Դիվանագիտական սկանդալ Ադրբեջանի խորհրդարանի մամուլի հաղորդագրությունում և առցանց սխալների ուղղում
Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Եվ հանկարծ այս աչինչ չպարտադրող ֆորմալ հանդիպումը քաղաքական սկանդալի առիթ է դարձել։
Ամեն ինչ սկսվել է Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրությունից։
Դրա առաջին վարկածում մեջբերվում էին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքերը, որոնք իբր ասվել են Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպման ընթացքում։ Մասնավորապես, տեքստում Սերգեյ Լավրովի անունից ասվում էր, թե «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացին»։
«Սա պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է։ Ռուսական կողմը կարգավորման գործընթացում կողմ է «օկուպացված 5 շրջանների» վերադարձին, շփման գծում խաղաղապահների տեղակայմանը և տրանսպորտային կապի համակարգի վերականգնմանը», — իբր հավելել է Լավրովը։
Սակայն Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանությունից հետո մամուլի ծառայությունը ստիպված է եղել շտապ խմբագրել իրարանցում առաջացրած հատվածը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Սերգեյ Լավրովին վերագրվող հայտարարությունը՝ խորհուրդ տալով «հաշվի առնել բացառապես Մոսկվայի դիրքորոշումն, այլ ոչ թե այլ մեկնաբանություններ»․
«Ինչ վերաբերում է ռուս նախարարի խոսքերի մեջբերման ճշտությանն, ապա ցանկանում եմ ձեր ուշադրությունն ուղղել և այդ հարցերը հասցեագրել այն աղբյուրներին, որոնք հրապարակել են այդ տեղեկությունը»։
Արդյունքում՝ մամուլի հաղորդագրությունից հեռացվեցին Փաշինյանի մասին Լավրովի խոսքերը, մնաց միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի սատարման մասին հիշատակումը։
•Կարծիք Հայաստանից․ ինչո՞ւ է ադրբեջանական մեդիան «սենսացիաներ» հրապարակում Ղարաբաղի մասին
•Կարծիք Ադրբեջանից․ «Երկու կողմերն էլ մտածում են պատերազմի մասին»
Բաքվի արձագանքը
JAMnews-ին տված հարցազրույցում քաղաքական մեկնաբան Շահին Ռզաևը նշել է, որ ժողովրդավարական երկրներում պետական հաստատությունների մամուլի ծառայությունները նախատեսված են քաղաքացիների և մեդիայի իրազեկման համար, սակայն Ադրբեջանում, ցավոք, դրանց նպատակը հաճախ մեդիայից պաշտոնական նորությունները թաքցնելն ու նրան մոլորության մեջ գցելն է։
«Վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ Միլլի Մեջլիսը գրեթե չէր թարմացնում իր նորությունները, պարզապես կրկնում էր «ԱզերԹաջ» պետական գործակալության տեղեկությունները։ Խորհրդարանի նոր ղեկավարությունն, ըստ ամենայնի, որոշել է թարմացնել մամուլի ծառայության աշխատանքը, սակայն, ինչպես տեսնում ենք, առաջին փորձերն անհաջողությամբ պսակվեցին։
Հնարավոր է, մամուլի ծառայությունը չէր սպասում, որ ադրբեջաներենով տեքստն օպերատիվ կերպով ռուսերեն է թարգմանելու «Սպուտնիկ» գործակալության կողմից ու այն տեսնելու է ռուսական ԱԳՆ-ն։
Հաղորդագրության նախապատրաստման ժամանակ խախտվել է դիվանագիտական վարքականոնը։ Կամ էլ հրապարակվել են խոսքեր, որոնք «հանրության համար» չեն ասվել։ Մենք դա հաստատ չենք կարող իմանալ։ Սակայն հազիվ թե դա Հարավային Կովկասում ռուսական քաղաքականության կամ անձամբ նախարար Լավրովի դեմ նախապես պալանավորված սադրանք լինի», — կարծում է Ռզաևը։
Հայաստանի ԱԳՆ արձագանքը
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է ադրբեջանական խորհրդարանի կայքում իբր Լավրովի արած հայտարարության մասին լուրը։
«Մենք ծանոթացել ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությանը․․․ Բաքվի մամուլի հաղորդագրությունները վստահելի աղբյուր չեն»։
Ռուսական ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում կայացած հանդիպման մասին տեղեկությունն ադրբեջանական կողմի տարբերակի հետ ընդհանուր ոչինչ չունի․ չկա հիշատակում ոչ Հայաստանի վարչապետի, ոչ «օկուպացված տարածքների վերադարձի» մասին։
Փորձագիտական կարծիք
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի հանդիպումից հետո տեղի ունեցած սկանդալը կարող է ուղղված լինել ոչ այնքան Հայաստանի, որքան Լավրովի դեմ, կարծում է քաղաքական մեկնաբան Նաիրա Հայրումյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը փաստացի խախտել է վարքականոնը, որի համաձայն՝ հանդիպումներից հետո յուրաքանչյուր կողմ հաղորդագրություն է հրապարակում միայն իր հայտարարույթունները վկայակոչելով՝ առանց մյուս կողմի խոսքրի մեջբերման․
«Ադրբեջանական կողմի հաղորդագրությունում՝ բոլոր էթիկական նորմերի խախտումով, հղում է արվել Սերգեյ Լավրովի խոսքերին, որոնք չեն եղել ռուսական ԱԳՆ հաղորդագրությունում։ Ըստ ամենայնի, ադրբեջանական կողմից դա, կոպիտ ասած, դավադրություն էր Լավրովի դեմ, որն, ասում են, շուտով հրաժարական է տալու։ Երեկ Լավրովին ռուս պատրիարքը բարձր շքանշան է շնորհել, ինչն ընկալվել է որպես ԱԳՆ ղեկավարին հրաժեշտի ժեստ։ Բաքուն, ըստ ամենայնի, որոշել է Լավրովին սկանդալով հանգստի ուղարկել։
2013 թ-ին, իմ հիշելով, Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցի հանդիսավոր արարողության ժամանակ հաղորդավարն՝ իբր պատահաբար, Սերգեյ Լավրովի անվան փոխարեն թուրքերեն հայհոյանք արտասանեց։ Այցը սկանդալով ավարտվեց, դրանից հետո մի քանի տարի Լավրովը Բաքու չէր այցելում։ Հնարավոր է, որ այն ժամանակ Բաքուն ուզում էր հասնել Լավրովի հրաժարականին, որի հայկական արմատների մասին շատ բացահայտ է խոսվում։ Այժմ Բաքուն, հավանաբար, որոշել է Լավրովի կարիերայում «վերջին ակորդը» նվագել»։