Աբխազիա, Անգոլա, Բանգլադեշ
Աբխազիայում արդեն երեք ամիս է՝ գործում է «Մոր և չծնված երեխայի կյանքի պետական պաշտպանության մասին» օրենըք, իսկ եթե ավելի պարզ՝ հղիության արհեստական ընդհատման արգելքի մասին օրենքը: Ժամանակին դրա օգտին է քվեարկել 26 պատգամավոր, դեմ՝ ընդամենը 3-ը:
Օրենսդիրների գլխավոր փաստարկը ժողովրդագրական դրության բարելավումն էր: Այդ փաստարկի հետ, սակայն, նախկինի պես հասարակության մեջ շատերը համաձայն չեն: Բերենք Աբխազիայում հղիության արհեստական ընդհատման արգելքի դեմ հանդես եկողների հիմնական փաստարկները:
1. Հղիության ընդհատումն անհրաժեշտ է բժշկական տեանկյունից
«Ես կտրուկ էի արտահայտվում, երբ օրենքը քննարկվում էր, պահանջում էի թույլ տալ հղիության ընդհատումը բժշկականան նշանակման պարագայում: Բոլոր բժիշկներն էին սպասում այդ դրույթին, քանի որ դա կապված է պտղի թերզարգացման հետ, որը հանգեցնում է երեխայի մահվան միանգամից ծնվելուց հետո կամ խորը հաշմանդամության: Մոր կյանքին նույնպես վտանգ է սպառնում: Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ աբորտների բացարձակ արգելքը կարող է բացասական արդյունք ունենալ: Առաջին տարվա ընթացքում հետևանքները կերևան», — ասում է բժիշկ-գինեկոլոգ Իլոնա Ագրբա-Կոբախիան:
Այս տեսանկյունը կիսում է Աբխազիայի առողջապահության նախարարությունը, որը օրենքի ընդունման ընթացքում պնդում էր, որ մոր ու մանկան կյանքին սպառնող վտանգի առկայության դեպքում աբորտներն անհրաժեշտ են:
2. Երեխաների համար փող տալն ավելի արդյունավետ է
«Ես 2 երեխաների մայր եմ, ամուսնուս հետ երրորդին ենք պլանավորում, բայց դա դեռ հնարավոր չէ, քանի որ պետությունը չի օգնում: Բազմազավակ ընտանիքները նպաստի, բնակարանի կարիք ունեն, և շատ բան էր պետք անել նախքան այդ օրենքն ընդունելը: Ես այն միջնադարյան եմ որակում», — ասում է Սուխումի բնակիչ Քրիստինա Բազբան:
Այս տեսանկյունը կիսում է խորհրդարանում Աբխազիայի նախագահի ներկայացուցիչ Դմիտրի Շամբան: Նրա խոսքով, չի կարելի միայն արգելելու միջոցով հասնել դրված նպատակին՝ բարձրացնել ծնելիությունը:«Համակարգային մոտեցում է պետք, պետք է միանգամից մի քանի սոցիալական ու տնտեսական խնդիր լուծել», — ասում է Շամբան:
3. Արգելքի անիմաստությունը
Արգելքի փաստն ինքնին ոչինչ չի փոխում: Աբորտի որոշում կայացրած կինը հեշտությամբ կշրջանցի այդ սահմանափակումը հարևան Ռուսաստանում, որտեղ այդ վիրահատությունն օրինական է: «Աբորտ անելու ցանկություն ունեցողների համար բաց է դեպի Ռուսաստան ճանապարհը», — ասում է սոցքաղաքականության խորհրդարանական կոմիտեի նախագահ Ապոլոն Գուրգուլիան:
Բժիշկ-գինեկոլոգ Իլոնա Ագրբա-Կոբախիան նույնպես նշում է, որ տնային պայմաններում աբորտ անելու մի շարք միջոցներ կան: «Տեխնիկապես ամեն ինչ շատ պարզ է, դա 3 օրվա և 5 հաբի հարց է՝ բարդության նվազագույն վտանգով: Եվ անհրաժեշտ դեղամիջոցները բաց վաճառվում են: Այժմյան աբխազական իրականությունում աբորտի կանխարգելումը ճիշտ և ադեկվատ ընտրված հակաբեղմնավորիչներն են»:
Երկու երեխաների հայր Ասլան Ագրբա. «Նա, ով ուզում է աբորտ անել, շատ միջոցներ կգտնի դա անելու համար: Հարցը աբորտները թույլ տալ չտալը չէ: Եթե զույգը որոշել է, որ չի ուզում երեխա ունենալ, ոչ մի օրենք նրան չի ստիպի հակառակն անել»:
4. Ուրիշների փորձը
Նախորդ տարի Ռուսաստանի կառավարությունը հրաժարվեց հաստատել մի օրինագիծ, որով նախատեսվում էր երկրում քրեական պատասխանատվություն մտցնել ոչբժշկական ցուցումներով արված աբորտների համար: Ընդորում, Ռուսաստանում աբորտների քանակը հասնում է տարեկան 5-8մլն:
2013-ին Վրաստանում նույնպես խորհրդարան էր ներկայացվել աբորտներն արգելելու առաջարկ՝ կապված ծանր ժողովրդագրական իրավիճակի հետ: Սակայն դա հասարակությունում պառակտում մտցրեց և առաջարկը չընդունվեց: Այսօր Վրաստանում աբորտ կարելի է անել մինչև 12-շաբաթական հղիության դեպքում:
JAMnews-ի վիճակագրությունը
• Աբխազիայում ծննդաբերության թիվը տարեկան միջինը 2050 է:
• Աբորտների քանակն Աբխազիայում միջինը տարեկան 800 է:
• Միջինում 2,5 ծնունդին բաժին է ընկնում 1 աբորտ:
• Աշխարհում միջինում հղիությունների 21 տոկոսն ընդհատվում է: Աշխարհում կատարվող աբորտների 25 տոկոսի պատճառը մոր կյանքին սպառնացող վտանգն է, 12 տոկոսը պտղի աննորմալ զարգացման արդյունք է:
• Ընդունելով աբորտներն ամբողջությամբ արգելելու մասին օրինագիծ՝ Աբխազիան միացավ հետևյալ երկրներին՝ Անգոլա, Աֆղանստան, Բանգլադեշ, Վենեսուելա, Գվատեմալա, Հոնդուրաս, Եգիպտոս, Ինդոնեզիա, Իրաք, Իրան, Իռլանդիա, Յեմեն, Կոլումբիա, Լիբանան, Լիբիա, Մավրիտանիա, Մալի, Նեպալ, Նիկարագուա, ՄԱԷ, Օման, Պարագվայ, Պապուա Նոր Գվինեա, Սալվադոր, Սիրիա, Չիլի և Ֆիլիպիններ:
Հոդվածում արտահայտած մտքերն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ: