Դրական բանակցային լի՞ցք. Երևանը և Բաքուն՝ ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպման մասին
ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպման արդյունքները
Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը։ «Մեզ անհրաժեշտ են քայլեր, որոնք խիստ ցանկալի է անհապաղ, առանց ուշացման ձեռնարկել՝ Ղարաբաղի բնակչությանը սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու, անխափան էլեկտրա և գազամատակարարումն ապահովելու համար»,- հանդիպումից հետո ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նաև հայտարարել է մինչև տարեվերջ Ռուսաստանում Ալիև-Փաշինյան-Պուտին հանդիպման կազմակերպման մասին։
Լավրովի հայտարարությունը մոսկովյան բանակցությունների արդյունքների վերաբերյալ, տեղեկություններ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարություններից, ինչպես նաև Բաքվի և Երևանի փորձագետների մեկնաբանությունները
- «ՄԱԿ ԱԽ դիմելու հարցում ոչ մի դժվարություն չկա»․ Փաշինյան
- «Պատրանքային ելքերի մասին խոսելն օգտակար չէ»․ հայ վերլուծաբանը՝ ԼՂ-ի մասին
- «Փաշինյանը չի կարողացել կանխել Ադրբեջանի վտանգավոր օրակարգի առաջմղումը»․ կարծիք Երևանից
- «Խաղաղության սպառնալիք»․ ՄԻՊ-ը՝ Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին
Լավրով. «Ճանապարհը հեշտ չէ»
Եռակողմ բանակցությունների ավարտից հետո Լավրովն ամփոփել է դրանց արդյունքները։
Նա հայտարարել է, որ անհրաժեշտ են քայլեր, որոնք խիստ ցանկալի է անհապաղ, առանց ուշացման ձեռնարկել՝ Ղարաբաղի բնակչությանը սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու, անխափան էլեկտրա և գազամատակարարում ապահովելու համար։
- Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանազատման հարցերին, որոնք սերտորեն կապված են քննարկվող խնդիրների ամբողջ շարքի հետ և Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցերին:
- Բանակցային մեծ գործընթացի գագաթնակետը կլինի հենց այդ պայմանագրի ստորագրումը, որը ավարտի կհասցնի Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի հետ եռակողմ հանդիպումների ընթացքում հայերի և ադրբեջանցիների սկսած ջանքերը:
- Ռուսաստանը ողջունում է նրանց ցանկությունը, ովքեր անկեղծորեն շահագրգռված են օգնել Բաքվին և Երևանին գտնել պայմանավորվածություններ։ Բայց դա չպետք է լինեն այս կամ այն պայմանավորվածություններն արհեստականորեն պարտադրելու փորձեր՝ ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով, այլ հանուն աշխարհաքաղաքական և ներքաղաքական նկատառումների։
- Ամենազգայուն հարցերից եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների խնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում՝ 1991 թվականի հռչակագրին համապատասխան, որը նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարները ստորագրել են Ալմա-Աթայում։
«Հայկական կողմը ըմբռնում ունի Լեռնային Ղարաբաղի հայերին համոզելու, որ անհրաժեշտ է ադրբեջանական ներկայացուցիչների հետ շուտափույթ հանդիպել՝ համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի) բխող իրավունքների համաձայնեցման համար, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ կոնվենցիաներին համապատասխան»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
- Ադրբեջանական կողմը փոխադարձ հիմունքներով պատրաստ է նույնպիսի երաշխիքներ տրամադրել նաև իր տարածքում բնակվող անձանց նկատմամբ:
- Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի դիտարկմամբ՝ այս հարցերը հեշտ չեն, հույս է հայտնել, որ իրենց համատեղ քննարկումները կօգնեն դրական լիցք հաղորդել բանակցային գործընթացին։
Տեղեկություն Երևանից
Հայաստանի ԱԳՆ-ն չի մեկնաբանել Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունները։ Նախարարության կայքը և ֆեյսբուքյան էջը մանրամասներ են ներկայացրել միայն Արարատ Միրզոյանի և ռուս նախարարի հանդիպման մասին։ Բայց այդ տեքստից պարզ է դառնում, թե հայկական կողմն ինչ դիրքորոշում է ցուցաբերել եռակողմ բանակցությունների ընթացքում։
Մասնավորապես, Լավրովի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը կենտրոնացել է հետևյալ հարցերի վրա.
- «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամը,
- Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան,
- եռակողմ հայտարարության ստորագրող կողմերի կողմից հստակ քայլերի անհրաժեշտությունը և առկա միջազգային գործիքակազմն այս ուղղությամբ օգտագործելու հնարավորությունը,
- միջազգային մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման կարևորությունը,
- Ադրբեջանի կողմից կառուցողական մոտեցման ցուցաբերման անհրաժեշտությունը»:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես՝ շոշափվում է այն քարտեզի հարցը, որով իրականացվելու է սահմանների դելիմիտացիան, նաև Երևանը կրկին մերժում է Նախիջևանի հետ հաղորդակցության համար Ադրբեջանին «միջանցք» տրամադրել.
«Երկու երկրների միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության ապահովման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է հետագա սահմանազատման գործընթացում առավելագույնս հստակություն ապահովելու նպատակով 1975 թ. քարտեզը հիմք ընդունելու հանձնառությունը։ Տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային բոլոր կապուղիների ապաշրջափակման համատեքստում ևս մեկ անգամ ընդգծվել է համապատասխան կապուղիների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո գործելուն այլընտրանքի բացակայությունը»։
Տեղեկություն Բաքվից
«Նախարար Ջեյհուն Բայրամովը ևս մեկ անգամ հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման վրա, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված Ադրբեջանի քայլերի առնչությամբ Հայաստանի սպառնալիքների և անօրինական գործողությունների, ռազմական սադրանքների, այդ թվում՝ օդանավերի թռիչքի համար խոչընդոտներ ստեղծելու վրա։ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ տարածաշրջանում «մարդասիրական աղետի» մասին պնդումները միանգամայն անհիմն են, դրանք քաղաքական շահարկումներ են», — ասված է մոսկովյան հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է ձեռնարկել միջոցներ, որոնք ուղղված են Հայաստանի կողմից Լաչինի ճանապարհը ռազմական նպատակներով օգտագործելու, ինչպես նաև Ադրբեջանի բնական ռեսուրսների ապօրինի արտահանման դեմ, և որոնք հակասում են 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պարտավորություններին։
Ջեյհուն Բայրամովը հավելել է, որ այդ նպատակով անհրաժեշտ միջոց էր Ադրբեջանի կողմից պետական սահմանին Լաչինի անցակետի ստեղծումը։ Նախարարն ընդգծել է, որ չնայած անցակետի գործարկման պահից ստեղծվել են բոլոր պայմանները երկու ուղղություններով Ղարաբաղի հայ բնակիչների թափանցիկ, անվտանգ և կանոնավոր անցման համար, հունիսի 15-ին սահմանային անցակետի նկատմամբ Հայաստանի իրականացրած սադրանքը խոչընդոտներ է ստեղծել հայ բնակիչների սահմանը հատելու համար։ Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ ներկայումս ադրբեջանական կողմն ապահովում է հայ բնակիչների անցումը սահմանային անցակետով բժշկական նպատակներով։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հիշեցրել է, որ չնայած ադրբեջանական կողմը մի շարք առաջարկներ է ներկայացրել, այդ թվում՝ հայ բնակիչների կարիքները բավարարելու համար Աղդամ-Խանքենդի [Ստեփանակերտ] ճանապարհի և այլ այլընտրանքային ճանապարհների օգտագործումը, փաստը՝ որ հայկական կողմն այդ առաջարկները չի ընդունել, վկայում է նրանց նենգ մտադրությունների մասին, իսկ տարածաշրջանում հումանիտար իրավիճակի մասին հայտարարությունները քաղաքական շանտաժ են»,- նշել է Բաքուն։
Մեկնաբանություն Երևանից
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ նախօրեին Մոսկվայում կազմակերպված հայ-ադրբեջանական բանակցությունները կարելի է բնութագրել որպես Ռուսաստանի «ակտիվ գործունեության իմիտացիա»։ Ասում է՝ վերջին ամիսներին բանակցություններն արևմտյան հարթակներում են տեղի ունենում, ուստի ռուսական կողմը փորձում է ցույց տալ, որ «դեռ կա և կարևոր դերակատար է»։
«Ռուսաստանի համար կարևոր է նաև, որ եթե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, ապա ստորագրվի հենց ռուսական հարթակում և Մոսկվայի միջնորդությամբ»,- հայտարարել է նա։
Ինչ վերաբերում է պայմանագրի «շուտափույթ կնքմանը», ըստ նրա, արագ կարգավորման մասին խոսում են բոլոր միջնորդները և Մոսկվան որոշել է «հետ չմնալ այդ տենդենցից»։ JAMnews-ի հետ զրույցում Գրիգորյանը նկատել է՝ դեռևս կան մի շարք չլուծված խնդիրներ, մյուս կողմից նշել՝ շուտափույթ կարգավորման մասին Լավրովի հայտարարության անկեղծությունը կասկածներ է հարուցում՝ հաշվի առնելով ՌԴ ռազմավարական նպատակները։
«Տեսնում ենք նմանատիպ հայտարարություն, բայց մյուս կողմից հասկանալի է, որ ՌԴ-ն հետաքրքրված է ԼՂ-ում ինչ-որ ստատուս քվոյի ստեղծմամբ կամ պահպանմամբ, որը թույլ կտա պահպանել ռուս խաղաղապահ առաքելության ներկայությունը գետնի վրա»,- ընդգծել է նա։
Ասում է՝ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում իսկապես կա որոշակի առաջընթաց, բայց պահպանվում են նաև լուրջ տարաձայնություններ, մասնավորապես՝ սահմանի մաքսային վերահսկողության հետ կապված։ Հիշեցնում է՝ Մոսկվան և Բաքուն պնդում են, որ այդ գործառույթն իրականացնեն ռուսական սահմանապահ ուժերը, Հայաստանի համոզմամբ՝ հայկական սահմանապահ ծառայությունը պետք է իրականացնի․
«Դժվար է կանխատեսել՝ ինչպես է պետք փոխզիջումային լուծման հասնել։ Կամ Ռուսաստանն ու Ադրբեջանը կարողանալու են ճնշել Հայաստանին և ստիպել գնալ զիջման, կամ հարցերը շարունակելու են առկախված մնալ»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ կարելի է պնդել, որ այս անգամ ևս բանակցություններում առաջ մղվեցին ադրբեջանական օրակարգերը, հայկական կողմից էլ հակազդեցություն չեղավ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտգործնախարարի ամփոփիչ հայտարարության մեջ տեղ են գտել մի շարք խնդրահարույց ձևակերպումներ, առաջին հերթին արձանագրումը, որ Հայաստանի իշխանությունները պետք է հորդորեն Արցախի իշխանություններին մասնակցել Բաքվի հետ բանակցությունների։
Տիգրան Գրիգորյանը շեշտում է՝ շաբաթներ առաջ, երբ երրորդ երկրում՝ Եվրոպայում, նման հանդիպում էր նախաձեռնել ամերիկյան կողմը, Մոսկվան էր ակտիվորեն խոչընդոտում դրա կայացմանը։ Նման առաջարկ արել էր նաև ադրբեջանական կողմը՝ հանդիպել Բաքվում։ Այս պարագայում, սակայն, միջազգային միջնորդության մասին խոսք չկար․
«Դժվար թե Լավրովը նկատի ունենար ամերիկյան միջնորդությամբ բանակցությունները։ Մեծ հաշվով նա կոչ է անում, որ Արցախն ընդունի ադրբեջանական տարբերակը։ Կամ էլ կա երրորդ տարբերակ, բայց դրան Ադրբեջանը դժվար թե համաձայնի, խոսքը խաղաղապահների միջնորդությամբ Իվանյանում բանակցություններ անցկացնելու մասին է»։
Սերգեյ Լավրովն իր խոսքում ԼՂ-ի հայերի մասին խոսելիս ակնարկել էր Ադրբեջանի օրենսդրության և ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին, ըստ այդմ՝ հայերին դիտարկելով որպես փոքրամասնություն Ադրբեջանի կազմում։ Գրիգորյանն ասում է՝ այս կերպ Մոսկվան նախքան [Բաքու-Ստեփանակերտ] բանակցությունների մեկնարկը սահմանում է այն շրջանակը, որի ներսում պետք է տեղի ունենան ԼՂ-ի հայերի իրավունքների և անվտանգության վերաբերյալ քննարկումները։
Քաղաքագետի կարծիքով՝ հարցեր է առաջացնում նաև այն, թե ինչու է ռուսական կողմը խոսում Հայաստանի՝ իր տարածքում ապրող էթնիկ փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու պատրաստակամության մասին։ Ասում է՝ թեև այս պահին ՀՀ-ում ադրբեջանցիներ չեն ապրում, բայց պետք չէ մոռանալ այն համատեքստը, որում հարցը դրվել է քննարկման։
«Տեղի են ունենում հայ-ադրբեջանական բանակցություններ, իսկ Ադրբեջանը գիտեք, որ օգտագործում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը՝ որպես հայելային խոսույթ ԼՂ-ի հետ կապված ՀՀ դիրքորոշումների։ Ինքնին հանգամանքը, որ նմանատիպ շեշտադրում է հայտնվել հայտարարության տեքստում, մտահոգիչ է»,- ամփոփել է նա։
Մեկնաբանություն Բաքվից
Քաղաքական մեկնաբան Գաջի Նամազովի կարծիքով՝ կարելի է վստահաբար ասել, որ Մոսկվայում երեք երկրների արտգործնախարարներին հաջողվել է «հստակ փոխըմբռնման հասնել Լեռնային Ղարաբաղի հարցում».
«Չարժե անդրադառնալ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների հայտարարություններին, քանի որ դրանցում յուրաքանչյուր կողմ նշել է միայն այն կետերը, որոնք ձեռնտու են իրեն։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ հանդիպումից հետո արած հայտարարությունները շատ ավելի հետաքրքիր են թվում։
Նրա խոսքով՝ պետք է հրատապ կերպով լուծել Ղարաբաղի հայ բնակչությանը սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարելու խնդիրը։ Սակայն Լավրովը չի հստակեցրել, թե ինչ ճանապարհով և որտեղից։ Հետևաբար Ռուսաստանի համար այժմ ընդունելի է նաև պաշտոնական Բաքվի առաջարկած տարբերակը՝ մարդասիրական օգնության մատակարարում Աղդամ-Խանքենդի ճանապարհով։
Կընդգծեի նաև ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարության մեջ մի կարևոր դետալ։ Այսպես, Հայաստանը պետք է համոզի Ղարաբաղի հայերին անհապաղ նստել Բաքվի հետ բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի հարցերը լուծվեն համապատասխան օրենսդրության շրջանակներում, այսինքն՝ Ադրբեջանի Սահմանադրության։ Սա այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէ։
Կարծում եմ, որ առաջիկա օրերին մենք արդեն «գետնի վրա» կտեսնենք այս հանդիպման արդյունքները, որը, հաշվի առնելով տարածաշրջանում առկա սուր իրավիճակը, շատ արդյունավետ ստացվեց»։
ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպման արդյունքները