ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնազերծած և առցանց հասանելի դարձած փաստաթղթերից մեկը, ավելի ստույգ 1950 թվականի հունվարի 18-ի փաստաթուղթը վկայում է, որ Խորհրդային Միության առաջին ատոմային ռումբը ստեղծվել է Հայաստանում:
Այն կառուցվել է Հայաստանում 1949 թվականի փետրվարին, իսկ առաջին պայթյունն իրականացվել է Արևելյան Ուրալում 1949 թվականի հուլիսի 10-ին: Ամերիկյան և բրիտանական հետախուզությունները պայթյունի մասին առաջին տեղեկությունները ստացել են նույն թվականի սեպտեմբերին:
Ինչպես գրում է Lragir.am-ը, Խորհրդային Միությունում ատոմային ռումբ ստեղծելու վերահսկողությունը դրվել էր գաղտնի ոստիկանության ղեկավար Լավրենտի Բերիայի վրա, ում Ստալինը գործողությունների լիարժեք ազատություն էր տվել:
Պոլիտբյուրոն որոշել էր ատոմային զենք ստեղծել՝ օգտագործելով գերի վերցված գերմանացի գիտնականներին և ԱՄՆ-ից ու Կանադայից ստացված գաղտնի տեղեկությունները: Ատոմային ռումբի ստեղծման գործարանը կառուցվել է 6 քարանձավներում: Այն կառուցել են պատերազմի գերմանացի գերիները՝ համաձայն գերմանացի մասնագետների պլանի: Գործարանի հաստոցների մի մասը պատվիրվել է տեղական գործարաններում, մյուս մասն էլ Գերմանիայից է ներմուծվել: Շինարարությունը սկսվել է 1947 թվականին:
1948 թվականի հունվարին Գերմանիայի Սաքսոնիա շրջանից և Չեխոսլովակիայից սկսվել է ուրանի տեղափոխությունը:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության մամուլի ծառայության համաձայն, գաղտնազերծվել է 13 միլիոն էջ փաստաթուղթ: Նախկինում այդ փաստաթղթերը հասանելի են եղել միայն Մերիլենդի Ազգային արխիվում: