Աբխազիան էներգետիկ կոլապսի եզրին է
Աբխազիայում լույս չի լինի
Աբխազիան էներգետիկ կոլապսի եզրին է. հանրապետությունը կարող է օրական մինչև 16 ժամ առանց լույս մնալ, եթե չգտնի Ռուսաստանից էլեկտրաէներգիա գնելու համար անհրաժեշտ գումար։
Հարաբերություններում առկա ճգնաժամի ֆոնին Մոսկվան դադարեցրել է Աբխազիային «հումանիտար էլեկտրական օգնություն» տրամադրելը և սահմանել է շուկայական սակագին։
Աբխազիան սնուցող միակ էլեկտրակայանի՝ Ինգուրի ՀԷԿ-ի ամբարտակում ջրի մակարդակը ներկայումս 410 մետր է։ Սա վթարային մակարդակ է, և եթե ջուրն ավելի շատ իջնի, ստիպված կլինեն դադարեցնել կայանի աշխատանքը:
Ինգուրի ՀԷԿ-ն իր տեսակով եզակի է։ Այն տեղակայված է վրաց-աբխազական հակամարտության գոտում. ամբարտակը գտնվում է Թբիլիսիի վերահսկողության տակ գտնվող տարածքում, իսկ հինգ գեներատորները՝ Աբխազիայի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Չնայած չկարգավորված վրաց-աբխազական հակամարտությանը՝ արդեն 30 տարուց ավելի է, ինչ գործում է ջենտլմենական համաձայնություն, ըստ որի՝ ՀԷԿ-ի արտադրանքի 40 տոկոսը բաժին է ընկնում Աբխազիային, իսկ մնացած 60 տոկոսը՝ Վրաստանին։
Սակայն ձմռանը Ինգուր գետը, որի վրա գտնվում է ՀԷԿ-ը, ծանծաղում է, էներգիայի արտադրությունը նվազում է։ Իսկ հանրապետության սպառումը վերջին տարիներին (հիմնականում չվերահսկվող մայնինգի արդյունքում), ընդհակառակը, 2 միլիարդ կՎտ/ժ-ից հասել է 3 միլիարդ կՎտ/ժ-ի։
- Աբխազիայում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները հասել են օրական 6 ժամի
- «ՀՀ-ն կարող է ձևակերպել հայելային պահանջ»․ քաղաքագետը՝ «Արևմտյան Ադրբեջան» թեզի մասին
- Խուզարկություններ Վրաստանում: Ծեծի է ենթարկվել ընդդիմության առաջնորդներից Նիկա Գվարամիան
Պակասող էներգիան Աբխազիան ստանում է Ռուսաստանից։ Նախկինում հոսանքի մի մասը գնում էր արտոնյալ գնով, իսկ մյուս մասը ստանում էր լիովին անվճար՝ սոցիալ-տնտեսական օգնության շրջանակներում։
Սակայն այն բանից հետո, երբ Աբխազիան չկատարեց Կրեմլի առջև ստանձնած մի շարք պարտավորություններ (մասնավորապես՝ չընդունեց ռուսաստանցիներին բնակելի անշարժ գույք գնելու հնարավորություն տվող օրենքը), այս «հումանիտար հոսանքը» դադարեցվեց։
Այժմ Ռուսաստանն Աբխազիային էլեկտրաէներգիա է վաճառում շուկայական սակագնով՝ 4 ռուբլի [մոտ $0.04] 1 կՎտ/ժ-ի դիմաց։
Աբխազիայի համար սա թանկ է։
Էլեկտրաէներգիայի գնման վրա արդեն իսկ ծախսվել է ավելի քան 500 մլն ռուբլի [մոտ 5 մլն դոլար], իսկ մինչև մարտի վերջ, երբ Ինգուրի ՀԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրությունը կավելանա, կպահանջվի առնվազն մեկ միլիարդ [մոտ 10 մլն դոլար]։ Եվ դա այն պարագայում, երբ հանրապետությունը փորձում է խնայել էլեկտրաէներգիան, նոյեմբերի 1-ից գործում է հովհարային անջատումների չորսժամյա ռեժիմ։
Ներկայումս Աբխազիայի կառավարությունը, որն առանց այդ էլ քաղաքական ճգնաժամ է ապրում, ջղաձգորեն փորձում է հավաքել անհրաժեշտ գումարը հոսանքի հերթական խմբաքանակի դիմաց վճարելու համար։ Եթե դա չհաջողվի, էլեկտրաէներգիան կբավականացնի ընդամենը օրական յոթ-ութ ժամվա համար։
Իրավիճակը սրվում է նրանով, որ Ռուսաստանը գործնականում ամբողջությամբ դադարեցրել է Աբխազիային ֆինանսական օգնության տրամադրումը, այդ թվում՝ պետական ոլորտի աշխատողների և ուժային կառույցների աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարները։ Արդյունքում կառավարությունը պետք է գումար գտնի ոչ միայն էլեկտրաէներգիայի գնման, այլև աշխատավարձերն ինքնուրույն վճարելու համար։
«Եթե մենք շարունակենք համախմբել ուժերը էլեկտրաէներգիայի ձեռքբերման համար միջոցներ գտնելու ուղղությամբ, ապա պետք է, հավանաբար, համարձակորեն ասել այդ մասին, որ աշխատավարձ չենք վճարելու»,— հայտարարել է Ֆինանսների նախարար Վլադիմիր Դելբան։
Իսկ Աբխազիայի վարչապետի պարտականությունները կատարող Վալերի Բգանբան չի բացառել, որ ստեղծված ճգնաժամի հետ կապված կարիք կլինի մտցնել էներգետիկայում արտակարգ իրավիճակի ռեժիմ։
Աբխազիայում լույս չի լինի