Ո՞ւմ է պետք Ադրբեջան անվանման փոփոխությունը
Միլլի Մեջլիսի լիագումար նիստի քննարկումների ժամանակ պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն առաջարկել է փոխել Ադրբեջանի Հանրապետության անվանումն ու դարձնել «Հյուսիսային Ադրբեջանի Հանրապետություն»։ Նրա խոսքով՝ ողջ աշխարհը պետք է իմանա, որ «200 տարի առաջ ադրբեջանական հողերը օկուպացվել են Իրանի ռեժիմի կողմից»։ Այս առաջարկը քաղաքական գործիչների, փորձագետների և սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել։
- Եվս մեկ պրոհայկական բանաձև Ֆրանսիայից․ ինչպիսի՞ աջակցություն ակնկալել
- Հայաստանը չի փոխի կառավարման մոդելը, կմնա խորհրդարանական երկիր
- «Ալիևը փորձում է զբաղվել մաչոյիզմով»․ կարծիք Երևանից
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն առաջարկել է փոխել երկրի անվանումը.
«Ես կարծում եմ, որ մենք պետք է նոր Սահմանադրություն մշակենք։ Առաջին քայլը երկրի անունը փոխելն է։ Մեր երկիրը պետք է կոչվի Հյուսիսային Ադրբեջան։
Ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ 200 տարի առաջ ադրբեջանական հողերը օկուպացվել են Իրանի ռեժիմի կողմից։ Այնպես, ինչպես գոյություն ունեն Հարավային և Հյուսիսային Կորեաներ, մերն էլ պետք է նույն կերպ լինի։
200 տարի առաջ Ադրբեջանը բաժանվեց երկու կայսրությունների միջև։ Այս քայլը կմոտիվացնի նաև հարավային ադրբեջանցիներին»։
«Նոր թեմա չէ»
Լրագրող Գազանֆար Համիդօղլուի կարծիքով՝ Ադրբեջանի Հանրապետություն անվանումը փոխելու, այն «Հյուսիսային Ադրբեջան» անվանելու առաջարկը նորություն չէ, երեք-չորս տարին մեկ այդ հարցն իր տեղն է զբաղեցնում երկրի հասարակական-քաղաքական օրակարգում։
«Հենց Իրանի հետ հարաբերությունները սրվում են, կամ Հարավային Ադրբեջանում ծայրահեղ դրսևորումներ են լինում, կամ Ադրբեջանում հասարակության ուշադրությունը շատ ավելի կարևոր խնդիրներից շեղելու նպատակ է հետապնդվում, քննարկումներ են սկսվում երկրի անվանափոխության շուրջ»,- ասում է նա։
Լրագրողը հիշեցնում է, որ ուղիղ 10 տարի առաջ՝ 2012 թվականի փետրվարին, խորհրդարանում նմանատիպ առաջարկ հնչեց.
«Իշխող կուսակցության գործադիր քարտուղարի այն ժամանակվա տեղակալ պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը սատարեց այդ առաջարկին. «Համաշխարհային պրակտիկայում կան Հյուսիսային և Հարավային Կորեայի, Հյուսիսային և Հարավային Կիպրոսի օրինակները։ Նպատակահարմար կլիներ մեր երկիրն անվանել Հյուսիսային Ադրբեջան, քանի որ այն ենթարկվել է մասնատման»։
Սովորաբար, նրանք, ովքեր առաջարկում են վերանվանել պետությունը, իրենց մտքերը հիմնավորում են՝ ասելով, որ «մեր երկիրն էլ հարավային հատված ունի», և միջազգային հանրությունը պետք է իմանա այդ մասին։
Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների սրման ֆոնին թույլատրելի է օրակարգում ներառել ցանկացած նախաձեռնություն, որը կհուզի Թեհրանին, նույնիսկ ամենաարկածախնդիրները։ Բայց Ադրբեջանի անվանումը լուրջ հասարակական-քաղաքական և իրավական, միջազգային խնդիր է, և եթե կան նման քայլի գնալու ազգային և աշխարհաքաղաքական կարիքներ, ապա փաստարկները պետք է լինեն շատ հիմնավոր։
Այնպիսի փաստարկները, ինչպիսիք են Հարավային Ադրբեջանի հիմնախնդրի առկայության վրա համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրելը, հարավային ադրբեջանցիներին մոտիվացնելը, չի կարելի լուրջ համարել, քանի որ այդ աշխատանքը կարելի է անել՝ մնալով Ադրբեջանի Հանրապետություն»։
Գազանֆար Համիդօղլուն անհաջող է համարում նաև առաջարկների հեղինակների վկայակոչած օրինակները.
«Ինչ վերաբերում է միջազգային պրակտիկային, ապա «հյուսիսային» էպիտետը հաջողված չէ, սխալ ասոցիացիա է ստեղծում և ընդհանրապես պաշտոնապես գրեթե գոյություն չունի։ Օրինակ՝ Հարավային և Հյուսիսային Կորեաները այս երկրների պաշտոնական անվանումները չեն։ Կա Կորեայի Հանրապետություն և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն: Իրականում, թեև գոյություն ունի երկու Կիպրոս, սակայն ՄԱԿ-ը ճանաչում է միայն հունական Կիպրոսը, այսինքն՝ Կիպրոսի Հանրապետությունը և չի ճանաչում թուրքական՝ Կիպրոսի Հյուսիսային Հանրապետությունը։ Իռլանդիան նույնպես բաժանված է երկու մասի՝ Իռլանդիայի Հանրապետություն և Հյուսիսային Իռլանդիա, որը մտնում է Մեծ Բրիտանիայի կազմի մեջ»։
«Պետք է փոխել ոչ թե Ադրբեջանի անունը, այլ իմիջը»
Ընդդիմադիր ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Իլհամ Հուսեյնը միանշանակ դեմ է պատգամավորի առաջարկին.
«Նրանք դեռևս չեն հասկանում, որ պետք է փոխել ոչ թե Ադրբեջանի անունը, այլ իմիջը։ Պետք է երկրի անունից մաքրել կոռուպցիայի, իրավունքների բացակայության, կեղծիքների բիծը։ Պետք է մաքրել ավտորիտարիզմի «դաջվածքը» և ժողովրդավարության դիմանկար նկարել։
Հակառակ դեպքում, եթե նույնիսկ Ադրբեջանի անունը չորս կողմից շրջապատեք «հյուսիսային» բառով, ոչինչ չի փոխվի։ Ծափահարելով նրան, որ երկիրը վերածվում է Հյուսիսային Կորեայի, ինչքա՞ն «քաջ» պետք է լինես, որ առաջարկես անվանումը դարձնել Հյուսիսային Ադրբեջան»։
«Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե երկիրը շարունակի կոչվել Ադրբեջանի Հանրապետություն»
Թուրքագետ Ֆաիկ Ալեքպերլին նույնպես սխալ է համարում Ադրբեջանի պաշտոնական անվանման մեջ «հյուսիսային» բառի ավելացումը։ Նրա խոսքով՝ 1918 թվականին հիմնադրված Ադրբեջանի Հանրապետության անվանումն արդեն իսկ կրում է երկրի բոլոր հատվածները միավորելու ուղերձը.
«Այդ ժամանակաշրջանում Իրանում Քաջարովի իշխանությունը զավթած ազգայնական ուժերը չէին կարողանում ընդունել հենց Ադրբեջան արտահայտությունը։ Նրանք առաջարկում էին նոր պետությունն անվանել Հյուսիսային Ադրբեջան։ Համարվում էր, որ Ադրբեջանի Հանրապետությունը, առանց որևէ էպիտետների, ի վերջո կարող է հավակնություն ունենալ Թավրիզի և այլ տարածքների նկատմամբ, որտեղ ադրբեջանցիներ են ապրում։ «Ադրբեջան» բառը վերաբերում է ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային ադրբեջանցիներին։ Իսկ «Հյուսիսային Ադրբեջան» արտահայտությունը աշխարհագրական տեսանկյունից սահմանափակում է ադրբեջանցիներին։
Իսկ Հարավային Ադրբեջանում ապրող մեր հայրենակիցները, եթե երբևէ ստեղծեն իրենց պետությունը, կարող են այն անվանել «հարավային»։ Սա բոլորովին այլ հարց է։ Բայց այսօր նպատակահարմար է պահպանել Ադրբեջանի Հանրապետության անունը։ Սա պայմաններ է ստեղծում, որպեսզի հարավային ադրբեջանցիներն իրենց համարեն մեր երկրի մաս և ապագայում վերամիավորվեն նրա հետ»: