Աբխազիայի՝ վրացիներով բնակեցված Գալում ընտրությունները վրացիների համար քաղաքացիության շուրջ էին, այլ ոչ թե խորհրդարանի
Աբխազիայի Գալի շրջանում խորհրդարանական ընտրությունները, որոնք ավարտվել են մարտի 26-ին՝ կիրակի, իրենց առանձնահատկությունն ունեին, որոնք շատ են տարբերվում հանրապետության մնացած տարածքից: Այստեղ բնակչության մեծ մասը վրացիներ են, և միայն դրա ընդամենը մի փոքր հատվածն ընտրելու իրավունք ունի:
=========================================================================
Գալի շրջանն Աբխազիայի միակ վարչական միավորն է: 2011թ-ի մարդահամարի տվյալներով՝ բնակչության 98,21 տոկոսը վրացիներ/մեգրելներ են: Այն անմիջապես Ինգուր (վրացական տարբերոկով՝ Ինգուրի) գետին է հարում, որը վրաց-աբխազական հակամարտությունում բաժանարար գիծ է համարվում: Գալի շրջանում է Ինգուրի ՀԷԿ-ն՝ Աբխազիայի կարևորագույն էներգետիկ ձեռնարկությունը:
Որպես վրացական բնակչության հիմնական խնդիրներ այստեղ նշում են.
— աբխազական քաղաքացիություն ստանալու բարդությունը
— վրացերենով կրթություն ստանալու հնարավորության սահմանափակումը;
— սահմանային ռեժիմի խստացումը
=========================================================================
Գալի №35 ընտրատարածքի ընտրողների ցուցակն այս անգամ չէր գերազանցում 600 հոգին այն դեպքում, որ այդ շրջանի բնակչության թիվը մի քանի անգամ ավելի շատ է՝ 35 հազար մարդ:
Բնակչության ընդհանուր թվի և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների միջև այդքան մեծ տարբերության պատճառը շրջանի գլխավոր քաղաքական խնդիրն է՝ անձնագրային կոլիզիան:
Հենց Գալի վրացիների համար անձնագրերն էին, որ 2014թ-ի մայիսին այն ժամանակվա նախագահ (ներկայիս նորընտիր պատգամավոր) Ալեքսանդր Անկվաբի վաղաժամ հրաժարականի պատճառ դարձան:
Երեք տարի առաջ տեղացիների անձնագրերի հարցով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովն այն եզրահանգման եկավ, որ Աբխազիայի երեք արևելյան շրջաններում տեղի ադմինիստրացիաներին կից դեռևս 2009թ-ին ստեղծված անձնագրային հատուկ հանձնաժողովները կազմակերպվել են գործող օրենսդրության խախտմամբ:
Այդ հանձնաժողովների գործունեությունն անօրինական է ճանաչվել, քանի որ քաղաքացիության հարցերով զբաղվելը ոչ մի կերպ չէր կարող մտնել շրջանային ադմինիստրացիաների իրավասության մեջ: Բացի այդ, հենց անձնագրերն, ըստ խորհրդարանի կարծիքի, տրվել են «Աբխազիայի Հանրապետության քաղաքացիության մասին» գործող օրենքի խախտմամբ:
Այդ օրենքի համաձայն՝ կրկնակի քաղաքացիությունը թույլատրված է եթե երկրորդ անձնագիրը ռուսական է: Գալի շրջանի բնակիչների մեծ մասը վրացական քաղաքացիություն ունի: Այդ փաստը դրա տերերն առանձնապես չէին բարձրաձաայնում, չնայած որ մեծ գաղտնիք էլ դրանից չէին դարձնում:
Երկրի այն ժամանակվա ղեկավարությունը, որպեսզի գոնե ինչ-որ կերպով տեղավորվի քաղաքացիության մասին օրենքի շրջանակում, գործընթացի օրինականացման ձև է հորինել: Այն կայանում էր նրանում, որ Գալի շրջանի յուրաքանչյուր բնակիչ, որը ցանկություն էր հայտնել աբխազական քաղաքացիություն ստանալ, վրացական անձնագրից հրաժարվելու մասին գրություն էր ստորագրում:
Իրականում այդ թուղթը ոչ մի ուժ չուներ, քանի որ հայտատուն նախկինի պես շարունակում էր Վրաստանի քաղաքացի մնալ, սակայն նա արդեն աբխազական անձնագիր էլ էր ունենում:
Ալեքսանդր Անկվաբի վաղաժամ հրաժարականից հետո շրջանային հանձնաժողովների կողմից տրված անձնագրերով ստացված քաղաքացիությունը չեղարկվել է, և այժմ այդ փաստաթղթերը անձը հաստատող սովորական բլանկ են համարվում: Դրանցով կարելի է աշատավարձ, կենսաթոշակ ստանալ, բանկային գործարքներ կատարել, աշխատանքի տեղավորվել, սակայն չի կարելի մասնակցել քաղաքական գործընթացին:
Այդ փաստաթղթերով կարելի է քվեարկել տեղական ընտրություններում, սակայն խորհրդարանական և նախագահական ընտրություններին մասնակցելն արգելվում է:
Եվ կրկին աբխազական քաղաքացիության հարցը՝ տեղացի վրացիների համար
Այսպիսով, տեղացի վրացիների համար աբխազական քաղաքացիության հարցը Գալի շրջանում դարձավ 2017թ-ի նախընտրական քարոզարշավի գլխավոր առարկա:
Ի սկզբանե որպես թեկնածու այստեղ 8 մարդ էր գրանցվել: Դրանցից միայն մեկը՝ Կախա Պերտայան, կարող էր 100%-ով տեղացի համարվել: Նա ծնվել և մեծացել է այստեղ: Աշխատում էր որպես շրջանի դատախազ: Մնացածները կամ պարզապես աշխատել են այս շրջանում, կամ մինչև ընտրություններն ընդհանրապես որևէ կապ չեն ունեցել շրջանի հետ:
8 թեկնածուներից 7-ը եղած իրադրության փոփոխության անհրաժեշտության ջատագովներ էին և քննադատում էին այդ շրջանի բնակիչների համար աբխազական քաղաքացիության չեղարկման մասին որոշումը:
Միակն, ով ինքնաբացարկ հայտարարեց անձնագրային քննադատություննից, Կախա Պերտայան էր: Սակայն արդյունքում հենց նա է շրջանը ներկայացնելու խորհրդարանում՝ հաղթելով կիրակի՝ մարտի 26-ին, կայացած ընտրությունների երկրորդ փուլում: Նա կարող էր հաղթել նաև ընտրությունների առաջին փուլում, նրան ընդամնեը մի քանի տասնյակ ձայն չհերիքեց:
Պերտայան սատարում է իշխանությունների այն գիծը, որ քաղաքացիությունից զրկված գալցիներին պետք է կացության իրավունք տրամադրել: Ենթադրվում է, որ այդ փաստաթղթի տրամադրումը կսկսվի մոտ ժամանակներս:
Երկրորդ փուլում Պերտայայի հետ մրցակցում էր Դմիտրի Ադլեյբան՝ գալցիների քաղաքացիության և անձնագրերի հարցով իշխանությունների ամենախիստ քննադատը:
«Մարդիկ մասնակցել են Աբխազիայի անկախության մասին հանրաքվեին, խորհրդարանական, նախագահական ընտրություններին, և ոչ մեկ անգամ: Նրանք իրենց դիրքորոշումն են հայտնել և մեր քաղաքացիներն են եղել: Եվ պետությունը դա ամեն կերպ ի ցույց էր դնում», — ասում էր Ադլեյբան՝ ընտրություններից մի քանի օր առաջ ելույթ ունենալով գալցիների հետ հանդպմանը:
«Սակայն, չգիտես ինչու, ինչ-որ ժամանակ անց իրավիճակը փոխվեց, և պարզվեց, որ մեր քաղաքացիներն այստեղ ընդամնեը մի քանի հարյուր մարդ են կազմում: Սակայն, եթե խոսենք Գալի շրջանի բանկչության քաղաքացիական դիրքորոշման մասին, այստեղ հարկերի ամենամեծ քանակն է հավաքվում: Մարդիկ ճշտորեն վճարում են և մասնակցում պետության հետ հարաբերություններին»:
Գալում թեկնածուների քարոզարշավը զգալիորեն տարբերվում էր մնացած Աբխազիայից: Պատգամավորության թեկնածուները ստիպված չէին ժամանակավորապես աշխղեկերի վերածվելու՝ ճանապարհներ վերանորոգելու, այգիները բարեկարգելու, տրանսֆորմատորները փոխելու, որ ընտրողներին դուր գան:
Շրջանային կենտրոնն Աբխազիայի թերևս ամենաբարեկարգ բնակավայրն է: Շուրջբոլորն անսովոր մաքրություն է, այգիների խոտածածկը խնամված է, ծառերը սպիտակեցրած են, ճանապարհներն՝ ասֆալտապատված:
«Անգամ գյուղական համայնքներում մեզ մոտ տրանսֆորմատորների հետ ամեն ինչ կարգին է», — ասում է Գալի շրջանի ադմինիստարցիայի ղեկավար Թիմուր Նադարայան:
«Նախորդ տարի մենք սկսել ենք գործող նորմից զատ հողոգտագործման համար վարձ վերցնել: Ընդ որում, որոշել ենք, որ յուրաքանչյուր գյուղից հավաքված գումարները կմնան հենց տվյալ գյուղում և կարող են օգտագործվել ինչ-որ կոմունալ կարիքների համար:
Եվ այժմ մեզ մոտ գրեթե բոլոր գյուղերում տրանսֆորմատորներ կան, էլեկտրահաղորդակցման նոր գծեր են քաշված: Ինչ-որ տեղ այդ գումարով կամուրջներ են կառուցվել, ինչ-որ տեղ՝ ջրատար:
Օրինակ, Օտոբայա գյուղի հաշվին այժմ մեկուկես միլիոն ռուբլի կա: Միգուցե բյուջեում այդքան գումար այժմ չկա, որքան Օտոբայայում»:
Այնուամենայնիվ Գալում քվեարկության երկրորդ փուլն առանց նյարդայնության անցավ, որը նկատվում էր գրեթե մնացած բոլոր շրջաններում: Կեսօրին արդեն կարելի էր արդյունքներն ամփոփել, քանի որ ընտրողների մեծ մասն, ովքեր որոշել էին օգտվել ընտրելու իրենց իրավունքից, դա առավոտից էին արել:
«Առավոտյան քվեարկելը Գալի շրջանում ավանդույթ է, որը չի խախտվել խորհրդային ժամանակներից ի վեր: Առավոտյան ձայնդ տվեցիր և գնացիր գործերդ անելու: Հոգսերը շատ են, գարուն է», — իրավիճակը բացատրեց թեկնածուներից մեկի դիտորդը: