Ռուսաստանում կչեղարկե՞ն Դիմա Յակովլևի օրենքը
Ռուսաստանում սկսել են խոսել «Դիմա Յակովլևի օրենքը» չեղարկելու մասին, որով ամերիկացիներին արգելվում է ռուս երեխաներ որդեգրել: Դա կարող է դիտարկվել՝ ի պատասխան ԱՄՆ կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների, այդ թվում՝ «Մագնիտսկու ցուցակի» չեղարկման:
Հունվարի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ոչ իրավաչափ է ճանաչել ԱՄՆ քաղաքացիների համար ռուս երեխաներ որդեգրելու արգելքը, որը նախատեսված է «Դիմա Յակովլևի օրենքով»: Դատարանը բավարարել է ԱՄՆ 45 քաղաքացիների հայցը, որոնց մերժվել է երեխաներ որդեգրել ՌԴ-ում, չնայած որ նրանք արդեն սկսել էին ձևակերպման գործընթացը: Դատավճռի համաձայն՝ Ռուսաստանը հայցվորներին պետք է վճարի ընդհանուր առմամբ 75 հազար եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, և 13.6 հազար եվրո՝ դատական ծախսերի համար:
ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը հայտարարել է, որ ինքը պաշտպանում է ՄԻԵԴ որոշումը: «Ես կարծում եմ, որ այժմ հնարավորություն կառաջանա, եթե ամերիկյան կողմը բարի կամք դրսևորի, զգալիորեն բարելավել հարաբերությունները մեր երկրների միջև: Եվ այդպիսի բարելավման շրջանակում կարող են վերանայվել և՛ ռուսական, և՛ ամերիկյան օրենսդրական ակտերը»,- ասել է Ֆեդոտովը «Ինտերֆաքսին»:
Նրա խոսքով՝ պետք է նկատի ունենալ, որ այսպես կոչված «Դիմա Յակովլևի օրենքը» եղել է որպես պատասխան «Մագնիստսկու ցուցակի», որն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից: «Բայց, ակնհայտ է, որ որբերը բացարձակ ոչ մի կապ չպետք է ունենան այդ արտաքին քաղաքական ակցիաների հետ»,- պարզաբանել է Ֆեդոտովը:
Մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Տատյանա Մոսկալկովան ՄԻԵԴ որոշումն այդ հարցով անվանել է «շատ կշռադատված»: Օրենքի հնարավոր չեղարկման օգտին է հանդես եկել նաև Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Նրա խոսքով՝ ռուսական օրենսդրության մեջ այդպիսի նպատակ չկա ամեն գնով «պահել այդ օրենքը», և որ իրենք պատրաստ են ԱՄՆ հետ երկխոսության:
«Նովայա գազետա»-ի քաղաքականության բաժնի խմբագիր Կիրիլ Մարտինովը նշել է, որ «քաղաքականության լեզվով՝ դա նշանակում է, որ Ռուսաստանի իշխանությունները Մատվիենկոյի շուրթերով գործարք են առաջարկում Թրամփի աշխատակազմին»:
Օրենքը «Ներգործության միջոցների մասին այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակից են մարդու ազատությունների և հիմնարար իրավունքների, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտումներում» ընդունվել է 2012թ. դեկտեմբերին: Այն անվանվել է Դիմա Յակովլևի՝ ռուս երեխայի անունով, որը որդեգրվել էր ամերիկացի զույգի կողմից, ավելի ուշ՝ 2008թ. մահացել որդեգիր հոր անուշադրության հետևանքով: Օրենքը նախատեսում է արգելել ռուս երեխաների որդեգրումն ԱՄՆ քաղաքացիների կողմից: Այն դարձել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 2012թ. դեկտեմբերին ընդունված «Մագնիտսկու ցուցակի» պատասխանը, որով անհատական պատժամիջոցներ են սահմանվում այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Ռուսաստանում մարդու իրավունքների խախտումների համար: