WHO IS Mr. Սահակաշվիլին Օդեսայում
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին անսպասելիորեն հայտարարել է, որ հեռանում է Օդեսայի շրջանի մարզպետի պաշտոնից, ինչն երկու երկրներում էլ՝ և՛ Ուկրաինայում, և՛ Վրաստանում մեծ սկանդալ և բուռն քննարկումներ առաջացրեց:
Սա Ուկրաինայում «վրացական» հրաժարականների շարքից ամենաաղմկոտն էր: Նոյեմբերի 7-ի առավոտյան Օդեսայի շրջանի ներքին գործերի վարչության պետի պաշտոնից հեռացավ Սահակաշվիլիի համախոհ Գիա Լորտկիպանիձեն: Սահակաշվիլին այսպես մեկնաբանեց նրա հրաժարականը. «Այժմ բոլոր տեսակի կաշառակերներն ու ստահակները կարող են հաղթանակ տոնել»:
Նոյեմբերին ուղիղ կես տարի լրացավ այն օրվանից, ինչ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին նշանակել էր Օդեսայի շրջանի մարզպետ:
Եվ ահա, թվում է, հայտնի «վրացական բարեփոխումների» փորձի կրկնության փորձարկումը մոտեցավ ավարտին: Սակայն, հնարավոր է, որ Սահակաշվիլիի հեռանալը նշանակում է, ընդհակառակը, Ուկրաինայում նոր քաղաքական փուլի սկիզբ:
Սահակաշվիլին որպես Օդեսայի տեսարժան երևույթ
Սահակաշվիլին ինքն է իրեն մի քանի անգամ նման կերպ անվանել՝ «Ես Օդեսայի նոր տեսարժան երևո՞ւյթն եմ»:
Նրա կառավարման 1,5 տարին աղմկոտ սկանդալներով էր զուգակցվում: Մասնավորապես.
· Նա էքսկավատորներով քանդեց տեղի օլիգարխների առանձնատների ցանկապատերը:
· Փոխեց Օդեսայի շրջանի գրեթե բոլոր առանցքային ուժային կառույցների ներկայացուցիչներին (ինչն ահռելի սկանդալ դարձավ):
· Օդեսա էր բերում ԱՄՆ առաջին դեմքերին:
· Անսպասելի «հարձակումներ» էր կատարում շրջանի նավահանգիստների վրա, որտեղ փոխում էր տնօրեններին:
· Կոպիտ առճակատման գնաց Կիևի ղեկավարության հետ:
· Սկանդալային նշանակումներ էր անում Օդեսայի մարզպետարանում
· Աշխատանքային կաբինետ սարքեց ճամփեզրին:
· Հասավ նրան, որ ընդունվեց «գինու օրենքի» իր տարբերակը:
· Եվ տեղական ընտրություններին ականատես եղավ «Սահակաշվիլիի թիմի» ձախողմանը:
Սահակաշվիլիի մարզպետ լինելու ժամանակահատվածում Օդեսայում քննարկումներ էին գնում. ո՞րն է խնդրի հիմքը՝ իրավիճակն Ուկրաինայո՞ւմ, թե՞ հենց Սահակաշվիլին:
Որպեսզի այդ հարցին հեշտ լինի պատասխանել JAMnews-ն առաջարկում է ի մի բերել Օդեսայի մարզպետի պաշտոնում Սահակաշվիլիի կառավարման 1,5 տարվա ընթացքում արված բարեփոխումները:
Աշխատակազմի բարեփոխում
Օդեսայում իր առաջին աշխատանքային օրը՝ 2015թ-ի մայիսի 29-ին, Սահակաշվիլին Օդեսայի մարզպետարանի աշխատակազմը կրճատեց՝ 800 հոգուց թողնելով 500 մարդ: Ընդ որում, խոստացավ աշխատակազմն ազատել ևս 100 հոգուց:
Ոստիկանության բարեփոխում
Մեկ տարի առաջ Օդեսայում իր աշխատանքը սկսեց նոր պարեկային ոստիկանությունը, որը ժամանակի ընթացքում պետք է փոխարինի ողջ շրջանի միլիցիային: Կառույցի ղեկավար էր նշանակվել Սահակաշվիլիի համախոհ, Վրաստանի ներքին գործերի նախկին փոխնախագահ Գիորգի Լորտկիպանիձեն: Շրջանի ՆԳՆ սեփական անվտանգության վարչության պետ դարձավ նույնպես «վրացական թիմի» անդամ Կոնստանտին Մչեդլիշվիլին, որը նախկինում Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խորհրդականն էր եղել:
Ոստիկանների առաջին հոսքի երդման արարողությանը Օդեսա ժամանեց նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Նավահանգստի բարեփոխում
Մեծ սկանդալ առաջացրեց Օդեսայի շրջանի Իլյիչևսկ քաղաքում Ուկրաինայի խոշորագույն նավահանգստի տնօրենի պաշտոնանկությունը: Սահակաշվիլին 2015թ-ի հուլիսի 23-ին անձամբ նավահանգիստ բերեց պաշտոնանկության հրամանը, միաժամանակ նավահանգստի գործունեության աուդիտ սկսեց կաշառակերության վերաբերյալ կասկածների հիման վրա:
Սահակաշվիլիի վարկածը հետևյալ կերպ էր հնչում. նավահանգիստը ղեկավարում էին գլխավոր ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու մարդիկ, և նրանք առաջարկում էին պայմանավորվածության գալ: Իսկ երբ չստացվեց «պայմանավորվել», նրանք օֆշորային գոտի տեղափոխեցին նավահանգստի երկու գլխավոր նավամատույցները՝ այդպիսով զրկելով Ուկրաինան ամենամյա տասնյակ միլիոն դոլարի եկամուտից:
Նա Օդեսայի մաքսային ծառայության պետ նշանակեց Մայդանի ակտիվիստ Յուլյա Մարուշևսկայային: Դրանից առաջ նա 4 ամիս աշխատել էր որպես Սահակաշվիլիի տեղակալ և մաքսային ծառայության հետ երբեք կապ չէր ունեցել:
Յուլյա Մարուշևսկայայի հայտնի տեսաուղերձը Կիևում Մայդանի օրերին
ԲՈԼՈՐ շրջանների ղեկավարների փոփոխություն
Իր պաշտոնում նշանակվելուց գրեթե անմիջապես հետո (2015թ-ի հունիսի սկզբին) Սահակաշվիլին Օդեսայի մարզի բոլոր շրջանների ղեկավարներին փոխարինելու մրցույթ հայտարարեց: 26 տեղի համար 6452 մարդ էր դիմել: Նրանցից ոմանց նշանակումը բավականին սկանդալային իրադարձություն էր դառնում մասնավորապես այն պատճառով, որ ղեկավարների մի մասն Օդեսայի հետ ընդհանրապես որևէ կապ չուներ:
Վարչական ծառայությունների կենտրոն
Օդեսայում բացվեց Ուկրաինայում Վարչական ծառայությունների տրամադրման առաջին կենտրոնը, որը ստեղծվել է Վրաստանում բարեհաջող աշխատող «Արդարադատության տների» համակարգի նմանությամբ:
Կենտրոն ստեղծելու գաղափարն այն է, որ Օդեսայի յուրաքանչյուր բնակիչ կարողանա ցանկացած տեղեկանք (ծննդյան վկայական, անձնագիր, ամուսնության վկայական, մահվան վկայական և այլն) ստանալ շատ արագ և առանց բազմաթիվ գրասենյակներ այցելելու կոռուպցիոն շղթայի: Ամեն ինչ տեղի է ունենում նախկինում բանկին պատկանող մեկ հսկայական և գեղեցիկ շենքում:
2015թ-ի հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած բացմանը ներկա էր նաև նախագահ Պորոշենկոն:
Պատերազմ ցանկապատների դեմ
Սահակաշվիլին «խաչակրաց արշավանք» սկսեց ծովափերին օլիգարխների առանձնատների ցանկապատների դեմ: Այն բանից հետո, երբ նրա որոշմամբ էքսկավատորները քանդեցին անգամ ուկրաինացի միլիարդատեր Վասիլի Խմելնիցկու ցանկապատը, Օդեսայի սահմանապահ ծառայության և Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարությունն ինքը սկսեց քանդել «հասարակ մահկանացուների համար» «իր» լողափերի դարպասները:
Երաժշտական արգելքներ
Միխայիլ Սահակաշվիլին արգելեց որոշ ռուսաստանյան կատարողների համերգներն Օդեսայում: Մասնավորապես, չեղարկվեց Ստաս Պիեխայի համերգը, որը, պարզվեց, Ռուսաստանի նախագահ Պուտինի վստահված անձն է: Այնուհետև՝ ռուսաստանցի ռեփեր Տիմատիի համերգը, որը բավականին կտրուկ քննադատում էր նոր ուկրաինական իշնաություններին և Ուկրաինան «կրտսեր եղբայր էր անվանում, որը թմրանյութերի վրա է»:
Հողը փոխանցել ժողովրդին
Տեղացիների բողոքների հիման վրա Սահակաշվիլին առափնյա հողերի բաշխման ուղղությամբ շրջանային իշխանությունների գործողությունների վերաբերյալ ստուգումներ նախաձեռնեց: Օդեսայի Կրիժանովկա ավանում պարզվեց, որ ողջ ծովափնյա հատվածը պատկանում է ավանի ղեկավարության ընկերներին և բարեկամներին: Իսկ տեղի բնակիչներն իշխանություններից չէին կարողացել ոչ մի մետր հող ստանալ: Սահակաշվիլին հանրային սկանդալ սարքեց և խոստացավ նստեցնել բոլոր մեղավորներին:
Ճանապարհ դեպի Եվրոպա
35 տարի Օդեսայի շրջանի՝ եվրոպական ուղղության հիմնական ճանապարհը (տանում է դեպի Ռումինիա)՝ Օդեսա-Ռենի մայրուղին, չէր վերանորոգվել: 261կմ երկարությամբ մայրուղին, որը «Եվրոպայի դարպասներ» են անվանում, այնպիսի վիճակում էր, որ ճանապարհի որոշ հատվածներ վարորդները դաշտով էին շրջանցում:
Սահակաշվիլին ակցիան սկսեց 2015թ-ին, և հոկտեմբերի 7-ին բարեկարգումը սկսվեց: Եվ կրկին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ժամանեց և Օդեսային մարզպես Սահակաշվիլիի հետ անձամբ հետևեց բարեկարգման աշխատանքներին:
Ուկրաինացի գինեգործների լավագույն ընկերը
Մի քանի ամիս առաջ Սահակաշվիլին հայտարարեց, որ իրեն օգնության խնդրանքով են դիմում Օդեսայի գինեգործները: Ուկրաինայում գինեգործական արտադրանքի վաճառքի իրավունքի լիցենզիան տարեկան 500 հազար գրիվնա արժե [մոտ $20,000], և շատ մասնավոր գինեգործների համար այդ գինը չափազանց մեծ էր:
2016թ-ի սեպտեմբերին Սահակաշվիլին երեք անգամ լրագրողներին գինուն նվիրված տոների հրացիրեց, իսկ հոկտեմբերի 7-ին նախագահ Պորոշենկոյին հրավիրեց Օդեսայի Բելյաևկա գյուղ՝ տեղացի գինեգործի տուն: Եվ այնտեղ Պորոշենկոն տեսախցիկների առջև օրենք ստորագրեց, որը «փոքր գինեգործներին» ազատում էր լիցենզիայի գինը վճարելուց:
Այդ օրվանից Սահակաշվիլիին սկսեցին «ուկրաինացի գինեգործների լավագույն ընկեր» անվանել:
Բարեփոխումների հակառակ կողմը
Հակառակ կողմ էլ կա: Բարեփոխումների հանրային կերպով հայտարարագրված նախագծերից մի քանիսը թղթի վրա մնացին, իսկ որոշներն այնպես չընթացան, ինչպես ներկայացնում էր Օդեսայի նոր մարզպետը:
Անձնակազմն այնքան էլ շատ չկրճատվեց
Մարզպետարանի անձնակազմի հաստիքացուցակը 500 հոգուց ավել կրճատել Սահակաշվիլին չկարողացավ:
Ոստիկանությունը միլիցիա մնաց
Օդեսայում ոստիկանության բարեփոխումն անավարտ մնաց մի քանի պատճառով:
· Նոր ոստիկանությանը զուգահեռ աշխատում է նաև հին միլիցիան, որը պարզապես փոխարինող չունի: Մասնագետներ չկան:
· Նոր պարեկային ոստիկանությունը դժվարությամբ է համագործակցում հին միլիցիայի հետ, սակայն առանց դրա պարզապես չի կարողանում աշխատել:
· Նոր ոստիկանությունն աշխատում է որպես պարեկապահակային ծառայություն: Քննությունը, քրեական գործերի հարուցումը, գործը դատարան կամ դատախազություն փոխանցելը՝ այս ամենը հին միլիցիայի գործն է:
· Միլիցիոներներն այնքան էլ չեն սիրում ոստիկաններին: Օրինակ որովհետև նրանք, ովքեր երկար տարիներ են աշխատել միլիցիայում և շարունակում են հիմնական գործառույթ իրականացնել, մի քանի անգամ ավելի քիչ աշխատավարձ են ստանում, քան ընդամենը մի քանի ամիս առաջ համազգեստ հագած երիտասարդ ոստիկանները:
Ի հայտ եկավ նաև «վրացական թիմի» կողմից շրջանի ոչ բավարար իմացությունը: Օրինակ, շրջանի միլիցիայի նոր պետ Գեորգի Լորտկիպանիձեն 2015թ-ի սկզբում քաղաքային միլիցիայի նոր պետ նշանակեց Օլեգ Մակուխային: Եվ արդեն օգոստոսի 27-ին ձերբակալեց նրան 20 հազար դոլար կաշառք վերցնելու համար: Իսկ խուզարկության ընթացքում Մակուխայի կաբինետում ռուսական դրոշներ հայտնաբերվեցին:
Բացի այդ, նախորդ տարվանից Օդեսայում կաշառք վերցնելիս ձերբակալվել էին նաև նոր պարեկային ոստիկանության ներկայացուցիչներ:
Նավահանգիստը նույնը մնաց
Իլյիչևսկի նավահանգստի վերոհիշյալ սկանդալը այդպես էլ ոչնչով չավարտվեց: Նավահանգստի գործունեության ստուգումների՝ Սահակաշվիլիի խոստացած արդյունքներն այդպես էլ չհայտնվեցին, իսկ կառույցը ղեկավարում է նախկին տնօրենի նախկին տեղակալը:
Յուլյա Մարուշևսկայային այժմ շատ հազվադեպ կարելի է ինչ-որ տեղ տեսնել, իսկ Օդեսայում քննարկում են նրան մաքսային ծառայության ղեկավար նշանակելու հնարավոր կոռուպցիոն ենթատեքստը:
Ուկրաինական լրատվամիջոցները հետևյալ վարկածի մասին են գրում.
· Մարուշևսկայան ուկրաինական խոշորագույն հեռուստաընկերություններից մեկի՝ «24»-ի կոմերցիոն տնօրեն Մարկիան Պրոցիվի կինն է.
· Պրոցիվն ուկրաինական «Ինքնօգնություն» կուսակցության առաջնորդ և Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիի ընկերն է:
· Բանասիրական կրթություն ունեցող երիտասարդ ակտիվիստի սրընթաց կարիերային աճը, հնարավոր է, Ուկրաինայի նախագահի կուսակցության և «Ինքնօգնության» միջև պայմանավորվածության արդյունք է:
Վարչական կիսածառայությունների կենտրոն
Օդեսայում հոկտեմբերի 16-ին բացված Վարչական ծառայությունների տրամադրման կենտրոնն այդպես էլ իրավական կարգավիճակ չստացավ: Սկզբում սպասում էին օրենսդրական փոփոխությունների: ՀԵտո կենտրոնի ֆինանսավորման հետ կապված խառնաշփոթ սկսվեց:
Այժմ կենտրոնը միայն ընդունում է քաղաքացիների փաստաթղթերը, տանում է համապատասխան գերատեսչություններ, այնուհետև վերցնում է դրանք և փոխանցում քաղաքացիներին, ընդ որում այն «Պլատինում բանկի» շենքում տարածք վարձակալելու համար ամսական մի քանի միլիոն գրիվնա է «կուլ տալիս»:
Միջազգային լրագրող Ռալֆ Լեոնգարդը «Խվիլյա» պարբերականի համար գրված իր հոդվածում այդ առիթով մտորում է. «Օլիգարխներ Բորիս Կաուֆմանն ու Ադնան Քիվանը, ինչպես ասում են, Սահակաշվիլիի օգնությամբ լավ բիզնես են անում, միաժամանակ նրա համար հնարավորություններ են ստեղծում լյուքս բնակարաններում և մասնավոր ինքնաթիռներով ոչ էժան կյանք վարել»:
Ցանկապատների վերադարձ
Արդեն նախորդ աշնան սկզբում Սահակաշվիլին հայտարարեց, որ իրեն հորդորել են դադարեցնել էքսկավատորների աշխատանքը լողափերին և ամեն ինչ օրինական ճանապարհով անել՝ դատարանի միջոցով:
Օդեսայի մարզպետը մարզի շրջաններից մեկի բնակչի հետ հանդիպմանը հայտարարեց, որ ապօրինի զավթած առափնյա տարածքների ամբողջական ցանկը փոխանցում է դատախազությանը և խախտումները շտկելու համար 2 շաբաթ ժամանակ է տալիս, ինչից հետո կրկին կվերադառնա շինարարական տեխնիկայով: Դա մեկ տարի առաջ էր: Այդ պահից ցանկապատները դադարեցին քանդել, իսկ քանդածների փոխարեն նորերն են կառուցվել:
Այդ թվում վերականգնվել է «Ինֆոքս-ջրմուղ» ընկերության կողմից զավթած առափնյա հատվածի ցանկապատը: Քաղաքի ջրամատակարարմամբ զբաղվող ընկերությունը ծովափին «ջրի որակի վերահսկման լաբորատորիա» է սարքել, որի տարածքում լողավազան կա, մարմարե տաղավարներ, հին հունական արձանների կրկնօրինակներ, ճապոնական «ոսկե ձկնիկներով» լճակ, ինչպես նաև նավամատույցներով մի քանի առանձնատուն: «Լաբորատորիայի» տարածքը 4-մետրանոց ցանկապատով ցանկապատած է:
Պուտինի ընկերները
Ռուսաստանցի կատարողների համերգների չեղարկումից հետո նրանք դարձել են «հանուն Ռուսաստանի տուժածներ», ինչը միայն ավելացրել է հայրենիքում նրանց հայտնիությունը:
Իսկ Տիմատիին պատկանող «Բլեք սթար» (հագուստ) խանութը հանգիստ աշխատում է Օդեսայի կենտրոնում: Իսկ մուտքին ամրացված է ռեփերի հսկայական լուսանկարը:
Հողերը՝ ոչ ժողովրդին
Տեղական ադմինիստրացիաների ղեկավարների ընկերներին և բարեկամներին հող բաժանելու դեմ սկսած արշավն այդպես էլ ոչնչով չավարտվեց: Կրիժանովկայի գյուղապետ Նատալյա Կրուպիցային, որտեղ Սահակաշվիլին սկանդալ սարքեց և կռվեց գյուղապետի կողմնակիցների հետ, խոստացածի համաձայն Սահակաշվիլիի այցի հաջորդ օրը ձերբակալեցին 2,7 մլն գրիվնա [մոտ $119,000] գումար մսխելու կասկածով:
Սակայն նույն օրը նրան գրավի դիմաց ազատ արձակեցին, իսկ ավելի ուշ Նատալյա Կրուպիցան, չնայած իր դեմ հարուցված քրեական գործին, հաջողությամբ վերընտրվեց գյուղապետի պաշտոնում:
Ավելի էկզոտիկ իրավիճակ ստեղծվեց շրջանի մեկ այլ բնակավայրում: Օդեսայի իրավապահների տվյալներով, այնտեղ նույնպես հողը բաժանվել էր բարեկամների միջև: Բնակավայրի ադմինիստրացիայի մոտ եկած շրջանի միլիցիայի ղեկավար Գեորգի Լորտկիպանիձեն Սահակաշվիլիի մեկ այլ համախոհ Մարիա Գայդարի հետ միասին ստիպված են եղել ցրտին 3 ժամ սպասել, որ բնակավայրի ղեկավարին գտնեն: Այնուհետև նա եկել է և հաղորդել, որ նախորդ գիշեր ադմինիստրացիան թալանել են, այդ թվում՝ գողացել են չհրկիզվող պահարանը, որում պահվում էին միլիցիային հետաքրքրող տեղեկատվություն պարունակող փաստաթղթերը: Դրանով ամեն ինչ ավարտվեց:
Հայրենասիրական տարակարծություն
2015թ-ի հունիսի սկզբին Սահակաշվիլին հանդիպեց Օդեսայի հայրենասիրական «Եվրամայդան», «Ինքնապաշտպանություն», «Ավտոմայդան» և Ռուսաստանում արգելված «Աջ սեկտոր» կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա բոլորի ձեռքը սեղմեց և ասաց, որ ուրախ է, որ կարող է հույսը դնել նրանց վրա: Նրանք էլ իրենց հերթին Սահակաշվիլին փոխանցեցին այն անձանց ցուցակներն, ում նրանք կասկածում են անջատողականներին կամ Ռուսաստանի իշխանություններին համակրելու համար:
Օգոստոսի վերջում «Ավտոմայդան» շարժման Օդեսայի հայրենասերները, որոնք ոգեշնչվել էին ապօրինի ցանկապատերը քանդելու Սահակաշվիլիի օրինակից, բուլդոզերով մոտեցել էին քաղաքում որպես Հարի Փոթերի տուն հայտնի ծովափին տեղակայված շքեղ շենքի ցանկապատին, որի տարածքը փակում է լողափը՝ քաղաքացիներին զրկելով լողափից օգտվելու հնարավորությունից:
Պաշտոնապես «ամրոցն» անվանվում է Օդեսայի ազգային իրավաբանական միջազգային հումանիտար ակադեմիայի կրթական-առողջարանային համալիր:
Իսկ ոչ պաշտոնապես այն համարվում է համալսարանի նախագահ Սերգեյ Կիվալովի մասնավոր սեփականությունը, որին օրիգարխ են անվանում՝ վերագրելով Օդեսայի 3 հեռուստաալիքների և շրջանում շինարարական բիզնեսի սեփականություն:
Կիվալովին նաև ոչ պաշտոնապես անվանում են Օդեսայի «Հակամայդանի» գլխավոր գաղափարակիր: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հաղորդել է «Ժամանակն է Օդեսշչինայի համար սահմանադրություն պատրաստել» վերտառությամբ հոդվածի համար Կիվալովի դեմ քննություն սկսելու մասին, որում որոշ մարդիկ Ուկրաինայի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգության կոչեր են նկատել:
Ակտիվիստները բուլդոզերով քանդեցին Կիվալովի «ամրոցի» դարպասները, ինչպես Սահակաշվիլին էր անում: Դրանից հետո նրանց ոստիկանությունը ձերբակալեց, իսկ բուլդոզերի վարորդի դեմ քրեական գործ հարուցեց գույք փչացնելու հոդվածով:
Ցանկապատը միանգամից վերականգնեցին: Հաջորդ օրն «ամրոցի» մոտ եկավ Սահակաշվիլին, և Օդեսայի հայրենասերները նրանից ինչ-որ գործողություն էին սպասում: Սակայն Օդեսայի մարզպետը պարզապես թենիս խաղաց Կիվալովի տան մոտ գտնվող թենիսի կորտում:
Այնուհետև ձերբակալվեցին Օդեսայի «Հակամայդանի» և «Աջ սեկտորի» առաջնորդները: Հայրենասերները սկսեցին դավաճանության մասին խոսել, և Օդեսայում սեփական քայլերթը նախաձեռնեցին, որին ռադիկալ հայտարարություններ արեցին Սահակաշվիլիի և Կիևի հասցեին:
Օդեսայի Պրիմորսկի դատարանում, որտեղ անցկացվում էր կալանավորված առաջնորդների գործով նիստը, տարերային հանրահավաքներ սկսվեցին: Մեքենաների անվադողեր այրեցին, ինչպես Մայդանում:
«Այնպես, ինչպես հիմա երիտասարդությունն արտահայտվում է Պորոշենկոյի և Սահակաշվիլիի մասին, իմ կարծիքով, նույնիսկ Յանուկովիչի մասին չէր արտահայտվում: Դավաճաններին ավելի շատ են ատում, քան թշնամիներին: Այդ պատճառով էլ հեղափոխություն կարող է տեղի ունենալ, որը ավելի լուրջ կլինի, քան եղել է», — ասել է Օդեսայի «Եվրամայդանի» ակտիվիստ Ալինա Պոդոլյանկան:
Ինչ է լինելու հետո
Իր ելույթներում Սահակաշվիլին դեռևս նախորդ ամռանից քննադատում էր Գերագույն Ռադան և երկրի կառավարությանը՝ նրանց մեղադրելով այն բանի համար, թե խանգարում են բարեփոխումներ իրականացնել և պաշտպանում են օլիգարխների շահերը:
2016թ-ին Ուկրաինայի կառավարության փոխվելն ու Սահակաշվիլիի հետ կոնֆլիկտ ունեցած վարչապետ Յացենյուկի հրաժարականը Օդեսայի մարզպետին քաղաքական կշիռ հաղորդեցին:
Օդեսայի շրջանի նախկին դատախազ, Սահակաշվիլիի համախոհ Դավիթ Սակվարելիձեն հայտարարեց, որ Ուկրաինայում նոր քաղաքական կուսակցություն է ստեղծվում, և դրա գլխավոր գործիչներից մեկը Սահակաշվիլին է լինելու:
Մինչև այս տարվա մայիսի 24-ը վերլուծաբանները ենթադրում էին, որ Սահակաշվիլիի նպատակը կամ Նախարարների կաբինետի, կամ Գերագույն Ռադայի անդամ դառնալն է (այդ նպատակով էլ ստեղծվում է կուսակցությունը): Սակայն մայիսի վերջին ինքը Սահակաշվիլին բոլորին զարմացրեց՝ վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը հայտարարելով. «Թող ոչ ոք չկասկածի… ես մտադիր եմ Վրաստան վերադառնալ և ակտիվորեն ներգրավվել գործընթացներին»:
Մարզպետի պաշտոնից հեռանալուց հետո ապագան էլ ավելի անկանխատեսելի դարձավ: