Վրաստանում «Հեռարձակման մասին» օրենքի փոփոխություն
Transparency International Georgia (TI) կազմակերպությունը հայտարարել է, որ «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած «Հեռարձակման մասին» օրենքի փոփոխություններն ակնհայտորեն հակասում են խոսքի ազատության միջազգային չափանիշներին և ավելի կվատթարացնեն քննադատաբար տրամադրված ԶԼՄ-ների վիճակը Վրաստանում:
«Հեռարձակման մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ հեռարձակողին կարգելվի «օտարերկրյա ուժից» ստանալ ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորում՝ լինի դա դրամական միջոց կամ այլ նյութական բարիք՝ գույքային արժեքով:
Հեռարձակողներին կարգելվի նաև ստանալ ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորում՝ եթերում սոցիալական գովազդի հեռարձակման դիմաց:
«Օտարերկրյա ուժին» իր հերթին կարգելվի գնել հեռարձակողի ծառայությունները, ինչպես նաև ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորել կամ համաֆինանսավորել հաղորդումների պատրաստումը:
TI-ն գտնում է, որ այս փոփոխությունների հիմնական նպատակն է «թուլացնել կամ լիովին վերացնել անկախ հեռարձակող լրատվամիջոցները՝ սահմանափակելով նրանց ֆինանսական եկամտի աղբյուրները»:
«Հաշվի առնելով, որ միջազգային հանրությունը խոսում է Վրաստանի քաղաքացիական հասարակությանն ու հատկապես վրացական լրատվամիջոցներին աջակցելու մասին, նման նորմերի ներդրման արդյունքում անկախ ԶԼՄ-ներն այլևս չեն կարողանա ստանալ ֆինանսական և այլ տեսակի օգնություն: [Ուստի] Սա առաջին հերթին ընկալվում է որպես վրացական լրատվամիջոցներին ցուցաբերվող միջազգային աջակցությանը իշխող կուսակցության պատասխան»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Transparency International-ը կարծիք է հայտնում, որ վրացական կառավարությունը մտադիր է ավելի ճնշել քննադատական ձայները և բարենպաստ պայմաններ ստեղծել ռուսական և հակաարևմտյան քարոզչության ու ապատեղեկատվության տարածման համար:
«Թուլացնելով լրատվական դաշտի անկախ հեռուստաալիքները կամ դրանք լիովին դաշտից վտարելով, ինչպես նաև սահմանափակումներ մտցնելով արևմտյան լրատվամիջոցների հաղորդումների համար, իշխանությունները շահեկան դիրքում կդնեն այն հեռուստաալիքները, որոնցից հեռուստադիտողները հիմնականում ստանում են ապատեղեկատվություն և հակաարևմտյան հռետորաբանություն:
Եթե մինչ այժմ հասարակության՝ իշխանությունների նկատմամբ քննադատաբար տրամադրված հատվածը քննադատական հեռուստաալիքների՝ ակնհայտ հակառուսական բովանդակությունն օգտագործում էր որպես պետական հեռուստաալիքներով տարածվող հակաարևմտյան և ռուսամետ պատումների հակակշիռ, ապա այսուհետ հասանելիությունը նման քննադատական բովանդակությանը էապես կսահմանափակվի»,- գրում է միջազգային կառույցը: