Նույնատիպ իրավիճակներ ռուս-ադրբեջանական և վրաց-ադրբեջանական սահմաններին
Նմանատիպ խնդիրներ մի քանի տարի առաջ եղել են ռուս-ադրբեջանական սահմանին։
Երկու գյուղ վարչական առումով գտնվել են սահմանի ադրբեջանական կողմում, սակայն ենթարկել են Դաղստանի կոլտնտեսությանը։
2010 թ-ին Ադրբեջանն ու Ռուսաստանն ավարտել են սահմանազատման գործընթացը, երկու գյուղերը մնացել են Ադրբեջանի կազմում։ Իսկ Վրաստանի հետ Ադրբեջանը մինչև հիմա չի կարողանում ավարտել սահմանազատման գործընթացը։ Կռվախնձորը Դավիթ Գարեջի/Քեշիշդաղ վանական համալիրն է։