Աբորտի արգելք Աբխազիայում. «Մի՞թե իմ երեխան ավելի կարևոր է պատգամավորների համար, քան ինձ»
Աբխազիայում հղիության արհեստական ընդհատման արգելքը մտցվել է 2016 թվականի սկզբին։ Միակ բացառությունը պտղի ներարգանդային մահվան դեպքերն են։ Ութ տարի անց JAMnews-ը որոշել է զրուցել նրանց հետ, ովքեր բախվել են այս արգելքի հետևանքներին։ Միայն մեկ կին համաձայնեց պատմել մեզ իր պատմությունը:
Բացառություններ չկան նույնիսկ բացառիկ դեպքերում
2017 թվականին, հղիության թեստ անելով, Արինան (անունը փոխված է) վերջապես տեսավ երկար սպասված երկու գիծը։ Դա նրա երկրորդ հղիությունն էր և, հաշվի առնելով բազմաթիվ քրոնիկ հիվանդությունները, նա ամենայն պատասխանատվությամբ ընդունեց իր երկրորդ երեխայի ծնունդը։
- Աբխազիա. տարին առանց աբորտների
- Դեպոպուլյացիա Հայաստանում․ չծնված աղջիկներ, զոհված տղաներ, համավարակ
- «Ավելի քիչ ծնունդներ»․ ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում
«Մեկ տարի է, ինչ պատրաստվում էի այդ հղիությանը։ Բժիշկը, որը վարում էր իմ առաջին հղիությունը, ապրում է Ռուսաստանում։ Հենց նա էլ ինձ պատրաստում էր երկրորդ բեղմնավորման: Եվ ահա ես հղիացա, ամեն ինչ լավ էր։ Բայց որոշ ժամանակ անց հասկացա, որ ինչ-որ բան այն չէ։ Նախ, ես սկսեցի արյունահոսել: Երկրորդ, հանկարծ դադարեցի ինձ հղի զգալ: Այսինքն՝ սկզբում զգացի, որ օրգանիզմումս արդեն ծանոթ գործընթացներ են տեղի ունենում, հետո դրանք հանկարծ դադարեցին։ Ես վազեցի ուլտրաձայնային հետազոտության այստեղ՝ Աբխազիայում, և ինձ ասացին, որ ամեն ինչ կարգին է, ժամկետը 4-5 շաբաթական է։ Իսկ ես հաստատ գիտեի, որ ոչ թե 4-5 շաբաթական է, այլ ավելի շատ՝ 8-9 շաբաթական։
Խոսքն ակնհայտորեն սառեցված հղիության մասին էր, երբ պտուղը դադարում է զարգանալ։ Սա հենց այն բացառությունն է, որի դեպքում օրենքը թույլատրում է հղիության արհեստական ընդհատում անել: Սակայն բժիշկը հրաժարվել է դա գրել եզրակացության մեջ՝ կասկածելով, որ Արինան ստում է, դիտավորյալ ուռճացնում է ժամկետը, որպեսզի աբորտի թույլտվություն ստանա։
«Նա ասաց, որ պետք է հույսը դնել հղիությունը պահպանելու վրա: Օրենքի համաձայն՝ համոզվելու համար, որ հղիությունը իսկապես սառել է, պահանջվում է մի քանի օր կամ նույնիսկ շաբաթ հետևել կնոջը»,— բացատրում է Արինան։
Կլինիկայից դուրս գալուց հետո նա որոշել է գնալ Սոչի՝ իր բժշկին տեսնելու։ Նա այնտեղ հասել է բարձր ջերմությամբ և ուժեղ ձգվող որովայնով։ Կրկնակի ուլտրաձայնային հետազոտությունը հաստատել է սառեցված հղիությունը: Կնոջը սպառնում էր ինտոքսիկացիա, իսկ դա, հաշվի առնելով բոլոր քրոնիկ հիվանդությունները, լավագույն դեպքում կարող էր հանգեցնել անպտղության։
Խոսքն իմ առողջության և նույնիսկ կյանքի մասին էր: Հարցին անհապաղ լուծում էր պետք տալ։ Ինձ դեղորայքային աբորտ արեցին։ Եվ ես եզրակացրի, որ իմ պետությունն ինձ ոչ մի կերպ չի պաշտպանում։ Ես ոչ թե օրենքի փոփոխության, այլ արգելքի իսպառ վերացման կողմնակից եմ։
Արինան խոստովանում է, որ իր համար ամենադժվարը սառեցված հղիությունից հետո հոգեբանորեն վերականգնվելն է եղել։ Այդ հարցում նրան օգնել է ամուսնու աջակցությունը։ Իսկ նրանց հարազատներից շատերը և նույնիսկ մայրը դեռ չգիտեն, որ Արինայի կյանքում նման դրվագ է եղել։
«Մեկ-երկու տարի ես ուշքի չէի գալիս։ Չէ որ այդ հղիությունն ինձ այնքան մեծ դժվարությամբ էր տրվել, և նրան կորցնելը նույնպես շատ ծանր էր։ Եվ ես ուզում եմ հարցնել այն մարդկանց, ովքեր Աբխազիայում աբորտի արգելք են մտցրել, ուզում եմ հարցնել դրան աջակցող եկեղեցուն. «Մի՞թե կարծում եք, որ իմ երեխան ձեզ համար ավելի թանկ է, քան ինձ համար»: Ես մեկ երեխա ունեմ։ Եվ առաջին հերթին նրա մասին էի մտածում, երբ այնտեղ՝ Սոչիում, ինձ ասացին, որ մտածելու ժամանակ չկա, և իմ կյանքին վտանգ է սպառնում։ Հասկանո՞ւմ եք՝ եթե ես հնազանդվեի մեր օրենսդրությանը և հույսս դնեի հղիության պահպանման վրա, ապա շուտով ամբողջ Աբխազիան ականատես կլիներ արյան թունավորմամբ կամ նման մի բանով երիտասարդ կնոջ պատմությանը։
Աբորտը այնքան սարսափելի չէ, որքան անցանկալի հղիությունը
Հոգեբույժ Գվանցա Մաչավարիանին ասում է՝ 2022 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հղիության արհեստական ընդհատումների սահմանափակումը կամ ուղղակի արգելքը հանգեցնում են վերարտադրողական տարիքի կանանց մոտ ինքնասպանության ռիսկի բարձրացման։ Ենթադրվում է, որ ինքնասպանության հիմնական գործոնը անցանկալի հղիության հետ կապված սթրեսն է.
«Ըստ ուսումնասիրությունների՝ հղիության արհեստական ընդհատումը այնքան չի վատթարացնում կնոջ հոգեկան առողջությունը, որքան այն իրավիճակը, երբ նա պետք է ծննդաբերի անցանկալի հղիության արդյունքում»,— պարզաբանում է բժիշկը։
Մաչավարիանին ասում է, որ այն պայմաններում, երբ անցանկալի հղիությունը կանխելու համար իրազեկման աշխատանք չի տարվում, մեծանում է պաթոլոգիկ ընթացքով հղիության վտանգը՝ ներարգանդային պաթոլոգիայի պատճառով պտղի ոչ կենսունակությունը։ Ըստ այդմ՜ հետծննդյան դեպրեսիայի և փսիխոզի զարգացման ռիսկն ավելի մեծ է։ Դա նվազեցնում է հասարակության հոգեկան առողջության ընդհանուր մակարդակը:
«Պաթոլոգիաներ ունեցող երեխաների ծնվելու դեպքում պետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի նրանց վերականգնման համար։ Եվ չի կարելի ասել, որ այդ մեխանիզմն Աբխազիայում ներդրված է։ Ծնողները նույնպես միշտ չէ, որ պատրաստ են բարոյական պատասխանատվություն ստանձնել, ինչը հանգեցնում է ամուսնալուծությունների թվի աճի։ Եվ արդյունքում պարզվում է, որ նման երեխաները պետք չեն ոչ մեկին՝ ոչ պետությանը, ոչ էլ հաճախ իրենց սեփական հայրերին»,— ասում է բժիշկը։
«Ամենահուսահատվածները վիժում են առաջացրել, սարսափելի դեղամիջոցներ խմել»
Կամմա Գոպիան ղեկավարում է «Կիարազ» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որն օգնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված բազմազավակ ընտանիքներին։ Ինքը՝ Կաման, դեմ է հղիության արհեստական ընդհատմանը, սակայն այն արդարացված է համարում, երբ կան բժշկական ցուցումներ։
«Անշուշտ, Աբխազիայում հղիության արհեստական ընդհատման արգելքն ազդել է մեր շահառուների վրա: Ընդհանրապես, նման օրենքներն առաջին հերթին ազդում են բնակչության առավել խոցելի խավերի կյանքի վրա։ Մեր շահառուները չեն կարող իրենց թույլ տալ դուրս գալ Աբխազիայից՝ աբորտ անելու։ Հետևաբար, շատերը ոչինչ չձեռնարկեցին և ունեցան երեխաներին: Իսկ ամենահուսահատները վիժում առաջացրին, ինչ-որ սարսափելի դեղամիջոցներ խմեցին ու քիչ էր մնում կորցնեին իրենց կյանքը։
Կամմա Գոպիան պատմում է մի հղի կնոջ մասին, որն իմացել է, որ իր երեխան ունի սրտի բարդ հիվանդություն և Դաունի համախտանիշի ռիսկը բարձր է:
«Այդպիսի երեխան կարիք ունի մանրակրկիտ խնամքի, հատուկ սնուցման և այլն, որոնք այդ ընտանիքը չէր կարող ապահովել: Նրանք ուզում էին աբորտ անել, բայց օրենքն արգելում է։ Ամեն ինչ ձգձգվեց, ժամկետն արդեն չափազանց մեծ էր, և մեր կազմակերպությունը կանգնած էր հարցի առաջ՝ ինչպես կազմակերպել նման պաթոլոգիա ունեցող երեխայի ծնունդը։ Մենք գրեթե պայմանավորվել էինք Մոսկվայի կլինիկայի հետ։ Բայց հետո պտուղը դադարեց զարգանալ: Եվ, իհարկե, այդ ամենը շատ մեծ սթրես էր կնոջ համար»,— վերջին դեպքերն է հիշում Գոպիան։
Անանունության պայմանով մեզ հաջողվեց զրուցել աբխազ մանկաբարձ-գինեկոլոգներից մեկի հետ։ Նրա կարծիքով՝ 21-րդ դարում, երբ առկա են հակաբեղմնավորման տարբեր մեթոդներ, աբորտը տեղին չէ։ Բժիշկը հիշեցնում է, որ հղիության արհեստական ընդհատումները, հատկապես հաճախակիները, նույնպես վտանգավոր են առողջության համար, և շատ ավելի ճիշտ է բնակչությանն իրազեկել հակաբեղմնավորման մասին։ Այնուամենայնիվ, նա կարծում է, որ Աբխազիայում աբորտի արգելքը պետք է հաշվի առնի առնվազն այն դեպքերը, երբ խոսքը վերաբերում է պտղի ոչ կենսունակությանը, կամ երբ ծնողները չեն կարող բարոյական և նյութական պատասխանատվություն ստանձնել ծանր բնածին պաթոլոգիա ունեցող երեխա դաստիարակելու համար։
Աբխազիայում աբորտների արգելքի հիմնական նպատակը ծնելիության բարձրացումն էր։ Բայց, դատելով վիճակագրությունից, այդ նպատակը չիրականացավ. անցած տարիների ընթացքում հանրապետությունում ծնելիության մակարդակը, ընդհակառակը, նվազել է։
Հոդվածը պատրաստվել է «Իմ իրավունքը» աբխազական նախաձեռնող խմբի հետ համագործակցությամբ։
Հրապարակումներում տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով: