Միլիոնավոր դոլարների գույք և ոչ միայն. Tl-ը՝ վրացի պաշտոնյաների ստացած նվերների մասին
Transparency International-ի ուսումնասիրությունը Վրաստանում
Transparency International Georgia (TI) կազմակերպությունը հայտարարել է, որ շարունակում է վրացի պաշտոնյաների հայտարարագրած նվերների ուսումնասիրությունը: Կազմակերպության ներկայացրած նոր տվյալների համաձայն՝ 2025 թ.-ի սեպտեմբերից մինչև 2026 թ.-ի ապրիլ ընկած ժամանակահատվածում 379 պաշտոնյա ստացել է 24 միլիոն լարի (մոտ 8.7 միլիոն դոլար) ընդհանուր արժողությամբ նվերներ:
Ուսումնասիրության համաձայն՝ նվերները եղել են տարբեր, այդ թվում՝ դրամական միջոցներ, անշարժ գույք, ավտոմեքենաներ, զենք և զարդեր:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին մեկնաբանել է ուսումնասիրության արդյունքները՝ կազմակերպությանը մեղադրելով տվյալները մանիպուլացնելու մեջ:
Անշարժ գույք և դրամական միջոցներ
Ըստ TI-ի՝ պաշտոնյաներն ամենից հաճախ նվերներ են ստանում անշարժ գույքի տեսքով։
2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի ապրիլը 100 պաշտոնյա ստացել է ավելի քան 12 միլիոն լարի (մոտ 4.35 միլիոն դոլար) ընդհանուր արժողությամբ անշարժ գույք։ Դրանց շարքում էին 48 բնակելի տուն և 69 հողամաս։
Նույն ժամանակահատվածում 233 պաշտոնյա ստացել է ընդհանուր առմամբ 11 միլիոն լարի (մոտ 4 միլիոն դոլար) դրամական միջոցներ։ Մեկ անձի համար միջին գումարը կազմում է մոտ 47.000 լարի (մոտ 17.000 դոլար), սակայն 28 պաշտոնյա հայտարարագրել է 100.000 լարիից (մոտ 36.000 դոլար) ավելի դրամական միջոցներ։
Ուսումնասիրության համաձայն՝ դրամական միջոցների մի մասը հայտարարագրվել է արտարժույթով։ Ստացված 11 միլիոն լարիից (մոտ 4 միլիոն դոլար) 5.6 միլիոն լարին (մոտ 2.03 միլիոն դոլար) գրանցվել է դոլարով, իսկ 1.7 միլիոն լարին (մոտ 616.000 դոլար)՝ եվրոյով։
Նվերների ցանկում ներառված են եղել նաև 28 մեքենա և 6 զենք։
Կազմակերպության տվյալներով՝ պաշտոնյաներն իրենց նվերների մեծ մասն ստացել են ընտանիքի անդամներից։
Ըստ ուսումնասիրության՝ ընդհանուր արժեքի 60.78%-ը, այսինքն՝ 14.9 միլիոն լարի (մոտ 5.4 միլիոն դոլար) արժողությամբ նվերներն ստացվել են ծնողներից։
Պաշտոնյաները 4.3 միլիոն լարիի (մոտ 1.56 միլիոն դոլար) արժողությամբ նվերներ են ստացել եղբայրներից և քույրերից, 2.4 միլիոն լարիի (մոտ 870.000 դոլար)՝ այլ ազգականներից և 1.3 միլիոն լարիի (մոտ 471.000 դոլար) արժողությամբ նվերներ՝ իրենց երեխաներից։
Ամենաշատ նվերներն ստացել են ՆԳՆ աշխատակիցները
Ուսումնասիրության համաձայն՝ հայտարարագրված նվերներ են ստացել 158 տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Ներքին գործերի նախարարությունն ստացել է թվով ամենաշատ նվերները, մասնավորապես՝ 46 աշխատակից հայտարարագրել է ընդհանուր 2.3 միլիոն լարիի (մոտ 833.000 դոլար) նվերներ։
Երկրորդ տեղում Արտաքին գործերի նախարարությունն է, որի աշխատակիցները ստացել են 2 միլիոն լարիի (մոտ 725.000 դոլար) նվերներ։
Երրորդ տեղում է Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը, որի 9 աշխատակիցներ ստացել են 1.6 միլիոն լարիի (մոտ 580.000 դոլար) նվերներ։
Ո՞վ է ստացել ամենաթանկարժեք նվերները
TI-ն բացահայտել է տասը պաշտոնյայի, որոնք ստացել են ամենաթանկարժեք նվերները:
Առաջին տեղում արտաքին գործերի նախարարության ներքին աուդիտի վարչության պետի տեղակալ Թամար Դոլիձեն է, որն ստացել է 930 060 լարի (մոտ 337 հազար դոլար) արժեցող նվեր։
Նրան հաջորդում է Խոնսկի քաղաքային խորհրդի հանձնաժողովի նախկին նախագահ Դեմուր Սուլաբերիձեն, որն ստացել է 900 000 լարի (մոտ 326 հազար դոլար) արժեցող նվեր։
Երրորդ տեղում Գյուղերի զարգացման գործակալության տնօրեն Զուրաբ Գոզալիշվիլին է՝ 800 000 լարի (մոտ 290 հազար դոլար) արժեցող նվերով։
Շալվա Պապուաշվիլի. «Մանիպուլյացիա է և ֆարս»
Ըստ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի՝ խոսքը հայտարարագրված նվերների մասին է, որոնք որպես ապօրինի եկամուտ ներկայացնելը սխալ է։
«Կան տասնյակ հազարավոր պետական ծառայողներ։ Ամուսնու կողմից կնոջը, երեխայի կողմից ծնողին կամ ծնողի կողմից երեխային տրված նվերներն ամբողջականացնելն ու դրանք թվերով ներկայացնելը մանիպուլյացիա և ֆարս է»,- հայտարարել է Պապուաշվիլին։
Նա հավելել է, որ եթե որևէ գումար կամ գույք ձեռք բերվեր անօրինական ճանապարհով, պաշտոնյաները չէին հայտարարագրի այն։
«Մենք խոսում ենք հայտարարագրված նվերների մասին։ Եթե ինչ-որ բան ապօրինի եկամուտ է, ոչ ոք այն չէր հայտարարագրի։ Եթե այն ներառված է հայտարարագրում, ինչպե՞ս կարող է լինել ապօրինի»,- հարցրել է խոսնակը։
Պապուաշվիլին նաև քննադատել է TI-ի գործունեությունը՝ պնդելով, որ կազմակերպությունը երկրի դեմ «հիբրիդային պատերազմի զենք» է։ Նրա խոսքով՝ կազմակերպության ֆինանսավորման աղբյուրները պետք է հրապարակվեն, իսկ արտաքին աջակցության հարցը պետք է քննարկվի թափանցիկ կերպով։
«Նա, ով այսօր ֆինանսավորում է Transparency International-ը, հիբրիդային պատերազմ է մղում Վրաստանի դեմ»,- պնդել է Պապուաշվիլին։
Կազմակերպությունն իր հերթին հայտարարել է, որ ուսումնասիրությունը հիմնված է պաշտոնյաների՝ հրապարակային հայտարարագրերում ներկայացրած տվյալների վրա և նպատակ ունի բացահայտել պետական հատվածում առկա գույքային շահերն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Transparency International-ի ուսումնասիրությունը Վրաստանում