Ասլան Բժանիա. «Աբխազիան պատրաստ է Վրաստանի հետ երկխոսության»
Աբխազիան պատրաստ է Վրաստանի հետ երկխոսել
Նախագահ Ասլան Բժանիայի խոսքով՝ եթե Վրաստանի ներկայիս ղեկավարությունը տևական խաղաղություն է ուզում, ապա Աբխազիան պատրաստ է երկխոսության։
Ռուսական «Звезда» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ասլան Բժանիան, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վրաստանը կարող է դիմակայել Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու արևմտյան երկրների կոչերին, հույս է հայտնել, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կկարողանա դիմակայել այդ ճնշմանը։
«Այս տարվա ապրիլին իրավիճակը հեշտ չէր, պետական հեղաշրջման փորձ եղավ, բայց վրացական իշխանությունները դիմադրեցին։ Կկարողանան նույն կերպ շարունակել, թե ոչ՝ այդ մասին որոշակի վստահությամբ չեմ կարող եզրակացություններ անել, բայց ինչպես տեսնում ենք. պետք է, որ անեն»,— ասել է Աբխազիայի նախագահը:
Բժանիայի խոսքով՝ Վրաստանի կողմից ռազմական ռևանշի սպառնալիքը դեռ գոյություն ունի։
Ըստ նրա՝ Վրաստանում ամեն տարի այս կամ այն ձևով անցկացվում են մինչև տասը զորավարժություններ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրների մասնակցությամբ.
«Մենք արժանահավատ տեղեկություններ ունենք այն մասին, որ անցկացվող զորավարժությունների արդյունքներից հետո տեխնիկայի մի մասն անսարք լինելու պատրվակով մնում է Վրաստանի տարածքում, այդ ամենը կուտակվում է։ Մենք տեղյակ ենք այդ մասին և համապատասխան ձևով արձագանքել ենք և նախատեսում ենք արձագանքել»:
- Կարծիք․ կա՞ մեկը, որն ուզում է, որ վրաց-աբխազական հակամարտությունը լուծվի
- «Աբխազիան կարող է դառնալ երկրորդ Մոնակո». Վրաստանի վարչապետ
- «Վրաստանը նախ պետք է չեղարկեր օկուպացիայի մասին օրենքը». Աբխազիան՝ Մոնակո դառնալու առաջարկի մասին
Միևնույն ժամանակ, Ասլան Բժանիան կարծում է, որ եթե Աբխազիայի դեմ պատերազմ սանձազերծվի, Վրաստանը չի կարողանա հաղթել այն, ռազմական ճանապարհով չի հասնի իր նպատակներից ոչ մեկին.
«Ժամանակն է հասկանալ, որ խաղաղությունն այլընտրանք չունի, հատկապես Կովկասում։ Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած շրջադարձի։ Դա մեզ չի վախեցնում, թմբիրի մեջ չի գցում, մենք ուզում ենք գործել Հարավային Կովկասում կայուն խաղաղության պայմաններում»։
Բժանիան նաև կարծում է, որ Վրաստանում չկա միասնական կարծիք Աբխազիայի հետ հակամարտության վերաբերյալ.
«Վրացական հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր հասկանում են գոյություն ունեցող իրականությունը, և նրանց թիվը տարեցտարի ավելանում է։ Միաժամանակ կան մարդիկ, ովքեր երբեք չեն հաշտվի իրականության հետ։ Սա Վրաստանի համար նաև ներքաղաքական պայքարի գործիք է, ես այդպես եմ կարծում։ Բայց եթե Վրաստանի ներկայիս ղեկավարներն ուզում են ապահովել տևական խաղաղություն, ապա մենք պատրաստ ենք այդ երկխոսությանը»։
Հրապարակումների մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով: