Ի՞նչ է կատարվում լարիի հետ
Լարին հակառեկորդներ է սահմանում: Իշխանությունները կատարվածի պատճառները փնտրում են արտաքին գործոններում: Ի՞նչ է իրականում կատարվում:
Ի՞նչ կատարվեց
Նոյեմբերի 30-ին լարիի պաշտոնական փոխարժեքը դոլարի հանդեպ 2.53-ի էր հասնում: Սա ռեկորդ է, ավելի ճիշտ՝ հակառեկորդ: 1995թ-ին շրջանառության մեջ մտնելուց ի վեր իր պատմության մեջ վրացական ազգային արժույթը երբեք այս աստիճան չէր արժեզրկվել:
Նախքան այդ, ռեկորդային ցուցանիշը 2.50 լարի էր մեկ դոլարի դիմաց, և այն գրանցվել է այս տարվա հունվարի 28-ին:
Լարիի արժեզրկումը սկսվել է 2013թ-ին: Այն ժամանակ մեկ դոլարի դիմաց 1.66 լարի էին տալիս: Դրանից հետո լարին արժեզրկվեց ևս 51%-ով:
Օգոստոսի վերջին դոլարը կարելի էր փոխանակել 2.28 լարի փոխարժեքով, սկսվեց լարիի արժեզրկման երկրորդ ալիքը, որը շարունակվում է մինչ այսօր. դեկտեմբերի 1-ի դրությամբ լարիի փոխարժեքը կազմում է 2.61՝ 1 դոլարի դիմաց:
Ինչպես է ձևավորվում լարիի փոխարժեքը
Վրացական լարին այսպես կոչված ազատ փոխարժեք ունի: Դա նշանակում է, որ այն չի ձևավորվում կամ կառավարվում պետության կամ ազգային բանկի կողմից:
Դոլարի հանդեպ լարիի փոխարժեքը պահանջարկ-առաջարկն է ձևավորում: Եթե բնակչությանն ավելի շատ դոլար է պետք, քան շրջանառության մեջ կա, այդ ժամանակ դոլարը թանկանում է, իսկ լարին՝ արժեզրկվում: Իսկ թե որքան դոլար կա, կախված է այն բանից, թե որքան դոլար է երկիր մտնում և ընդհակառակը՝ դուրս բերվում:
Դոլարի անհրաժեշտությունը պայմանավորվում է ներկրվող ապրանքի ձեռքբերմամբ և պարտքերի սպասարկմամբ:
Լարիի արժեզրկմանը նպաստում է նաև շրջանառության մեջ գտնվող լարիի ծավալի ավելացումը դոլարի անփոփոխ ծավալի դեպքում: Դա նշանակում է, որ բնակչույթան մոտ դոլար գնելու համար լարիի ավելի շատ քանակ կառաջանա:
Փոխարժեքի վրա զգալի ազդեցություն է ունենում նաև բնակչության մոտ փոխարժեքի փոփոխության սպասումը: Օրինակ, եթե բնակչության մոտ լարիի արժեզրկման և դոլարի թանկացման սպասում է հայտնվում, ապա նա սկսում է ավելի շատ դոլար գնել, քան տվյալ պահին անհրաժեշտ է՝ դրանով իսկ լարիի արժեզրկման բերելով:
Ինչո՞ւ է լարին արժեզրկվում
Որքան դոլար Վրաստան կմտնի և դուրս կբերվի, զգալիորեն կախված է արտաքին գործոններից: Իրենց հերթին, դոլարային հոսքերը պայմանավորված են արտաքին առևտրով (արտահանում-ներմուծում), զբոսաշրջությամբ, էմիգրանտների դրամական փոխանցումներով, արտասահմանյան գրանտերով, ներդրումներով և փոխառություններով:
Վիճակագրական առումով դոլարի ներմուծումն ու դուրսբերումն ամբողջությամբ հաշվի է առնում այսպես կոչված վճարային հաշվեկշիռը, որը Վրաստանում հրապարակվում է միայն եռամսյակը մեկ, այն էլ 3 ամսվա ուշացմամբ: Օրինակ, այսօր մենք գիտենք, թե ինչ էր երկրում տեղի ունենում հունիսին: Փոխարենը, այն, ինչ տեղի է ունենում նոյեմբերին, կիմանանք միայն հաջորդ տարվա մարտին:
Վրաստանն ավելի շատ դոլար է կորցնում ապրանքի արտաքին առևտրում: 2014թ-ին ներկրումը գերազանցել է արտահանումը 4.2 մլրդ դոլարով, այսինքն՝ առևտրային գործարքների արդյունքում երկրից 4.3 մլրդ դոլար ավել է դուրս բերվել, քան ներմուծվել: 2015թ-ին բացասական առևտրային հաշվեկշիռն աճել է մինչև 4.4 մլրդ դոլար: Իսկ 2016թ-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին՝ մինչև 4.5 մլրդ դոլար: 2015թ-ին, ի տարբերություն 2014թ-ի, Վրաստանի ապրանքային արտահանումը կրճատվել է 1.1 մլրդ դոլարով:
Վրաստանում ներկրումն առանց այդ էլ գերազանցում էր արտահանումը, և երկրից միլիարդավոր դոլարներ էին դուրս հոսում, սակայն այդ կորուստները ծածկվում էին այլ աղբյուրների հաշվին: Վերջին 2 տարվա ընթացքում մոտ 400 մլն դոլարով կրճատվել են արտասահմանից եկող ֆինանսական փոխանցումները. սրանք այն երկու գլխավոր պատճառներն են, որոնց հետևանքով Վրաստանը մոտ 1.5 մլրդ դոլար կորցրեց, ինչն էլ իր հերթին լարիի արժեզրկման հանգեցրեց:
2013թ-ի համեմատ, 2015-2016թթ-ին Վրաստանում ավելացել է զբոսաշրջիկների թիվը, արտասահմանյան ներդրումների և փոխառությունների ծավալը, սակայն այս հոդվածներով մուտքերը բավարար չեն եղել վերոնշյալ կորուստները ծածկելու համար, և լարին արժեզրկվել է:
2016թ-ի ամռանը լարին սկսեց ամրապնդվել, և փոխարժեքը հասավ 2.13-ի՝ 1 դոլարի դիմաց: Այն բանից հետո, երբ հրապարակվեց վճարային հաշվեկշիռը, պարզվեց, որ լարիի փոխարժեքի ամրապնդումը տեղի է ունեցել հիմնականում արտաքին պարտքի ավելացման հաշվին: Միաժամանակ շրջանառության մեջ գտնվող լարիի ծավալների կրճատում է տեղի ունեցել, այսինքն, մարդկանց մոտ պակասել է դոլարի գնման համար նախատեսված լարիի քանակը:
Ի՞նչ է տեղի ունենում օգոստոսից հետո, ինչո՞ւ է լարին շարունակում արժեզրկվել
Սպառիչ պատասխան այս հարցը դեռ չունի: Չնայած որ որոշակի եզրակացություններ արդեն կարելի է անել. հայտնի է, որ 2015թ-ի համեմատ, վերջին ամիսներին արտաքին առևտրային հաշվեկշռի և արտասահմանից եկող դրամական փոխանցումների հետ կապված իրավիճակը չի վատացել: Ավելացել է զբոսաշրջային հոսքը: Դրանից ելնելով՝ կարող ենք ենթադրել, որ խնդիրն արտասահմանյան ներդրումների և ֆինանսավորման (փոխառություններ, գրանտեր) կրճատման մեջ է: Ֆինանսավորման կրճատմանն է մատնանշում նաև այն, որ կառավարությունը բյուջեի աջակցման համար դոնորների կողմից տրամադրած 200 մլն վարկն ու գրանտը չի իրացրել:
Քանի որ երկրի բյուջեն 200 մլն դոլար ծավալով մուտքերի պակաս է զգացել, կառավարությունն այդ գումարը որոշել է փոխհատուցել ներքին պարտքի՝ պլանավորվածից շատ ավելացմամբ, ինչը նույնպես բացասական ազդեցություն է ունեցել լարիի փոխարժեքի վրա:
Վերջին 7 ամիսներին շրջանառության մեջ գտնվող լարիի ծավալն ավելացել է մոտ 1 միլիարդով, ինչն ավելացրել է դոլարի պահանջարկը: Իշխանությունները գիտեն, որ դրամական զանգվածի ավելացումը բացասական ազդեցություն կունենա փոխարժեքի վրա, սակայն այլ ճանապարհ դեռևս չկա: Եթե լարիի զանգվածը չավելացվի, տնտեսությունը չի աճի, ավելին, ռեցեսիայի վտանգ կա, ինչը կբերի բնակչության եկամուտների կրճատման և գործազրկության ավելացման:
Իրավիճակը բարդացնում է նաև այն, որ լարիին զուգահեռ արժեզրկվում է նաև առևտրային գործընկեր-երկրների արտարժույթը, ինչը հանգեցնում է վրացական արտադրանքի արտահանման ավելացմանն ու խոչընդոտում է մեծ եկամուտներ ստանալուն:
Լարիի արժեզրկման արդյունքները
Լարիի արժեզրկումը մի քանի բացասական հետևանք ունեցավ.
1. Դոլարով վարկ ունեցողների ու լարիով եկամուտ ստացողների համար դժվար կլինի իրենց պարտքը սպասարկել;
2. Թանկանում է Վրաստանի արտաքին պարտքի սպասարկումը;
3 Բարձրանում է ապրանքի արժեքը;
4. Ավելանում է անորոշության մակարդակը, երկրում ավելանում են ռիսկերի մակարդակներն, ինչը խանգարում է երկրի զարգացմանը:
Վրաստանում վարկերի 65%-ը դոլարային է: Այսօր պարտքերի կամ վարկերի յուրաքանչյուր 100 դոլարը ծածկելու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք պետք է 95 լարիով ավելի շատ գումար ունենան, քան 2013թ- վերջին:
Վրաստանի արտաքին պետական պարտքը կազմում է 4.4 մլրդ դոլար: Այն վճարվում է բյուջեի հաշվին: Բյուջեի մուտքերը լարիով են տեղի ունենում, հետևաբար այժմ արտաքին պարտքի վճարման համար լարիի մեծ ծավալ է պետք մոբիլիզացնել:
Աճել են ինչպես արտաքին, այնպես էլ տեղական ապրանքների գները, քանի որ տեղական արդյունաբերության մեջ հիմնականում ներկրված հումք է օգտագործվում, կամ արտադրողի փոխառությունները դոլարով են: Վերջին 3 տարիներին Վրաստանում գներն աճել են մոտ 12%-ով:
Ի՞նչ պետք է անի կառավարությունը
Նոյեմբերի 29-ին կառավարությունը գործողությունների ծրագիր ներկայացրեց, որը պետք է կանգնեցնի լարիի արժեզրկումը: Ակցիզի արժեքի բարձրացմամբ (կթանկանան ծխախոտային արտադրանքի, նավթամթերքի ակցիզները) կառավարությունը կսահմանափակի ներկրման ծավալներն ու բանկային դոլարային վարկերի տրամադրումը: Բանկերը ստիպված կլինեն բնակչությանը տրված արտարժութային վարկերը լարիի փոխակերպել:
Այս գործողությունները դրական ազդեցություն կունենան լարիի փոխարժեքի վրա, չնայած որ հիմնականում կխոչընդոտեն երկրի տնտեսական զարգացմանը:
Կառավարությունը չկարողացավ այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք երկրի տնտեսական զարգացման բարձր տեմպեր կապահովեին, և լարիի փոխարժեքի ամրապնդումը տեղի կունենար հենց այդ ճանապարհով:
Կառավարությունը լարիի փոխարժեքի վրա ազդելու երկու մեթոդ կարող է կիրառել.
1. Պետական բյուջե
Անհրաժեշտ է բալանսավորված կամ նվազագույն պակասորդով բյուջե մշակել, պետք է կրճատել ընթացիկ ծախսերը (օրինակ, վարչական ծախսերը) և չավելացնել ներպետական պարտքը:
2. Բիզնես-միջավայրի բարելավում
Պետք է հասնել արտասահմանյան ներդրումների ծավալների ավելացմանն և արագացնել ապրանքների ու ծառայությունների արտահանման աճը:
Հրապարակվել է 1.12.2016